Հայաստանն ու Արցախը պետք է միավորվեն, բայց դա պրոցես է, ոչ թե լոզունգ ու մի ստորագրության պատմություն

Հայաստանն ու Արցախը պետք է միավորվեն, բայց դա պրոցես է, ոչ թե լոզունգ ու մի ստորագրության պատմություն

Արցախում 2 տասնյակից ավելի քաղաքական և հասարակական ուժեր հանդես են եկել «Միացում» միավորումը ստեղծելու մասին հայտարարությամբ, որի տակ ստորագրել են «Անկախության սերունդ», «Հոգեւոր վերածնունդ»,«Միացյալ Հայաստան», «Ինքնություն եւ միասնություն», «Սասնա ծռեր» արցախյան կուսակցությունները, «Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբը, «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը և հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող տարբեր սուբյեկտներ․ «Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»,«Լեռնահայաստան» և  «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ-ները և տարբեր անհատներ՝ Գագիկ Ավանեսյան, Հադրութ, Նունե Առաքելյան, Ստեփանակերտ, Հրաչյա Արզումանյան, «Աշխարհ» ռազմավարական կենտրոն, Կառլեն Գեւորգյան, Ստեփանակերտ, Մխիթար Գրիգորյան, Ստեփանակերտ, Ռուսլան Իսրայելյան, ԱԺ պատգամավոր, Արկադի Կարապետյան, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Տիգրան Կյուրեղյան, Բերձոր, Իրենա Հարությունյան, Ստեփանակերտ, Մոնթե Մադոյան, Ստեփանակերտ, Ռոքսանա Սարսյան, Ստեփանակերտ, Բալասան Վանյան, Մարտակերտ, Ալեքսանդր Քանանյան, Քարվաճառ: Նշենք, որ միավորման մասին հայտարարություններն ու կոչերը վերջին շրջանի քաղաքական թրենդն են, և երեկ այս մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև Արամ Ա կաթողիկոսը։ Hraparak.am-ը զրուցել է շարժման համակարգող Հրաչյա Արզումանյանի հետ։

- Պարոն Արզումանյան, բնականաբար, «միացում» բառը հուշում է, որ հռչակված նպատակը Հայաստանի հետ միացումն է։

- Ոչ թե Հայաստանին միացման (հենց այս պահին), այլ այն, որ մենք պետք է շարունակենք այն պրոցեսը, որը եղել է 89-90-ական թվականներին։ Սա մի պրոցես է, ճանապարհ, որը պիտի անցնենք, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնների ճնշման տակ մենք հիմա ունենք 2 պետություն և նորից պետք է վերահաստատենք, որ վերջնական գաղափարն ու նպատակը մնում է միացումը։ Մենք պետք է հասնենք դրան, ստեղծենք միացյալ, նոր Հայաստան։

- 2016-ի ապրիլից հետո կազմ-պատրաստ էր Հայաստանի կողմից Արցախի ճանաչման նախագիծը, և տարիներ շարունակ եղել է բանավեճ, որ եթե սա չի եղել 90-ականների վերջերին, ապա հիմա նպատակահարմար չէ։ Դուք վերջին մոտեցումը չե՞ք կիսում։

- Մենք 90-ականներին ունեինք այդ հնարավորությունը՝ Անկախության հռչակագիրը հայտարարելուց հետո միանալ։ Ձախողվեց, որովհետև, նորից եմ ասում, կենտրոնների կողմից կար ճնշում, որ չկարողանայինք այդ ճանապարհն անցնել։ Մյուս անգամ, երևի թե, այդ հնարավորությունն ունեցանք 2016-ի ապրիլին։ Բայց նորից դրան հայկական պետականությունը պատրաստ չէր։ Եվ այդ շանսը նորից բաց թողեցինք։ Եվ հիմա պետք է վերահաստատել, որ մենք բաց ենք թողել 2 հնարավորություն, և  պետք է հաստատենք, թե ոնց ենք անցնելու այս ճանապարհով։ Սրա համար պետք են ճանապարհային քարտեզ, ռազմավարություն։ Որքան շուտ կանցնենք այդ ճանապարհը, որքան երկար, 2 գործոնով է պայմանավորված։ Առաջինը մեր պատրաստ լինելն է, իսկ երկրորդը ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական կոնտեքստն է։ Դա մեր աշխատանքն ու կամքը չէ միայն։

Բայց դրանք պետք է հաշվել ու կամաց-կամաց գնալ այդ ճանապարհով։ Եթե նորից լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսվում, այ, այդ ժամանակ, իմ համոզմամբ, պետք է միանգամից անցնենք այդ ճանապարհը։ Բայց հիմնական թեզս այն է, որ սա ճանապարհ է, սա լոզունգ չէ, մի ստորագրության պատմություն չէ։ Պրոցես է, որը պիտի հայկական պետականությունն անի։ Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը։ Դա հեշտ ճանապարհ չէ, դժվար ճանապարհ է։ Դրա համար Արցախի քաղաքական ուժերը պատրաստ են դիսկուսիաներ կազմակերպել հարցի շուրջ, թե ոնց ենք անցնելու այդ ճանապարհը, և դրան հասարակությունը պետք է պատրաստ լինի։

- Ամեն դեպքում, ինչո՞ւ հենց հիմա են միացման կոչերն ակտիվացել։

- Այն, որ այդ գաղափարները հնչում են Հայաստանում և Արցախի Հանրապետությունում, նշանակում է, որ այդ ժամանակը եկել է, և 89-90թթ․ պրոցեսները պետք է ուղղակի 21-րդ դարում գործեն։

- Միացմանը կողմնակից ուժերն Արցախում միայն այդ քսա՞նն են։

- Միայն այդքանը չեն, երկրորդ անգամ ենք հավաքվել, և հույս ունեմ, որ շատ այլ ուժեր էլ կմիանան։ Ցավոք, վերջին 20 տարում այդ գաղափարն «արգելված» էր, մենք ուրիշ ճանապարհով էինք գնում։ 

- Իսկ Բակո Սահակյանը կիսո՞ւմ է Ձեր տեսակետը։

- Չեմ կարծում, և մեր հայտարարության մեջ էլ նշված է, որ Արցախի իշխանություններն այդ ճանապարհով չեն գնում։ Եվ հետո, Բակո Սահակյանն անցողիկ նախագահ է, նա 2020-ին ավարտում է իր լիազորությունները։ Խոսել Բակո Սահակյանի մասին, իմ կարծիքով, անիմաստ է։ Բակո Սահակյանն անցյալն է, որը մնում է անցյալում, մենք ուզում ենք խոսել ապագայի մասին, ինչը բավականին դժվար է։ Իսկ թե ինչ է եղել անցյալում, դրան պիտի գնահատական տան իրավապահ մարմիններն ու քաղաքական ուժերը՝ քաղաքական գնահատական։

- Իսկ Հայաստանում ո՞ր քաղաքական ուժերի հետ եք համագործակցելու, կան «Սասնա ծռեր», «Ազգային օրակարգ», Հայաստանում ունե՞ք դաշնակից ուժերի ցանկ։

- Մի քիչ ուրիշ է մեր նպատակը, մեր նպատակն է՝ Արցախի հայությունը միավորենք և հասկանանք, թե ինչ ունենք Արցախում։ Մենք պիտի պատրաստ լինենք, նոր այդ ժամանակ մտածենք՝ ինչ համախոհներ ունենք Հայաստանի Հանրապետությունում, սփյուռքում։ Բայց դրա մասին պետք է մտածել էն ժամանակ, երբ ձևավորվենք և հստակ իմանանք՝ մեզ ով է աջակցում Արցախում։ Մեզ մոտ բավականին շատ քաղաքական ուժեր և անձնավորություններ են հավաքվել։

- Իսկ գիտե՞ք, թե Երևանում ով է աջակցում, օրինակ, Փաշինյանը՝ իմքայլականներով։

- Չէ, չեմ մտածում դրա մասին և չեմ կարծում, որ այդ հարցը պետք է հիմա տալ։ Հետագայում՝ միգուցե, բայց հիմա դրա մասին խոսելը շատ վաղ է։ Նորից եմ ասում՝ մենք հիմա մտածում ենք՝ ինչ ենք անելու ապագայում։ Երբ այդ պրոցեսներն ավարտվեն, և հասկանանք՝ ինչ աջակցություն ունենք Արցախում, համոզված եմ, որ արցախցիների 90 տոկոսը կողմ է, բայց այդ ժամանակ միայն կանցնենք համախոհների փնտրտուքին։

- Իսկ չե՞ք կարծում, որ դա ուղիղ պատերազմի ճանապարհն է լինելու։

- Չեմ կարծում, եթե խոսում եք հստակ միացման մասին՝ որպես պրոցեսի, որի վերջնանպատակը միացումն է։ Մենք չենք խոսում ճանաչման մասին և ուրիշ այլ պրոցեսների մասին։ Ուղղակի պետք է նորից վերահաստատել, որ միացումը մնում է նպատակ։ Դա չի նշանակում, որ պիտի վաղն անպայման վեր կենանք ու միանանք։