Մարությանը պատրաստվում է իր մտերիմին նշանակել աշխատակազմի ղեկավար

Մարությանը պատրաստվում է իր մտերիմին նշանակել աշխատակազմի ղեկավար

Ոստիկանությունից Երեւանի քաղաքապետարան եկած Վահե Խաչատրյանը, որն աշխատակազմի ղեկավարն է, առաջիկայում ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։ Մեր տեղեկություններով՝ նրա հեռացումը վաղուց է հասունացել․ քաղաքապետ Մարությանը տեւական ժամանակ է, ինչ դժգոհ է նրանից։

Ըստ քաղաքապետարանի մեր աղբյուրի՝ Մարությանն արդեն աչքի տակ ունի աշխատակազմի նոր ղեկավարին․ ըստ խոսակցությունների՝ այդ պաշտոնին նշանակելու է իր եւ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանի վաղեմի մտերիմ Դավիթ Համբարյանին։ Վերջինիս մասին մեծ տվյալներ մեզ հայտնի չեն, տեղյակ ենք, որ ինչ-որ ժամանակ աշխատել է «Յուքոմում»։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Դավիթ Համբարյանից, նա ասաց, որ հարցը համարում է ոչ տեղին, ապա ավելացրեց, որ զբաղված է իր քաղաքացիական գործերով, ազատ քաղաքացի է։

Հարցին՝ իրեն քաղաքապետարանից նման առաջարկ չի՞ եղել, չցանկացավ պատասխանել․ «Ես հարկ չեմ համարում այդ հարցին պատասխանել, ոչինչ չեմ կարող ձեզ ասել»։

Նշենք, որ Վահե Խաչատրյանի հեռանալու մասին մի քանի անգամ հրապարակումներ եղել են։ Նա, ի դեպ, խնամիական կապեր ունի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ։