Արամ Ա-ն շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հայաստանում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների առիթով

Արամ Ա-ն շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հայաստանում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների առիթով

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն շնորհավորական նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով։ Նամակը հրապարակվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքում։ Նամակում մասնավորապես ասված է

«Մեծայարգ Տիար Արմէն Սարգսեան

Նախագահ Հայաստանի Հանրապետութեան

Երեւան

 

Վսեմաշուք Պրն. Նախագահ,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ ու քրիստոնէական ջերմ սիրով կ՚ողջունենք Ձեզ ու հայրենի մեր սիրելի ժողովուրդը։

Կիրակի, 9 Դեկտեմբեր 2018 նշանակալից օր մըն էր Հայաստանի համար։ Մեր ժողովուրդը իր հաւաքական կամքը արտայայտեց նոր Ազգային Ժողովի ընտրութեամբ՝ ի խնդիր ազատ, ժողովրդավար ու հզօր Հայաստանի։ Ժողովուրդի կամքը նաեւ արդա՛ր սպասումն է, ունենալ այնպիսի հայրենիքի մը, ուր ընկերային /սոցիալական- խմբ․/ արդարութիւնը, տնտեսական զարգացումը, ժողովուրդին կենսամակարդակի բարելաւումը, օրէնքով բազմակարծիքութեան երաշխաւորումը, օրէնքի իշխանութեան ամրապնդումը վերածուին թափանցիկ եւ համարատու /հաշվետու- խմբ/ գործընթացքներու ու ծրագիրներու։

Արտաքին ճակատի վրայ, Արցախի անկախութեան ամրապնդումը, հայոց ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման մեր ժողովուրդի պահանջքի հետապնդումը, ինչպէս նաեւ Արեւելքի եւ Արեւմուտքի մեր բարեկամներու ու գործակիցներու ծիրին ընդլայնումը, վստահաբար առաջնահերթ տեղ պիտի գրաւեն Հայաստանի դիւանագիտական յարաբերութիւններու օրակարգին վրայ։

Սփիւռքը, Արցախի կողքին, որպէս անբաժան մասը Հայաստան աշխարհի, անհրաժեշտ է որ, ինչպէս յաճախ կը շեշտենք Մեր պատգամներուն մէջ, սոսկ բարեգործի ու ներդրողի դերէն անդին՝ համահայկական օրակարգերու քննարկումի ու որոշման մասնակցողի գործօն դերակատարութիւն ստանձնէ։

Սիրելի՛ Պարոն Նախագահ, Մեր համոզումով, նման աշխատանքներու կատարումով ու ծրագիրներու իրագործումով եւ մեր ժողովուրդին յանձնառու մասնակցութեամբ կրնանք Հայաստանը առաջնորդել դէպի առաւել հզօրացում՝ իր առողջ տնտեսութեամբ, արի բանակով ու պետական կազմակերպ կառոյցներով։

Ջերմօրէն կը շնորհաւորենք հայրենի մեր սիրելի ժողովուրդը։ Թող Աստուած ամուր պահէ ու պահպանէ մեր սիրելի հայրենիքը։

Հայրական ջերմ սիրով,

 

Աղօթարար՝

Արամ Ա. Կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիոյ»