Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել

Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի «առերեսումը» երեկ անցել է բավական բուռն մթնոլորտում։ Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ով ոլորտի պատասխանատու Արայիկ Հարությունյանի գլխավոր մրցակիցն է, եւ նրանց ջրերը մի առվով չեն հոսում, իմքայլական պատգամավորների հետ նեղն են գցել փոխնախարարին, ով ի դեպ, խոստովանել է, որ Գոգյանի հետ առանձին հանդիպում է նախաձեռնել, սակայն ասել է, թե դա «տղայական ռազբորկա» չի եղել, ինչպես մամուլն է ներկայացրել։ ԱԺ-գործադիր պաշտոնյաների հակամարտությունը դուրս է եկել Գոգյան-Թամրազյան հակամարտության շրջանակներից եւ նախարարության ներկայացուցչին,մեղմ ասած, մեղադրել են իրավիճակին չտիրապետելու եւ ոլորտը բախտի քմահաճույքին թողնելու մեջ։

Այսօր ԱԺ-ում հանձնաժողովի անդամ իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում գրեթե հանրայնացրեց փակ հանդիպմանը տիրող մթնոլորտը՝ տեղ-տեղ բացահայտելով նախարարության անգործությունը կամ ոչ կոմպետենտությունը։

Արսեն Ջուլֆալակյանն ասաց, որ փոխնախարար Գրիշա Թամրազյանի ելույթից այնպիսի տպավորություն է ստացել, որ բացարձակ այլ իրականությունում է գտնվում՝ գոնե սպորտի մասով․«Ես միայն արձագանքել եմ նրա ելույթին, որը բավականին ծավալուն էր, նշեց որ Քովիդով պայմանավորված Հայաստանի մարզաշխարհում գրեթե հարց չկա, բոլոր հարցերը լուծված են, խնդիրները լուծված են, ես որպես հակադարձում նշեցի ուրբաթ օրը մեր հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկումը, որտեղ ես չեմ խոսել, այլ մարզաշխարհի ներկայացուցիչները, խնդրեցի՝ գնան մի հատ էլ նայեն տեսաձայնագրությունը և հասկանան այն հարցերը, որոնք լուծված են, թե գուցե թվացյալ լուծված են»,-ասաց նա:

Ջուլֆալակյանի խոսքով՝ ինքը բարձրաձայնել է հաշվետվողականության, հովանավորչության հետ կապված խնդիրները: Ջուլֆալակյանն ասաց, որ խնդիրների հետ կապված դիմել է պարետատանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին: Անդրադառնալով դիտարկմանը, որը ինքը մտահոգություն էր հայտնել, որ փոխնախարարը Սմբատ Գոգյանի հետ կապված հարցում ներքաշում է մարզիկներին, նրանց ստիպում են աջակցող հայտարարություններ անել, Արսեն Ջուլֆալակյանն ասաց. «Այնպես ստացվեց, որ պարոն փոխնախարարը հանձնաժողովի նիստին ինքը սկսեց այդ թեմաներից խոսել ՝այ տեսեք ՝ ինձ մարզիկներն են աջակցել, ռեկտորներ, ռեկտորների ժամանակավոր պաշտոնակատար։ Ստիպված արդեն պետք է ծավալվեր խոսակցությունը : Իմ պատասխանը, որն էր՝ի՞նչ կապ ունի մարզաշխարհը հնչեցված մեղադրանքների հետ, որ սատարում են Ձեզ, պարոն փոխնախարար: Եթե, օրինակ, ես խոսեի կամ ցանկացած մեկ այլ անձ խոսեր սպորտում եղած խնդիրների վերաբերյալ և ցածր գնհատական տա պարոն փոխնախարարին, և այդ ժամանակ մարզաշխարհը աջակցություն հայտնի, դա շատ նորմալ կդիտվի ,շատ բնական, բայց երբ խոսում ենք ատենախոսության գրագողության մասին, ենթադրյալ հովանավորչության մասին և կրթության և գիտության այլ հարցերի մասին, և մարզիկներ են արտահայտվում, կապը ես չեմ տեսնում»,- ասաց պատգամավորը: Նա նաև ընդգծեց, որ եթե պարզվի, որ փոխնախարարը Գոգյանի տան դիմաց  «զբորկայի» նպատակով էր գնացել, ապա դա շատ վատ արարք է, նման ձևով հարցերը չպետք է լուծվեն:  Բոլոր դեպքերում պատգամավորը խոստովանեց, որ Թամրազյանը չի հերքել, թե Գոգյանի տան մոտակայքում հանդիպում են ունեցել։