Որքան մեքենա է ներկրվել Հայաստան՝ 2018-ին․ 238 տոկոսով ավել , քան 2016-ին

Որքան մեքենա է ներկրվել Հայաստան՝ 2018-ին․ 238 տոկոսով ավել , քան 2016-ին

Մեքենաների մաքսազերծման արժեքը զգալիորեն նվազել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ 2018-ին արտաքին առևտրով Հայաստան է ներմուծվել 67255 մեքենա՝ նախորդ տարվա 39 282- ի փոխարեն։ Իսկ 2016-ին էլ ավելի քիչ մեքենա է ներկրվել՝ 16887 հատ։ Համապատասխանաբար՝ ներկրված մեքենաների տոկոսը 2017 և 2016 թվականների համեմատ աճել է 71․2 և 298 տոկոսով։ Միաժամանակ, մաքսային մարմինների կողմից ավտոմեքենաների ներմուծումից կատարված գանձումները 2017-ին 2016-ի համեմատ աճել են համապատասխանաբար՝ 46․2 և 159 տոկոսով։ Դավիթ Անանյանի խոսքով՝ ներկրված մեքենաների մաքսազերծման արժեքը զգալիորեն նվազել է, որը արդյունք է նրա, որ մաքսային մարմինները ոչ թե վիճակագրական արժեք են կիրառել, այլ ինվոյսային արժեք։

«Հունվարի մեկից ոչ մի բան չի փոխվել, ուղղակի մենք ներմուծել ենք նոր գործիք, և անձինք, ովքեր մեքենա են ձեռբերել դրսում և ունեն արժանահավատ ինվոյս՝ ձեռբերման փաստաթուղթ որևէ խնդիր չունեն արժանահավատ գնահատվող ինվոյսի հիման վրա կատարելու մաքսային ձևակերպում։ Ուղղակի, մեր քաղաքացիները որպեսզի ունենային՝ շատ ավելի «բարենպաստ արժեք» մաքսազերծման համար, զանազան կազմակերպությունների միջոցով փորձում էին ձեռք բերել այդպիսի կամ, այլկերպ ասած, ոչ արժանահավատ ինվոյսներ։ Մենք մեր կայքում տեղադրեցինք մի գործիք՝ հաշվիչ, որպեսզի մեր քաղաքացիներն այդ քայլին գնալուց առաջ ուղղակի ներմուծելով իրենց մեքենայի համապատասխան տվյալները՝ստանան այն արժեքը, որով ինվոյսի բացակայության պայմաններում ՊԵԿ-ը իրականացնելու է մաքսային ձևակերպումը։ Եվ շատ դեպքերում, մենք զերծ ենք պահել մեր քաղաքացիներին՝ «հավելյալ ծախսեր» կատարելու և ոչ արժանահավատ ինվոյսներ ձեռք բերելու առումով։ Ինչ է այսօր կատարվում․ անձը ներկայացնում է մեքենայի ձեռքբերման բոլոր փաստաթղթերը, ինվոյսը համեմատվում է հաշվիչի արժեքի հետ և եթե տարբերություն չկա կամ այն ավելի բարձր է, միանգամից կատարվում է մաքսային ձևակերպում։

Եթե ավելի ցածր է, քան հաշվիչինը, ինվոյսը ներկայացվում է մաքսային համապատասխան վարչությանը՝ զննման համար և եթե որևէ անարժանահավատության փաստ չի հայտնաբերվում, ապա այդ դեպքում ևս մաքսային ձևակերպումը կատարվում է ինվոյսի հիման վրա՝ պայմանով, որ դրանից հետո հետբացթողումային հսկողության շրջանակներում արդեն ավելի կոշտ գործիքների կիրառմամբ կամ տարբեր երկրների հետ ունեցած պայմանավորվածությունների և տեղեկատվության փոխանակման համաձայնագրերի շրջանակում ճշգրտվում է այդ ինվոյսի արժանահավատությունը։ Եթե պարզվում է, որ այն չի եղել կամ արժանահավատ չէ, կիրառվում են պատասխանատվության միջոցներ »,-ասաց Դավիթ Անանյանը։

Նշենք, որ Հայաստան մեքենաները ներմուծվում են հիմնականում Վրաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից, որոնց ծագման երկրներն են՝ Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը և Կորեան։