Կյանքում պատվեր չեմ կատարել և չեմ էլ պատրաստվում․ ՍԴ անդամի թեկնածու 

Կյանքում պատվեր չեմ կատարել և չեմ էլ պատրաստվում․ ՍԴ անդամի թեկնածու 

 
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս անգամ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու է ներկայացրել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանին։ Մենք զրուցեցինք նրա հետ։

-Պարոն Վաղարշյան, Դուք չէիք բացառել, որ այս ինտիգային իրավիճակում Ձեզ կարողն են չընտրել, ինչպես նախկին թեկնածուներին։ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Էմիլ Բաբայան։

-Ես հստակ չեմ կարող ասել՝ հո գուշակ չե՞մ, որ իմանամ՝ քաղաքական մեծամասնությունը ինչ որոշում կկայացնի։

-Քաղաքական մեծամասնությունը կարծես թե հստակ է, որ Վահե Գրիգորյանին է ուզում։

-Հիմա իրավաբանների մեկնաբանությամբ էլ նա առաջադրման իրավունք չունի՝ կապված նրա հետ, որ արդեն նոր թեկնածու է առաջադրված։ Իրավաբանական խնդիր է, ես կարո՞ղ եմ ընտրության ձայների արդյունքները կանխագուշակել։ Դրա համար իմ շանսերը գնահատում եմ 50/50, ես չեմ համարում, որ 100 տոկոս ձայն եմ ստանալու։ Ինձ ո՞վ կարող է երաշխիք տալ, որ կարող եմ 100 տոկոս ձայն ստանալ։ Ես երբ առաջադրվել եմ, ենթադրել եմ, որ կարող եմ նաև չընտրվել։

-Ընկնելու եք ներքաղաքական հորձանուտի մեջ՝ Փաշինյանի թիմ -Արմեն Սարգսյան դիմադրության այս դաշտում։ Ձեզ այդ հեռանկարը չի՞ անհանգստացնում։

- Անհանգստացնում է, իհարկե, որպես մարդ։ Որպես քաղաքացու՝ ոչ, որովհետև․ առաջին հերթին, որոշումս ինքս եմ կայացրել և երկրորդ՝ ամենակարևորն այն է, որ համոզված եմ, որ այդ աշխատանքը կարող եմ անել, և այստեղ ավելի շատ դեր է կատարում ներքին տրամադրվածությունը, քան թե քաղաքական հակամարտությունները և այլն։ Դրանք իմ համար ենթադրություններ են։ Եվ երկրորդը, ամենակարևորը,  իմ կարծիքով՝ ՍԴ-ն այն մարմինն է, որտեղ քաղաքականացված դիրքորոշում չպետք է դրսևորել և որտեղ քաղաքականացված մարդիկ չպետք է հայտնվեն։ Այստեղ պետք է անաչառություն, ու ինչքան քաղաքականությունից, քաղաքական գործունեությունից ու կենսագրությունից  հեռու, այնքան լավ, որովհետև տարիներ ի վեր քաղաքական կենսագրությունը, համոզված եղեք, որ անպայման ազդում է մարդու նաև գիտակցության վրա։ Իսկ իմ գործունեությունը զուտ գիտական է և այս պահին կարծում եմ, որ նախագահը ճիշտ ընտրություն է կատարել։

-Դուք անձամբ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ Նախագահին ճանաչո՞ւմ եք։

-Այնքանով, որքանով արդեն մրցույթին 2-րդ անգամ եմ մասնակցում ու որպես թեկնածուի 2 անգամ զրույց է ունեցել հետս, մինչ այդ ծանոթ չեմ եղել և ճանաչում եմ որպես հանրապետության նախագահ։ Ես անցյալ տարի հենց այս ժամանակաշրջանում հայտարարված մրցույթին ևս մասնակցել եմ, այն ժամանակ 5 թեկնածու էր, նախագահը որոշեց առաջադրել Վահե Գրիգորյանին և աշնանն առաջադրեց։ Երկրորդ մրցույթին չմասնակցեցի, երրորդին որոշեցի մասնակցել։ Որոշումը միմիայն իմն է։

-Ասացիք, որ ՍԴ-ն չպետք է լինի քաղաքականացված, բայց համաձայնեք, որ լատենտ կերպով այն միշտ քաղաքական է եղել այս տարիների ընթացքում։

-Տարիների ընթացքում իրականացվող քաղաքականությունը, կադրայի՛ն քաղաքականությունը գիտեք ինչպես է․ լինել հասարակության մեջ և չլինել քաղաքականության մեջ, թեկուզև՝ ԶԼՄ-ների ինֆորմացիան ընթերցելուց հետո, հնարավոր չէ։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք պետք է աշխատենք՝ դատական իշխանությունը և մյուս կարևորագույն մարմինը՝ Սահմանադրական դատարանը, ինչքան հնարավոր է՝ զերծ պահել քաղաքականությունից և այն չեզոք, օբյեկտիվ  դարձնենք։ Սա՛ է ամբողջ խնդիրը։ Իսկ որ ՍԴ-ն, լինելով պետական համակարգի մաս, ժամանակի ընթացքում քաղաքականացված որոշումներ ընդունել է․․․․ես իհարկե,  փաստը չեմ մերժում, բայց կարող եմ ասել, որ այդ որոշումների ընդունման պատճառներից մեկն էլ այն է, որ, երևի թե, ժամանակի ընթացքում կադրային ընտրությունն էլ ճիշտ չի կատարվել։ Նախ, ՍԴ առաջին կազմում շատ քիչ էին իրավաբանները, երկրորդ կազմում՝ փոփոխությունների արդյունքում այսպես․․․ գործադիր և դատական համակարգում արդեն թոշակի անցնող մարդկանց էին նշանակում։ Այս ամենը քաղաքականության հետևանք է։

-Ընտրվելու դեպքում գնալու եք հին կազմի հետ աշխատեք․ Ֆելիքս Թոխյան, Ալվինա Գյուլումյան, Հրայր Թովմասյան և այլք։ Ի՞նչպես եք պատկերացնում Ձեր աշխատանքը։

-Պատկերացնում եմ նրանում, որ Սահմանադրական  դատարանի ամեն մի անդամ ունի իր տեսակետն արտահայտելու և հատուկ կարծիք արտահայտելու իրավունք։

-Այնուամենայնիվ, ՍԴ-ն կոլեգիալ մարմին է։

-Կոլեգիալ մարմնի անդամը կարող է, եթե գտնի, որ որևէ որոշում հակասում է Սահմանադրության ընդհանուր տրամաբանությանն ու բովանդակությանը, արտահայտել առանձին կարծիք։ Եթե մտածեի, որ այնտեղ պետք է գնամ ու ինչ-որ մեկի պատվերը կատարեմ, չէի առաջադրի թեկնածությունս, համոզված եղեք։ Դա իմ սկզբունքներից մեկն է․ կյանքում պատվեր կատարող չեմ եղել, որպես գիտնական, և չեմ էլ պատրաստվում։

-Այսինքն՝ կարելի է Ձեզնից շատ հատուկ կարծիքներ սպասել։

-Այո։ Բայց ոչ ինքնանպատակ կարծիքներ։ Եթե զեկուցող դատավորի առաջարկվելիք լուծումը Սահմանադրության տրամաբանությանը հակասի, ապամ համոզված եղեք, որ շատ կհանդիպեք նման դեպքերի։

-Վահե Գրիգորյանի առաջադրան ժամանակ տեղեկություններ կային, որ նա ընտրվելու է ՍԴ նախագահ՝ փոխարինելով Թովմասյանին։ Հիմա Ձեր պարագայում հնարավո՞ր են նման կոնֆիգուրացիաներ։

-Նման հարց կարող եք տալ լրագրողներին, քաղաքական գործիչներին, նրանք սիրում են էդպիսի ենթադրություններ, ես նման ենթադրոթյունների վրա չեմ կառուցում իմ պաշտոնական առաջխաղացումը, որովհետև դա ընդամենը գուշակությունների դաշտից է։ Ես այդ առնչությամբ ավելացնեմ, որ պրոցեսին չէի էլ մասնակցի, եթե չլիներ հրապարակային մրցույթ, որովհետև այն ժամանակ հարցերը կուլիսային կերպով էին լուծվում, երբեք մտքովս չի անցել։ Բայց հիմա, քանի որ հանրապետության նախագահը որոշեց բաց, հրապարակային մրցույթի ձևով անել, ես առաջին ու էս վերջին անգամ որոշեցի մասնակցել՝ իմ պորֆեսիոնալիզմի վրա կասկած չունենալով։ Առաջին նախադրյալը, ինձ մղող գործոնը սա է։ Մնացածը, թե ով ինչ, ինչ են մտածում, կընտրե՞ն, չեն ընտրի, ի՞նչ է սպասվում ինձ այնտեղ՝ երկրորդական են։ Ես որպես իրավաբան-գիտնական գտնում եմ, որ Հայաստանի փրկությունը կարգն է, կանոնն է, սահմանադրականությունն է և օրինականությունը։ Եվ համոզված եղեք, որ դրանից երբեք չեմ շեղվի։

-Ինչպե՞ս, ինչ փաստարկո՞վ եք համոզելու, հորդորելու քաղաքական մեծամասնությանը՝ քվեարկել Ձեր օգտին։

-Ինձ թվում է՝ իմ առաջին ու հիմնական կռվանը իմ կենսագրությունն է, ծագումն է, պրոֆեսիոնալիզմը, որպես մարդ անկախ լինելը, գիտական մտածողությունը, հայրենասիրությունը և այլն։ Ես ուրիշ՝ այսպես ասեմ՝ ազդեցության լծակ չունեմ։

-Դուք ասել էիք, որ ամենաճիշտը խորհրդարանական մոդելն է։

-Եվ պատմությունը ցույց տվեց, որ ես ճիշտ էի։ Եթե կառավարման ձևը չփոխվեր, ապա իշխանափոխություն չէր լինի։ Ընտրված նախագահը՝ միանձնյա նախագահը երբեք իշխանությունը չէր տա, ինչպես տվեց վարչապետ Սերժ Սարգսյանը։ Բայց ամենակարևորը՝ ես միշտ ասել եմ՝ կարևորը ձևը չէ, այլ էությունը, պետք է փոխել մարդկանց, ովքեր արտահայտում են շահեր; Եվ շատ կարևոր է, թե նրանք ում շահերն են արտահայտում՝ ողջ հայ ժողովրդի՞, թե՞ ինչ-որ խմբի։ Սա տեսության մեջ կոչվում է էություն։ Եվ էն ժամանակ վախեցած էին, որ ինչի՞ են անցնում պառլամենտականի, ես էն ժամանակ դա ասացի, որ չվախենան ձևից, էությունն է կարևոր։

-Խորհրդարանական մոդելի առավելություններից էլ այն էիք առանձնացրել, որ կուսակցական համակարգը կկայանա։

-Կկայանա։ Մասնագետը հո մի օրվա մեջ չի՞ կայանում, նույն էլ՝ քաղաքական համակարգը։ Նոր մեկնարկային վիճակ է։ Մեկ տարին շատ քիչ ժամանակ է և վստահեցնում եմ, որ ժամանակ անց կկայանա։ Եվ երկրորդ, մեկ անձի վրա երբեք չպետք է հույս դնել։

-Կարծում եք, որ իշխանափոխության հարցում Սահմանադրությո՞ւնն է դեր խաղում, թե՞ այնուամենայնիվ, քաղաքական, աշխարհաքաղաքական գործընթացները։

- Դրանք փոխկապակցված են անպայմանորեն, որովհետև ինչ էլ որ ուզեն աշխարհաքաղաքական գործոնները, քաղաքական ուժերը և նրանց ցանկությունները, էդ ամեն ինչը պետք է տեղավորվի Սահմանադրության շրջանակում։ Սա պետք է անենք օղ ու կախենք ականջներիցս։ Էդ Խրիմյան հայրիկն է ասել հայ ժողովրդին․ օրե՛նք սիրե՛ք, կարգ սիրե՛ք, Սահմանադրություն սիրեք, դա է քո միակ փրկությունը ալեկոծ օվկիանոսում։