Մի կեղծեք

Մի կեղծեք

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ կա  այսպիսի շեշտադրում, 2007 թ․ Բակո Սահակյանը վերջին տասը տարում, նույնիսկ հինգ տարում մշտական բնակություն չունենալով ԱՀ առաջադրվեց նախագահի թեկնածու, ավելին` ընտրվեց նախագահ, պաշտոնավարեց երկու շրջան, ապա խախտելով ԱՀ սահմանադրության գլուխ 4 հոդված 88, 2 կետով սահմանված օրենքը այն մասին, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում, առաջադրվեց երրորդ անգամ։

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում նախագահական  ընտրություններում առաջին անգամ առաջադրվեց՝ կրկին չունենալով մշտական բնակություն ՀՀ-ում՝ հղում տալով ԼՂՀ հռչակագրին։

Հայտարարության հեղինակը միտումնավոր խեղաթյուրում է փաստերը: Բակո Սահակյանը 1999թ. ամռանը նշանակվել է ԼՂՀ ՆԳ նախարար, ապա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Մինչ այդ նա զբաղեցրել է Պաշտպանության բանակի դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը: Մի կարճ ժամանակ Բակո Սահակյանը  դիվանագիտական աշխատանքի է եղել արտերկրում: Իսկ դիվանագիտական ծառայության անցած անձը պահպանում է քաղաքացիությունը եւ հայրենիքում մշտական բնակությունը:

Այս փաստերը վկայում են, որ Արցախի նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի առաջադրումը լիովին համապատասխանել է այդ պահին գործող սահմանադրության տառին: Ինչ վերաբերում է 2017թ. եռամյա ժամկետով նախագահի պաշտոնը նրա կողմից ստանձնելուն, ապա դա եւս լիովին բխում է նոր սահմանադրությունից: Թե ինչպես  է հիմնավորվել ՀՀ նախագահի պաշտոնում 1998թ.-ին Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը, դա Հայաստանի իրավական համակարգի խնդիրն է: Եթե դա անգամ տեղի է ունեցել սահմանադրության խախտմամբ, միեւնույն է՝ նախադեպ չի կարող լինել, որպեսզի նույնը տեղի ունենա այսօր՝ Արցախում:

Երբ մասնագետ իրավաբաններն ասում են, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը խնդրահարույց  է, հակասում է հիմնական օրենքին, ապա ծայրահեղությունների մեջ ընկնելու եւ կեղծ տեղեկություններ շրջանառության դնելու, թաքուն կամ բացահայտ սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն հարկ է սթափ գնահատել իրավիճակը եւ անել համապատասխան եզրակացություն: