Քաղաքապետի պուճուր վրեժխնդրությունը «Հրապարակի» հանդեպ

Քաղաքապետի պուճուր վրեժխնդրությունը «Հրապարակի» հանդեպ

Նախքան Բուզանդի 1/3 հասցեում գտնվող տարածքից մեզ վտարելու մասին «ծանուցելը», Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչություն էինք դիմել՝ «Հրապարակին» պատկից 15 քառակուսի մետրանոց փոքրիկ սենյակը եւս մեզ տրամադրելու խնդրով։ Բացատրել էինք, որ մեր զբաղեցրած 80 քառակուսի մետրն այլեւս չի բավարարում մեզ, եւ հարեւան փոքրիկ սենյակը, որը շուրջ 2 տարի անտեր է ու ավերակ, կարող է փոքրիկ ստուդիա դառնալ մեզ համար, ինչի կարիքը շատ ունենք։ Մեզ առաջարկել էին Երեւանի քաղաքապետի անունով նամակ գրել՝ բացատրել իրողությունը եւ խոստացել էին տրամադրել մեզ։

Հետո հանկարծ տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետը որոշել է մեզ վտարել 2009-ից զբաղեցրած տարածքից, իսկ հարեւան փոքրիկ սենյակը դնել աճուրդի՝ վարձակալելու համար։ Այնուամենայնիվ, խմբագրությունը որոշեց մասնակցել այդ աճուրդին եւ անգամ պատրաստ էր 15 քառակուսի մետրի համար վճարել մինչեւ 35 հազար դրամ, ինչն աննախադեպ բարձր գին է այս անմխիթար ու անխնամ շենքի համար։ Սակայն պարզվեց՝ քաղաքապետարանը որոշել է աճուրդն այնպես անցկացնել, որ սենյակը մեզ բաժին չհասնի․ մեկ այլ ընկերություն աճուրդի ժամանակ արհեստականորեն բարձրացրեց գինը, եւ մենք հրաժարվեցինք սակարկելուց, քանի որ, նախ, լրատվամիջոցն այդքան միջոցներ չունի, որ շուկայական գնից բարձր գին տա 15 քմ-անոց սենյակին, ապա՝ պարզապես ողջամիտ չէ այս շենքում մեկ քառակուսի մետրի համար մոտ 3000 դրամ վճարելը։ 

Հարցը միայն այն չէ, որ իշխանությունը եւ մասնավորապես քաղաքապետարանը «հաճույք ստացան» մեզ մերժելուց՝ որպես պուճուր վրեժխնդրություն, այլ այն, թե արդյոք սա արդեն պետականորեն որդեգրված մոտեցո՞ւմ է մամուլի հանդեպ, եւ այն, թե արդյոք քաղաքապետարանն այսքան հետեւողակա՞ն է իր գործառույթներում։ Դատելով «ԿամԱԶ»-ների ձեռքբերման սկանդալային պատմությունից՝ ոչ։

Հիշեցնենք, որ մեկ անգամ դրանք ձեռք են բերվել «մեկ անձից ուղիղ գնում» անելով, եւ յուրաքանչյուր մեքենայի համար շուկայական գնից մոտ 15 միլիոն դրամ ավել վճարելով՝ այդ մեկ գնումով միայն բյուջեին մոտ 135 միլիոն դրամի վնաս է հասցրել Հայկ Մարությանը։ Մեկ այլ դեպքում մրցույթ է հրավիրվել, բայց այնպիսի չափանիշներ են սահմանվել, որ դրանց միայն իրենց սիրելի «ԿամԱԶ» ընկերությունն է կարողացել մասնակցել։ Հիշեցնենք, որ Երեւանի 2019-ի տոնածառն էլ գնվեց մեկ անձից՝ ուղիղ գնումով, 70 միլիոն դրամով։ Հիմա եկեք համեմատենք միլիոնավոր դրամների գնումները մեկ 15 քառակուսի մետրանոց սենյակի հետ, որն աճուրդի դնելն ու մի քանի հազար դրամ ավելի ստանալը, պարզվեց, քաղաքապետարանի համար սկզբունքային հարց է։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանից, բայց նա հեռախոսով շշնջաց՝ «խորհրդակցություն է»։ Հավանաբար, քաղաքապետի մոտ քննարկում են, թե էլ ում համար միլիոնանոց տենդեր ապահովեն՝ առանց մրցակցության, եւ ինչպես մամուլի հանդեպ «պուճուր վրեժխնդրություններ» իրականացնեն։