Ինչ է արել Կենտրոնական բանկը․ երեք տնտեսագետի հայացք  

Ինչ է արել Կենտրոնական բանկը․ երեք տնտեսագետի հայացք  

Լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր նրան, որ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, արտահայտված՝ հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են․ 1  ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով, կամ ավելի քան 11 տոկոսով։ ԿԲ-ն արձագանքելով՝ նշել էր, որ պահուստներն ուղղված են եղել արտաքին պարտքի սպարկմանը։ 

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ԿԲ վարքագիծը՝ արտաքին պարտքի սպասարկման առումով բնականոն է համարում։ «Արտաքին պարտքի սպասարկման մասով Կենտրոնական բանկի ծածկույթն է ապահովվել։ Փողը կառավարությունն է տվել, ծածկույթը ապահովել են արտաքին պահուստները։ Եվ այստեղ որևէ ողբերգական բան չկա։ Մանավանդ, եթե հետևեն ԿԲ դրամական ցուցանիշներին»։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ոչ միայն արդարացված մոտեցում է համարում, այլև, ասում է․«Ինչ-որ կիսատ ու առանց երկրորդ կողմի կարծիքի կիսատ ու խուճապ առաջացնող վերլուծություններ այն մասին, թե մեր դրամն անկայուն է, ինքնին կարող են վատ ազդեցություն ունենալ։ Մենք մի քանի օր առաջ ուղղակի պատվիրված հոդվածներ տեսանք, որոնք նպատակ են ունեցել ստվեր գցել ՀՀ ազգային դրամի վրա։ Մարդիկ պետք է հասկանան, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկն էլ Ազգային արժույթն է։ Ու դրանով մենք ոչ մի անձի ու կառույցի վատություն չենք անում, ինքներս մեզ ենք անում։ Ուղղակի ամոթ է, չի կարելի»։
Մանասարյանը, նկատեց, որ Կենտրոնական բանկն առաջին հերթին իր պահուստներն օգտագործում է պետական պարտքի սպասարկման համար, իհարկե, ժամանակ առ ժամանակ օգտագործելով արտարժույթ (դրամի կայունացման նպատակով)։ Նա ոչ պակաս կարևոր է համարում, որ պետական պահուստները վերջին տարիներին   ռեկորդային մակարդակի վրա են։ Հավելեց, թե օբյեկտիվ լինելու համար արժեր նաև դրան անդրադառնալ։ 

«Անցած տարվա ընթացքում ԿԲ-ն շուկայից դոլար է գնել, ինչի մասին գոնե ես երկար ժամանակ չեմ լսել։ Ոչ ոչ թե վաճառի, այլ գնի, սրա մասին ինչո՞ւ չեն գնում, եթե օբյեկտիվ վերլուծաբաններ են»,-ասաց։ Տնտեսագետը շարունակեց գովել ԿԲ վարած դրամավարկային քաղաքականությունը՝ ասելով, որ դրա ճիշտ և հավասարակշռված լինելու շնորհիվ, վերջին 10 տարիներին Հայաստանում չի եղել իրավիճակ, որը դրամավարկայինն առանձնացնում է տնտեսությունից, և տնտեսական թրենդների դեմ արհեստական ինչ-որ իրավիճակ է ստեղծում։ 

«Դա հաստատ կարող եմ ասել, որ տնտեսագետներովս, վերլուծաբաններով  բազմիցս քննարկել ենք, վերլուծել ենք ու չենք հայտնաբերել նման տնտեսական կայունությանը տանող թրենդ։ Իհարկե, առանձին դեպքերում, ԿԲ-ն իր գործիքակազմում ունի և օգտագործում է այն, ինչի մասին խոսվում է, բայց հաշվի առնենք, որ էն սահմանափակ միջոցները, որ համեմատած հարևան երկրների հետ, ՌԴ-ի ու մյուսների հետ ունենք, և այն ճկունությունն ու բանիմացությունը, որն օգտագործվում է ազգային աժույթը կայուն պահելու համար, գոնե արժանի է դրվատանքի»․-հավելեց նա։
Այս կապակցությամբ Թաթուլ Մանասերյանը ընդգծեց նաև 2-րդ հանգամանքը։ Այն, որ իր գնահատմամբ՝ հետխորհրդային տարածքի երկրի և ոչ մի արժույթ չունի դրամի կայունությունը։ Նաև Մանասերյանը հիշեցնում է, թե 2018-2017 -2016 թթ․ ինչ է տեղի ունեցել Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ու վրացական արժույթների հետ, երբ դրանք երկնիշ թվերով արժեզրկվեցին։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի բացատրությունը՝ եթե արտաքին պարտքի սպասարկման համար այդ դոլարը գնվեր տնտեսությունից, կարձանագրվեր դրամի կտրուկ արժեզրկում, դա թույլ չտալու համար, կառավարությունն այդ փողը վերցրել է պահուստներից։

«Կառավարության վատ աշխատանքը պիտի էդ ձևով փակվեր, հակառակ դեպքում, արժեզրկում, որովհետև, եթե կառավարությունն ապահովեր դեպի տնտեսություն դրամի հոսք, եթե հունվար-փետրվարիյն ունենայինք արտահանման ու ուղղակի ներդրումների աճ, այսինքն՝ դոլարի հոսք լիներ դեպի Հայաստան, խնդիր չէինք ունենա տնտեսության միջից դոլար վերցնելու։ Բայց քանի որ կար, դա արվեց»։

Սա, ըստ Պարսյանի, իրավիճակային լուծում էր՝ կառավարության անարդյունավետ աշխատանքի արդյունքում։ Որոշ փորձագետներ, սակայն պնդում են, որ հաշվի առնելով վերջին տարիների միտումները, որ  Հայաստանից շատ դոլար է գնում դուրս (անցյալ տարի, օրինակ, 1 միլիարդ 800 միլիոնից՝ 1 միլիարդ 200 միլիոնը, 2017-ին՝ 1 մլրդ, իսկ 2016-ին՝ 750 միլիոն)  ՀՀ արժութային ռեզերվները 2 միլիարդից պակաս իջեցնել, չի կարելի։
Անուշ Դաշտենց