Որքա՞ն կդիմանա Լոռու նոր փոխմարզպետը

Որքա՞ն կդիմանա Լոռու նոր փոխմարզպետը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Գայանե Մարկոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման տեքստում։
Լոռու վրա, ինչպես ասում են, փոխմարզպետ չի գալիս։ Այս տարվա մարտին նույն վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ 305-Ա որոշմամբ էլ Արշակ Հովսեփյանն ազատվել էր Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Նախկին պաշտոնյան այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն աշխատանքից ազատել են՝ ոչ սեփական դիմումի համաձայն. «…Ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն: Երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքներն ու մարդկային բարձր որակները չգնահատվեց և չզգացվեց դրա կարիքը»,-գրել էր Արշակ Հովսեփյանը։

Իսկ  Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ  ասել էր, որ  Հովսեփյանին աշխատանքից ազատել են, քանի որ վերջինս չի արդարացրել իրենց հույսերը։

Հիշեցնենք, որ դրանից առաջ էլ ազատվել էր մյուս նախկին փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը՝ անհայտ պատճառներով, իսկ դրանից էլ առաջ՝ դեռ փոխմարզպետի կարգավիճակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Հովսեփյանը պաշտոնավարման ընդամենը 3-րդ օրը  «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող մարզպետին՝ մեղադրել էր պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ և իրավապահներին կոչ արել՝ ուսումնասիրել, թե որքանով են իրավաչափ մարզպետի գործողությունները։

Դրանից էլ ավելի առաջ էլ  կոշտ մեղադրանքներ էր հնչեցրել Լոռու նախկին հանրապետական մարզպետ Արթուր Նալբանդյանի հասցեին՝ նրան մեղադրելով տարատեսակ չարաշահումների մեջ, ինչի համար նույն՝ սոցիալական ցանցով պատասխան հայհոյանքներ էր ստացել։