Կամ Վահագն Հովակիմյանն է դատվելու, կամ Ջիանի Բուքիքիոն

Կամ Վահագն Հովակիմյանն է դատվելու, կամ Ջիանի Բուքիքիոն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գնահատմամբ Հայաստանում հիմա անհնար է համավարակի տեմպը վերահսկել թե՛ տեղորոշումով, թե՛ ուրիշ գործիքներով։

«Ես կարծում եմ, որ մենք հասել ենք պիկին։ Հիմա պետք է նվազում գնա, իմ պատկերացումը սա է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ նախագահն իրավունք ունի՞ պատգամավորին դուրս հրավիրել նիստերի դահլիճից՝ դիմակ չկրելու պատճառով, պատգամավորն ասաց․«Դիմակ կրելը պետք է, բայց Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ-ի գործունեությունը չի կարող խոչընդոտվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ ընդունված սահմանափակումներով»։

Ուստի դիմակ չկրելու համար իրենց գործունեությունը չի կարող խոչընդոտվել։ Նա շեշտեց, որ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ պատգամավորներին դուրս հրավիրելու հետ կապված, հակասահմանադրական է։

«Մարդկանց չպետք է հանել դահլիճից, վերջը դա ամեն մարդու պատասխանատվության հարցն է, մարդը չպետք է անգամ բացատրություն տա, թե ինչու դա չի կրում։ Կարող է առողջական հարց կա, շնչառական հարց կա, չպիտի իր կյանքը պատմի բոլորին՝ ինչու չի կրում դիմակ։ Դրա համար չպետք է մարդու սահմանադրական լիազորությունները սահմանափակել»։

Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե Վրաստանում թաքցնում են վարակակիրների թվերը և ճիշտ տեղեկատվություն չեն տալիս, Է. Մարուքյանն ասաց, որ դա խայտառակություն էր։

«Մենք պետք է քիչ խոսեինք ու շատ աշխատեինք, բայց հակառակն է եղել։ Եվ Վրաստանի հետ հարաբերություն փչացնելու իմաստը ո՞րն  է։ Ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա պետք է ուշադիր լինի իր հայտարարություններն անելիս, որպեսզի բարեկամ, հարևան երկրների հետ խնդիրներ չունենանք»։ Ներկայումս իշխանությունը Վենետիկի հանձնաժողովի մասին դրական կարծիք հայտնում, մինչդեռ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախկինում հայտարարում էր, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ադամանդակուռ կաշառք է ստացել, Մարուքյանը կարծում է, որ սրանից հետո պետք է որոշակի գործողություններ լինեն։

«Հիմա ինքը` Վահագն Հովակիմյանը պետք է դրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես գա, կամ պետք է քրգործ հարուցվի սուտ մատնության համար: Կամ պետք է Վահագն Հովակիմյանը դատվի սուտ մատնության համար, կամ Բուքիքիոն դատվի այդ կաշառքը վերցնելու համար, եւ Սերժ Սարգսյանը այդ կաշառքը տալու համար: Վահագն Հովակիմյանը հիմա բարդ վիճակում է, պետք է որոշի՝ ինքն է դատվում, թե Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը:

Մեր հարցին, թե ՍԴ խնդրի լուծման ինչ տարբերակը իրենց համար ընդունելի կլինի, ԼՀԿ ղեկավարը պատասխանեց. «Մենք կողմ կլինենք, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորվեն, ստեղծվի Գերագույն դատարան՝ մի քանի պալատներով: Դա ամերիկյան համակարգին կնմանվեր: Հիմա այդ տարբերակը Սահմանադրական հանձնաժողովում էլի քննարկվում է»: