Մեր նպատակը մեկն է՝ վարչապետին ներկայացնել ճշմարտությունը

Մեր նպատակը մեկն է՝ վարչապետին ներկայացնել ճշմարտությունը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը տեղեկություն չունի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարդացե՞լ է մեկ ամիս առաջ իրեն հասցեագրված կոլեկտիվի նամակը, թե՞ ոչ, այդուհանդերձ ենթադրում են, որ ծանոթացել է իրենց ներկայացրած հակափաստարկներին, բայց թե ինչու չի պատասխանում, դա շատ է մտահոգում թատրոնի կոլեկտիվին, քանի որ ժամանակն անցնում է, իսկ անորոշությունը` երկարում։ 

Մի հանգամանք էլ կա, որը հուզում է կոլեկտիվին՝ 2 ամիս հետո Կ․ Օրբելյանը չի կարող արդեն վերականգնվել տնօրենի պաշտոնում, բացի դատական կարգով բողոքարկելուց։ 
Դրա համար թատրոնի կոլեկտիվը նորից նամակով դիմել է վարչապետին՝ խնդրելով եւս մեկ հանդիպում։ 

Այդ առիթով թատրոնի ստեղծագործական կազմը մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում որոշեցին հրապարակել ու նաեւ հանրությանը տեղեկացնել, թե ինչ հակափաստարկներ են ներկայացրել վարչապետին՝ ի պատասխան մշակույթի նախարարության ներկայացրած փաստերի։ «Մեր նպատակը մեկն է՝ պարոն վարչապետին ներկայացնել ճշմարտությունը, օգնել նրան իմանալ իրական ճշմարտությունը եւ ղեկավարվել ճիշտ օրենքով, որովհետեւ նրան ներկայացված տեղեկությունների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը»,-ասում է թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն ու որպես օրինակ նշում 92 մլն դրամի պարտքը, որը վարչապետին ներկայացվել է որպես Օրբելյանի պաշտոնավարման ընթացքում առաջացած ֆինանսական պակասորդ, մինչդեռ այդ պարտքը գոյացել է 2014-16թթ․-ին՝ Օրբելյանից առաջ, ինչը նախարարության փաստարկներում շրջանցվել է։ 

Ինչ վերաբերում է Օրբելյանի հայերենին, ապա հայերենին տիրապետելու վերաբերյալ դրույթը կարող է գործել այն ժամանակ, երբ սահմանվեն հայերենին տիրապետելու փաստը հաստատող մարմինները, դրա իրականացման ընթացակարգերն ու հայերենի իմացության չափանիշները․ «Այս առումով ո՛չ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարը, ո՛չ որեւէ անձ իրավասու չէ որոշելու անձի՝ հայերենին տիրապետելու փաստը»:

Թատրոնի տնօրենի պաշտոնակատարի 2017 թվականի օգոստոսի 3-ի թիվ 394-Ա հրամանի համաձայն՝ Կ. Օրբելյանը համատեղության կարգով նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում ոչ լրիվ աշխատաժամանակով՝ 0.5 դրույքով: Կ. Օրբելյանը չի  զբաղեցնում թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը եւ չի իրականացրել գլխավոր դիրիժորի գործառույթներ: Եվ թատրոնի հաստիքացուցակում չկա երկու պաշտոնների՝ գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնների երկու լիարժեք հաստիք: Սա հակափաստարկներից մեկն է, որ թատրոնը ներկայացրել է վարչապետին։    

«ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված տեղեկանքում հղումներ են կատարվել բազում օրենքների՝ հիմնավորելու համար, որ Կ. Օրբելյանի՝ առանց մրցույթի տնօրենի պաշտոնում նշանակվելու հանգամանքը հակասում է օրենքի պահանջներին:  Սակայն որեւէ կերպ չեն նշում այդ խախտումները, որից կարելի է եզրակացնել, որ նման խախտումներ իրականում չկան»,- գրված է 12 կետից բաղկացած թատրոնի պատասխան նամակում:   

Ինչ վերաբերում է Օրբելյանի գործուղումներին, ապա, ըստ թատրոնի կոլեկտիվի բերած փաստարկների, բոլոր գործուղումները եղել են օրինական, ու դրանք իրականացվել են միայն մշակույթի նախարարի հրամաններին համապատասխան: 

Օպերային թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանն էլ իր խոսքում նշեց, որ նախկինում իրենց ծրագիրը միշտ աջակցություն է ստացել մշակույթի նախարարության կողմից, բայց այս անգամ մերժվել է։ Իրավիճակը մասամբ փոխել է մեր թերթում նախօրեին տպագրված «Ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել» հոդվածը, որից հետո նախարարությունից զանգել-ասել են, որ պատրաստ են ֆինանսավորել իրենց մասնակցությունը ներկայացված մրցույթին, բայց «արդեն ուշ էր, Օրբելյանը գտել էր ֆինանսավորում»։ Ինչ վերաբերում է Օպերայի աջակցման հիմնադրամին, Ջավադյանը չի հերքում՝ եղել է որոշ աջակցություն, «գուցե շատերի հաշվեհամարին փոխանցվել են որոշակի գումարներ», բայց, ինչպես ինքն է ընդգծում, չի արվել ոչ մի «ռեմոնտ», այն էլ՝ 10 մլն-ի հասնող, եւ դրա մասին թատրոնում չկա եւ ոչ մի փաստաթուղթ։