Քաղշինի ու Կադաստրի հակամարտությունն այլևս թաքցնել հնարավոր չէ

 Քաղշինի ու Կադաստրի հակամարտությունն այլևս թաքցնել հնարավոր չէ

Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի եւ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանի ջրերը մի առվով չեն հոսում։ Կառավարության գրեթե ամեն նիստին, երբ կադաստրին ու քաղաքաշինությանն առնչվող որեւէ նախագիծ է քննարկվում, Վահագն Վերմիշյանն առիթը բաց չի թողնում՝ խայթելու Սարհատ Պետրոսյանին, հակառակվելու, նրան սխալ հանելու, նրա զեկուցած նախագծերում կամ արտահայտած կարծիքներում խնդիրներ մատնանշելու։ Կառավարության վերջին նիստում եւս նման մի դրվագ եղավ, որը կանխեց Նիկոլ Փաշինյանը՝ թույլ չտալով, որ Վերմիշյաննը ներկայացնի իր առարկությունները։ Վերմիշյանն անձնապես ուղղակի տանել չի կարողանում Պետրոսյանին՝ նրան համարելով «սխալ» մասնագետ, եւ կարծում է, որ Կադաստրի կոմիտեն չպետք է լինի։ Թեպետ՝ ասում են, որ ի սկզբանե ինքն էր ցանկանում ստանձնել այս կոմիտեի ղեկավարումը։ 

Սարհատ Պետրոսյանին հարցրինք, թե ինչով է պայմանավորված այս «լիչնի նեպրիյազնը» միմյանց հանդեպ։ «Ճիշտն ասած՝ անձնական որեւէ խնդիր չկա, մենք ծանոթ ենք միմյանց մոտ 2-3 տարի՝ մինչեւ իր նշանակումը։ Գիտեք, որ Վերմիշյանը հրապարակային հայտարարել է, որ, իր կարծիքով, այն գործառույթները, որ մենք ունենք, կրկնվում են։ Այդ կարծիքը ես ինչ-որ առումով կիսում եմ։ Դրա համար ժամանակն է, որ մենք՝ որպես մասնագետներ, քանզի երկուսս էլ ճակատագրի բերումով նույն մասնագիտությունն ունենք, պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում քաղաքաշինությունը 21-րդ դարում։ «Քաղաքաշինություն» տերմինն այլեւս չի օգտագործվում աշխարհում, դա հնացած հասկացություն է։ Հիմա կոչվում է քաղաքային պլանավորում։ Եվ իմ կարծիքով՝ քաղաքաշինության մոտեցումը, դոկտրինը ամբողջովին պետք է փոխվի։ Նույնը կարող եմ ասել նաեւ կադաստրի մասին, եւ ես դա իրականացնում եմ ամեն օր։ Եվ կարծում եմ՝ դա կարող է Վերմիշյանի մոտ ինչ-որ վախեր կամ խնդիրներ առաջացնի»,-ասաց Պետրոսյանը։

- Ի՞նչ վախեր, որ նրա գործառույթները կարող են տեղափոխվել ավելի շատ Ձեր դաշտ, այլ ոչ թե հակառա՞կը։

- Որ ես կասկածի տակ եմ դնում, առհասարակ, թե պեությունը քաղաքաշինության ոլորտում ինչ գործառույթներ պիտի ունենա կամ ընդհանրապես՝ պիտի ունենա՞, թե՞ ոչ։

- Մտածում եք, որ ավելի շատ կադա՞ստրը պետք է ունենա այդ գործառույթները։

- Ես չեմ ասում, որ կադաստրը պետք է ունենա, ես ասում եմ, որ այն ոլորտը, որը մենք անվանում ենք քաղաքաշինություն, իմ կարծիքով՝ պետությունը պետք է գնալով հրաժարվի իր բոլոր գործառույթներից։ Եվ սրա մասին ես խոսել եմ դեռեւս 2013 թվականից։ 

- Ո՞ր գործառույթներից։

- Քաղաքաշինության գործառույթներից։

- Իսկ Դուք դրան այլընտրանք ի՞նչ եք առաջարկում։

- Քաղաքաշինությունն այսօր ՀՀ-ում համայնքային գործառույթ է։ Համայնքներն են իրականացնում Հայաստանում քաղաքաշինություն։

- Իսկ կադա՞ստրն ինչով պետք է զբաղվի։

- Կադաստրը պետք է հանդիսանա որպես անշարժ գույքի պետական ռեգիստր, ինչը նրա հիմնական եւ տեսանելի գործառույթն է, եւ կադաստրի մյուս ամենակարեւորը բանը՝ պահպանի եւ մշակի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածական տվյալները։

- Հիմա հնարավո՞ր չէ, որ այդ վեճը մասնագիտական հարթության վրա լուծվի, գաք ընդհանուր հայտարարի, եւ կառավարության նիստում անձնական հակամարտություն ի ցույց չդրվի։

- Կարծում եմ՝ դրա հասցեատերը Վերմիշյանն է, ոչ թե ես։ Ես երբեւիցե իմ անձնական կամ նույնիսկ մասնագիտական անհամաձայնությունը չեմ ներկայացրել։

- Կառավարության նիստերի ժամանակ իրար կողքի եք նստում, շփվո՞ւմ եք իրար հետ։

- Նայած թե շփում ասելով ինչ եք հասկանում։

- Օրինակ՝ բարեւեք իրար, հարցնեք միմյանց որպիսությունը, ինչ-որ թեմայի շուրջ զրուցեք, որեւէ բան հարցնեք։

- Երբեմն՝ այո, իսկ աշխատանքային կարգով, այո, քննարկումներ ունենում ենք։

- Իսկ կարո՞ղ է, ամեն դեպքում, պետք է տեղերով փոխվել՝ Դուք լինեք քաղշինկոմիտեի նախագահ, ինքը՝ կադաստրի։ Կա՞ն նման ամբիցիաներ Ձեր կամ նրա կողմից։

- Ճիշտն ասած՝ էդ հարցին ես չեմ կարող պատասխանել, ինձ առաջարկվել է զբաղեցնել այս պաշտոնը՝ վարչապետի կողմից, եւ վարչապետն է որոշում՝ ով ինչով պիտի զբաղվի, երբ, ինչպես եւ ինչքանով։ Բայց ես առաջարկում եմ Ձեզ գտնեք, թե ես նախկինում ինչպես եմ արտահայտվել քաղաքաշինության կոմիտեի մասին, եւ կարծում եմ՝ էդ դիրքորոշումս չի փոխվել, եւ ես չեմ կարող ընդունել կամ դիտարկել՝ ղեկավարել մի կառույց, որը ժամանակին առաջարկել եմ փակել։