Կառավարությունը կրճատում է վարորդներին և մեքենաները

Կառավարությունը կրճատում է վարորդներին և մեքենաները
կառավարության օպտիմալացում ծառայողական մեքենաների կրճատում

Կառավարության մեր հավաստի աղբյուրները փոխանցում են, որ կառավարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում գործադիրի հաշվեկշռում գտնվող ծառայողական մեքենաների մեծ մասը կրճատվելու է՝ բացառությամբ փոխվարչապետի և կառավարության աշխատակազմի ղեկավարի ծառայողական մեքենաների, կրճատվելու են նաև բաժնի պետերի ծառայողական մեքենաները։ Բացի այդ, աշխատանքից ազատված վարորդներին որպես փոխհատուցում տրամադրվելու են հենց այդ մեքենաները, որոնց վարորդն են իրենք՝ տարաժամկետ վճարման պայմաններով։ Մեր աղբյուրի խոսքով՝ 1 մեքենան տարեկան պետության վրա նստում է շուրջ 5 մլն դրամ՝ ներառյալ վարորդի աշխատավարձն ու սպասարկումը։ Կառավարության լրատվության բաժնից լուրը հաստատելու համար առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել, իսկ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտա Ազարյանը հրաժարվեց պարզաբանում տալուց՝ ասելով, որ դիմենք լրատվության վարչությանը, ինքը լիազորություններ չունի մամուլի հետ շփվելու։  Ի վերջո վարորդների օպտիմալացման վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունը հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը․

«Այո, ծառայողական մեքենաները պետք է օպտիմալացվեն, դա ճիշտ է և հայտնի փաստ է, բայց թե ինչ սկզբունքով ու մեխանիզմով, կորոշվի»,- ասաց Եղոյանը։

Նա նաև հաստատեց մեքենաները տարաժամկետ վճարման սկզբունքով վարորդներին տրամադրելու մասին մեր լուրը․

« Դա ճիշտ է, նման գաղափար կա, բայց դետալները, թե ինչ պայմաններով, այս պահին քննարկման փուլում են։ Բայց կոնցեպտը այդպիդին է, որ վարորդները՝ հենց իրենք, ձեռք բերեն այդ մեքենաները և իրենց իսկ մեքենաներով կարողանան աշխատել և կարողանան նաև կառավարությանը սպասարկել, եթե պետք լինի, բայց մեքենաները կլինեն իրենցը։ Սա է տարբերությունը, այսինքն՝ էլ պետության հաշվեկշռում չեն լինի»։