Պավլիկ Մանուկյանով հետաքրքրվել են, երբ վիճակը վատացել է

Պավլիկ Մանուկյանով հետաքրքրվել են, երբ վիճակը վատացել է

Հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը օրեր առաջ դուրս է եկել հացադուլից, այժմ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը մինչև հացադուլը պահանջում էր իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»,սակայն արձագանք չէր եղել։

Նրա կինը` Մարինե Մանուկյանը, «Հրապարակ»֊ին ասաց, որ ամուսինը օգոստոսի 1֊ից մինչև 11֊ը հացադուլի մեջ է եղել. «Օգոստոսի 11֊ին ինքը վատացավ, չէր կարողանում քայլել, դրա համար իրեն տեղափոխեցին Իզմիրլյան կենտրոն։ Հիմա էլ էնտեղ է, բուժումը ստանում ,այժմ ինքնուրույն շարժվում է։ Բայց ահավոր նիհարել է, իր խռոնիկ հիվանդությունները սրվել են»։

Ըստ Մարինե Մանուկյանի` որոշ ժամանակ առաջ ամուսնու միզապարկը վիրահատել են, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու փոխարեն նրան տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Կալանավորվելուց հետո նա Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկացրել է արդարադատության նախարարին ու ՄԻՊ֊ին, այնտեղից միայն հետաքրքվել են, սակայն լուրջ քայլեր ձեռնարկել են, երբ նրա վիճակը վաթտարացել է։

Հիշեցնենք` «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրոհեց ՊՊԾ շենքը` պահանջելով, որ գործող իշխանությունը հրաժարական տա (նախագահը Սերժ Սարգսյանն էր), իսկ իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ազատվի բանտից։ Զինված խմբի գործողությունների հետևանքով սպանվեցին 3 ոստիկաններ` Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը։

2021 թվականի փետրվարի 24-ին ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը, համաձայն որի` Պավել Մանուկյանն ազատազրկման դատապարտվեց 10 տարի ժամկետով (հաշվի էր առնվել 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի ազատազրկումը), Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամսով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամսով, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով, որից հանվել էր 2 տարի կալանքի տակ մնալը, և վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետը, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով։

Դատավճռի հրապարակումից հետո խմբի անդամների մեծ մասի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվեց։ Դատական վճիռների բողոքարկման` ավելի քան 1 տարի տևած ժամանակահատվածը խմբի անդամներն անցկացրին ազատության մեջ։

Այս տարվա մայիսին խմբի մի քանի անդամներ, այդ թվում` Պավլիկ Մանուկյանը, կալանավորվեցին։