Ձեզ հաճելի՞ է, որ զորավարը գլուխը կախ կանգնած է նկուղում

Ձեզ հաճելի՞ է, որ զորավարը գլուխը կախ կանգնած է նկուղում

Գարեգին Նժդեհի հանդեպ սերն ու ակնածանքը ստիպեցին քաղաքացի Սուրեն Բարումյանին նախաձեռնել զորավարի մոմե արձանի պատրաստումը, որը 10 տարի առաջ՝ ընկերոջ միջոցով, իրականացրեց Ռուսաստանում, ապա տեղափոխեց Հայաստան։ Մինչ Հայաստան տեղափոխելը, քաղաքացի Բարումյանն իր գաղափարով կիսվում է Ժողովրդական արվեստի թանգարանի այն ժամանակվա տնօրեն Սարո Սարուխանյանի հետ, ով, ինչպես Բարումյանն է ընդգծում, խանդավառվում է գաղափարով եւ առաջարկում հենց իրենց թանգարանում արձանը ներկայացնել։

«Ասեցի՝ կարո՞ղ ա ձեր պրոֆիլը չէ, ասեց՝ չէ, հենց այստեղ էլ թող լինի։ Հետո միասին քննարկեցինք նրա նկարները, մի տեղ Նժդեհի բեղերը վեր են, մի ուրիշ տեղ՝ ներքեւ, մի այլ տեղ՝ յափնջիով, մազերը երկար, բայց որոշեցինք այնպես անել, որ հետագայում փոփոխության տեղ թողնենք, դրա համար մազերը սկզբից երկար արվեցին, որովհետեւ ինքը զորավար լինելուց բացի նախեւառաջ արվեստագետ էր,- ասում է Բարումյանն ու ներկայացնում մոմե արձանը քանդակելու իր դրդապատճառները։- Որպեսզի մարդիկ կիլոմետրերով գրականություն կարդալու փոխարեն միանգամից արձանի վրա դաստիարակվեն»։

Արձանի երկարությունն իր հասակի չափ է՝ ասում է Բարումյանն ու անկեղծանում․ «Հագուստն էլ իմ հագով կարվեց։ Տեսքը՝ ոնց որ նորմալ կենդանի մարդ, մազերը կրակած են, աչքերը բժշկական պրոթեզներ են, իմ ռուս ընկերներից մեկը քանդակեց»։ Պատմում է, որ մինչեւ թանգարան տանելը արձանն իր տանն էլ է մնացել․ «Հարեւանները պատուհանից տեսել ասել էին՝ տանը մարդ կա»։ Ժողովրդական արվեստի թանգարանում խնդիրներ են առաջանում, երբ Սարուխանյանին փոխարինում է նոր տնօրենը՝ Հովիկ Հովեյանը․ «Հանկարծ իմանում եմ, որ Նժդեհի արձանը գտնվում է նկուղում, ինչը հակացուցված է արձանի պահպանության համար»։

Նժդեհի արձանի հաջորդ հանգրվանը «Մայր Հայաստան» թանգարանում էր։ Բարումյանը ծանոթանում է թանգարանի նախկին տնօրեն Ավագ Հարությունյանի հետ, ով Սարուխանյանից ավելի էմոցիոնալ է արձագանքում եւ առաջարկում արձանը տեղափոխել իրենց թանգարան․ «Շատ լավ ընդունեցին, բայց մենք որ տարանք, արդեն վնասվածքներ կային»։ Այստեղ նախորդ պատմությունն է կրկնվում․ նոր տնօրեն է գալիս, որն էլի արձանն իջեցնում է նկուղ. «Պատճառաբանեցին, որ վիճակը վատ է, արձանի գլուխն է ընկել, բայց գլուխը չէր կարող ընկնել, որովհետեւ շպիլի վրա է։ Վերջին անգամ անցած տարի եմ արձանը տեսել, զանգեցի տնօրենին, ասեցի՝ արձանի վիճակը վատ է, ոտքերը վնասված էին, ասեցի՝ ձեզ հաճելի՞ է, որ ձեր զորավարը գլուխը կախ կանգնած է»։

Բարումյանն ասում է, որ թեեւ շրջանառում են, որ ինքը 3 հազար դոլար է ուզել արձանի վերականգնման համար, բայց դա այդքան էլ այդպես չէ, որովհետեւ կոնկրետ թիվ չի ասել։ «Եթե այսօր դրոշն անկյունում տեսնելով՝ մարդուն գործից հանում են, որովհետեւ դա հարգանք չի, բա նկուղում ձեր զորավարին էդպես տեսնելը հարգա՞նք է, ես ոչ մեկից փող չեմ ուզում, ուղղակի բարձրաձայնում եմ, որ պետք է այն վերականգնել»,-ասում է Բարումյանն ու ընդգծում, որ արյան կանչը դրդեց զորավարի մոմե արձանը քանդակել ու Հայաստան բերել, որտեղ, սակայն, նրան չէին սպասում․ «Մոմե արձանների միջոցով այսօր անգամ ղազախներն են իրենց զորավարներին ներկայացնում, ինչո՞ւ մենք չանենք ու մերը չներկայացնենք»։

Արձանը գտնվում է ոչ թե թանգարանի նկուղում, այլ՝ պահեստում․ պարզաբանում է «Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանը, իսկ պահեստում է հայտնվել, որովհետեւ «տաքությունից մոմը հալվել է, եւ գլուխը կռացել-իջել է, վախեցանք, որ գլուխը կընկնի վրայից, դրա համար իջեցրել ենք պահեստ։ Հեղինակին կանչեցինք-խնդրեցինք, որ գոնե գլուխն ուղղի՝ նորմալ կանգնի, բայց 3 հազար դոլար փող ուզեց։ Մենք 3 հազար դոլար որտեղի՞ց գտնեինք, հո ես իմ գրպանից չէի՞ տալու։ Տեղեկացրել ենք ղեկավարությանը եւ սպասում ենք, թե ինչ կորոշեն»։ Տնօրենը պնդում է, որ Բարումյանը հենց 3 հազար դոլար է պահանջել արձանի վերականգնման համար։

«Ես էլ ասեցի՝ երեւի մի 100 դոլար փող կուզի, տրամադրված էի, որ իմ գրպանից այդ գումարը տայի՝ վիզն ուղղեր գնար, բայց որ 3 հազար դոլար ուզեց, լեզուներս կծեցինք։ Մի անգամ ինքը եկավ, արձանի կրունկների տակ ինչ-որ բան դրեց, բայց դրանից վիզը չուղղվեց»,- ասում է տնօրենն ու նշում, որ արձանը թանգարանում հաշվառված չէ, ըստ այդմ՝ պատասխանատվություն չեն կրում։ «Եթե նույնիսկ դա ներկայացնեմ նախարարին, դա մեր վրա ամրագրված չէ, թեպետ բանավոր ներկայացրել եմ, բայց դեռ սպասում ենք։ Մենք, անկեղծ ասած, սպասում էինք, որ ինքը կգա, լեզու կգտնենք իրար հետ, հատկապես այն, ինչը վերաբերում է ազգային արժեքներին։ Բայց իր հետ չկարողացանք լեզու գտնել, երեւի ուզում էր մեծ գումարներ աշխատել, որոնք մենք իրեն չենք կարող տալ»,- ասում է թանգարանի տնօրենն ու նկատում, որ արձանը բոլորովին էլ նման չէ Նժդեհին, ոնց որ «Սուրիկը լինի՝ հենց ինքը»։