36 հոգի պետք է բերման ենթարկվեր, մյուսներն ո՞ւր են․ վարչապետը՝ փոխոստիկանապետին
Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը սկսեց նախ Իջևանի դեպքերին անդրադառնալով ու խիստ գնահատական տալով, որ ոչ ոք չի կարող ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը։
Նիստին ներկա փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն ասաց, որ բանակցություններ են վարվել ակտիվիստների հետ, ներկայացվել է պահանջ, որ հանեն պահակակետերը։ Ոստիկանության պետը աբցառեց որևէ մի ձևով այդ հարցը անօրինական լուծելու և հորդորեց բացել փողոցները։
Համագործակցելով նաև մնացած իրավապահ մարմինների հետ, իրավիճակը հիմա վերահսկվում է, մայրուղիները բաց են, հարուցվել է քրեական գործ Քննչական կոմիտեում խուլիգանության և իշխանութան ներկայացուցչի նկատմամբ բռնություն ենթարկելու հոդվածով։ 19 հոգի բերման է ենթարկվել ակտիվիստներից, որոնցից 13-ը ձերբակալված են, մնացածը բաց են թողնվել ստորագրությամբ»,-ասաց փոխոստիկանապետը։
Վարչապետը նկատեց, որ իր իմանալով՝ 36 հոգի պիտի բերման ենթարկվեր։ «Ես գիտեմ, որ պոտենցիալ բերման ենթարկողների ցանկն ավելի լայն էր, 36 հոգի պետք է բերման ենթարկվեր, մյուսներն ո՞ւր են»,-հարցրեց վարչապետը։
Նա նաև ուղղեց փոխոստիկանապետին, որ տվյալ դեպքում անձանց ակտիվիստ անվանելն այդքան էլ ճիշտ չէ, նրանք կազմակերպիչներ են, ոչ թե ակտիվիստներ։
Փոխոստիկանապետն էլ ասաց, որ տվյալ գիշերը օպերատիվ գործողություն է իրականացվել, ցուցակով գնացել են տվյալ անձանց հասցեներով, բայց մի մասը իրենց բնակության վայրերում չեն եղել։ Հիմա դեռ փնտրում են։ Վարչապետը հարցրեց, թե բացառե՞լ են այդ անձանց՝ հանրապետության տարածքը լքելու հնարավորությունը, Վարդան Մովսիսյանը դրական պատասխան տվեց։
Նա նաև նշեց, որ այս պահին ոստիկանության ուժերը կենտրոնացվել են Իջևանում, քանզի հավանականություն կա, որ կարող է նորից փորձեն փողոցը փակել։
Կարծիքներ