Հայհոյանքի հարթակ

Հայհոյանքի հարթակ

Շատ լավ է, որ երկրիս վարչապետը շփվում է ՀՀ քաղաքացիների հետ՝ լայվ է մտնում պարբերաբար, բանաստեղծություններ գրում ու հրապարակում, ֆեյսբուքյան էջ պահում, որի միջոցով կարող են իրեն նամակներ գրել եւ պատասխաններ ստանալ։ Բայց երբ վարչապետի պաշտոնական էջը դառնում է մարդկանց հայհոյելու, վիրավորելու հարթակ, իսկ նրա էջը սպասարկողները չեն հեռացնում այդ հայհոյանքները, խայտառակություն է։ Ցանկացած մարդ կարող է մտնել «Նիկոլ Փաշինյան» ֆեյսբուքյան պաշտոնական էջը եւ համոզվել, որ դրա միջոցով չարություն, ատելություն, հայհոյանք ու անգրագիտություն է տարածվում։ Ցանկացած գրառում, որ կատարում է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, դառնում է բուռն քննարկման առարկա, եւ վայն էկել-տարել է նրան, ով կհամարձակվի չհամաձայնել կամ չհավանել ՀՀ վարչապետի գրառումը, քննադատել նրան։ Ով ուզում է լինի՝ կին, թե տղամարդ։

Ուզում էի մի քանի մեջբերում անել այդ «քոմենթներից», սակայն սեռական բնույթի հայհոյանքները մեջբերման ենթակա չեն՝ դրանք ոչ միայն անչափահասների, կանանց ականջների համար չեն, այլեւ ոչ մի նորմալ հասարակության մեջ ընդունված չէ նման խոսքը հրապարակայնացնել։ Ստացվում է՝ վարչապետի պաշտոնական էջը ոչ թե հանրային շփման հարթակ է, այլ այլասերվածության, մարդկանց իրար դեմ հրահրելու, չարացնելու, թշնամացնելու միջոց։ Եթե նման ամենաթողություն տիրեր լրատվամիջոցների կայքերում, որտեղ եւս մարդիկ «քոմենթներ» գրելու հնարավորություն ունեն, ապա մեզ դատի կտային, անարգանքի սյունին կգամեին, Աստծո ամեն օր ամոթանք կտային, կմեղադրեին էթիկայի եւ բարոյականության նորմերը խախտելու՝ նման այլանդակ տեքստերը չջնջելու, մարդկանց արժանապատվությունը ոտնահարելու, զգացմունքները վիրավորելու համար։ Իսկ ՀՀ վարչապետին, փաստորեն, թույլատրված է։