Ռազմական բախումն անխուսափելի է՞. Թրամփն Իրանին 2 ամիս ժամանակ է տվել

Ռազմական բախումն անխուսափելի է՞. Թրամփն Իրանին 2 ամիս ժամանակ է տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակում վերջնագիր է ներկայացրել՝ երկու ամսվա ընթացքում Վաշինգտոնի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքելու վերաբերյալ: 

Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրների և ամերիկացի պաշտոնյայի։

Նրանք պնդել են, թե նամակի բովանդակությունը «շատ կոշտ» է. Թրամփը հասկացրել է՝ դեմ է անվերջ քննարկումներին։

Ինքը՝ Թրամփը, մարտի 7-ին հաստատել է, որ Խամենեիին ուղերձ է հղել՝ առաջարկելով բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, իսկ ավելի ուշ հավելել. «Մենք չենք կարող թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ։ Շատ շուտով ինչ-որ բան է լինելու։ Ես կգերադասեի խաղաղության պայմանագիրը մյուս տարբերակից, բայց մյուս տարբերակը կլուծի խնդիրը»։

Նամակը Մերձավոր Արևելք է փոխանցվել նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի կողմից և ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բեն Զայեդի միջոցով փոխանցվել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Ինչպես հայտնի դարձավ մարտի 20-ին, Թրամփը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի նախագահին և Սենատի նախագահին, որում ներկայացրել է Իրանին հնարավոր ռազմական հարվածի հիմնավորումը։

Ամերիկացի առաջնորդը վկայակոչում է S.J.Res.106 բանաձեւը եւ Հանրային օրենքը՝ 107-40, որոնք Իրանը սահմանում են որպես ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք: