Ես հարցազրույց էի տալիս, ասում՝ ինքն անկրկնելի է, 2 ժամ հետո ինքը հրաժարական տվեց

Ես հարցազրույց էի տալիս, ասում՝ ինքն անկրկնելի է, 2 ժամ հետո ինքը հրաժարական տվեց

Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ ՀՀԿ ակտիվը՝ Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան (չնայած կուսակցությունից դուրս գալու վերջինիս դիմումին), Արմեն Աշոտյան, Վիգեն Սարգսյան եւ այլք, պահանջում են ակտիվանալ, սակայն Սերժ Սարգսյանը նրանց կանգնեցնում է՝ դեռ ժամանակը չէ։ Բայց նման «ցրցամներ» արդեն, ինչպես հայտնի է, կան։ Անգամ «Պահանջում ենք Սերժ Սարգսյանի վերադարձը» ֆեյսբուքյան էջ է բացվել, հնչեցվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներ։ ՀՀԿ-ում տիրող տրամադրությունների մասին զրուցեցինք ՀՀԿ հնաբնակ Վազգեն Կարախանյանի հետ։

- Պարոն Կարախանյան, ՀՀԿ-ից արդեն պարզորոշ ասում են՝ Սերժ Սարգսյանը շուտով խոսելու է։ Սարգսյանը 2018-ի ապրիլի 23-ից հետո որդեգրած պասիվ վիճակից, Ձեր տպավորությամբ, ե՞րբ է դուրս գալու։ Եվ նաեւ ՀՀԿ-ն, որ խոսում էր անհրաժեշտության դեպքում փողոց դուրս գալու մասին, պատրաստվո՞ւմ է նման բան անել։

- Դրա անհրաժեշտությունը հլը դեռ չկա․ փողոցն ինքն իրեն կհավաքի, էս գործողություններն ու գործընթացները, որ կան Նիկոլի օրոք, չեմ կարծում, որ․․․ Ժողովրդական խոսք կա՝ փոս փորողն ինքը կընկնի փոսի մեջ։ Ես կամ եւ մնում եմ էն դիրքերում, որ երկրին պետք է ամուր պաշտպանություն, ճիշտ արտաքին հարաբերություններ։ Սա էլ ժամանակավոր երեւույթ է, եւ կարծում եմ, որ ժամանակավոր երեւույթը կարճ կտեւի։

- Իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանին հանդիպե՞լ եք, հարցրե՞լ եք՝ ինչ նկատի ուներ՝ ասելով․ ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր։

- Մի երկու անգամ հանդիպելու առիթ եղել է։  

- Չե՞ք հարցրել՝ լավ, ո՞նց ստացվեց, որ հրաժարական տվեցիք, ու ի՞նչ նկատի ուներ սխալի ու ճշտի իր հայտնի խոսքում։

- Ճիշտ մեխին եք խփում. ես հարցազրույց էի տալիս, ասում՝ ինքն անկրկնելի է, բայց 2 ժամ հետո ինքը հրաժարական տվեց։ Բայց, բոլոր դեպքերում, հարցրել եմ, եւ ինքը պատասխանել է։ Ավելի ճիշտ՝ ես չեմ հարցրել, ինքն է ասել։ Նայելով իմ դեմքին՝ ասել է․ կգա ժամանակը, ես կասեմ։ Ես կարծում եմ՝ այս 2 փոքրիկ պարբերությունների մեջ կարող է բավականին մեծ բառակապակցություններ գտնվեն։

- Իսկ ի՞նչ տպավորություն՝ Սերժ Սարգսյանը քաղաքականապես ակտիվ, մարտակա՞ն վիճակում է։

- Ես կարծում եմ՝ նրա ամենօրյա այցելությունները Հանրապետական կուսակցություն ինչ-որ բան հուշում են։ Ավելին չեմ կարող ասել, այդ մարտականը չեմ պատկերացնում, թե ինչ բան է։ Նա հավասարակշռված մարդ է, որն էվոլյուցիոն ճանապարհով դարձել է երկրի ղեկավար։ Կարող եմ ասել՝ ինքը նորմալ գործընթացներ է տանում, բազմաթիվ մարդկանց հետ է հանդիպում։ Կուսակցությունն էլ բավականին լավ տրամադրության մեջ է, էնպես չէ, որ հիասթափված է, բարոյալքված, չգիտեմ ինչ։

- Ի՞նչն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը դեռ չի մտնում քաղաքական հորձանուտ։

- Էդ հարցի պատասխանն ինքը տվել է․․․ հիմա ես ի՞նչ ասեմ․․․ ըստ ամենայնի՝ ժամանակը եւ որոշ գործոններ, որոնք շատ ավելի ցցուն կլինեն, իրեն այդ ժամանակ այլ բան չի մնալու անել, քան թեւերը քշտել ու դուրս գալ քաղաքական հարթակ։

- Բայց գոնե Հայաստանում օրինաչափություն է, որ հեռացող նախագահները չեն վերադառնում։ Տեր-Պետրոսյան, Քոչարյան, ինչո՞ւ պետք է այս օրինաչափությունը ՀՀԿ-ի դեպքում չկրկնվի։

- Չհամաձայնելով Ձեր հետ՝ մի բան եմ ուզում ասել․ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չի հեռացել, նա սովոր է ընդհատակից՝ մթնշաղ դիրքերից իր գործերը շարունակել, Ռոբերտ Քոչարյանը որոշել էր մտնել քաղաքական մեծ ասպարեզ, հետը այդպես վարվեցին։ Եվ, առհասարակ, ամեն մեկի վարքագիծը տարբեր է եղել՝ իր վրիպումներով ու բաներով, բայց երեքի գործունեությունն էլ միշտ եղել է նպատակաուղղված պետության հզորացմանը։ Իսկ Սերժ Սարգսյանն անպայման կվերադառնա։ Ես հավատում եմ դրան եւ կարծում եմ, որ դա շատ մեծ ժամանակի խնդիր չէ։

 - Պարոն Կարախանյան, ի պատասխան հանրապետականների, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վաղինակ Մարտիրոսյան անուն-ազգանվամբ տղամարդու-կնոջ Լիլիթ անունով անձնագիրը տրվել է ՀՀԿ-ի օրոք։ Եվ, առհասարակ, իրենք գեյ-ակտիվիստ են։

- Հանրապետականը եղել է պահպանողական արժեքների կրող, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկն իրավունք ունի կեղտ շպրտել էդ արժեքային համակարգի վրա․․․ ես լսեցի Փաշինյանին՝ Նիկոլ, դե, իր համար դա երեւի սովորական երեւույթ է։ Բոլոր ժամանակներում ընտանիքը եղել է այն ամրոցը, որից սնվում ու ուժ է ստանում հայ մարդը։ Հակառակ պարագայում էդ կուսակցությունն Ազգային միացյալ կուսակցությունից չէր կարող վերածվել Հանրապետականի։ Ես բազմիցս ասել եմ՝ գուցե Հանրապետականում էլ լինեն էդ ձեւի մարդիկ, բայց չեմ կարծում, որ դա ստվեր կարող է գցել Հանրապետական կուսակցության վրա։