Պարտվողականության էպոխայի ֆինալը

Պարտվողականության էպոխայի ֆինալը

Դեռ պատերազմից առաջ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական արեւելումի առիթով գրել էի, որ նա խիստ անհանգստացած է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագայով, որովհետեւ այդ ապագան ոչ միայն մշուշոտ է, այլեւ ուղիղ կապ ունի իր քաղաքական ապագայի հետ: Եվ հիմա, երբ Տեր-Պետրոսյանն սկսել է մեծ ջանքեր գործադրել Նիկոլից պոկվելու նպատակով՝ քննադատում է, որակումներ է տալիս եւ այլն, ստիպված եմ կրկնել նախորդիվ հայտնած միտքս, որ Փաշինյանի տեսքով մեզ պատուհասած այս մղձավանջի ավարտով ավարտվում է պարտվողականության մի ամբողջ էպոխա, որ չնայած Արցախյան պատերազմում արձանագրված հաղթանակներին, 30 տարի շարունակ ուրվականի պես կախված է եղել մեր պետության գլխին:

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չի փորձում դաշինք կազմել իր հոգեզավակի՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Մի՞թե միայն այն պատճառով, որ պետական գործերից ու պատերազմից գլուխ չհանող իր խամաճիկը աղետի է մատնել մի ողջ երկիր՝ իր ժողովրդով հանդերձ: Բայց, արդյոք, սա պատճա՞ռ է, որ այդ աղետի գաղափարական հիմնադիրը դաշինք չկազմի այն իրագործողի հետ: Չեմ կարծում: Փաստ է, չէ՞, որ եթե շունն իր պոչը թափահարի «Իմ քայլը» իշխանական խմբակցությունում, այն անպայման կդիպչի որեւէ լեւոնականի: Չթվարկեմ բոլոր ուսապարկերին, որոնք ՀԱԿ-ակտիվիստի կարգավիճակից են դարձել պատգամավոր, բայց ինչպե՞ս չտամ Անդրանիկ Քոչարյանի ու Հովհաննես Իգիթյանի անունները, ինչպե՞ս չհիշեմ Գագիկ Ջհանգիրյանին, Խաչատուր Սուքիասյանին, առողջապահության հին ու նոր նախարարներին ու մյուսներին, որոնք թե՛ լեւոնական են, թե՛ նիկոլական՝ հավասարապես:

Տեր-Պետրոսյանին կարող եմ առաջարկել մեկ այլ, ավելի «հրաշալի» եւ ավելի լայն դաշինք, համարյա «հրաշալի քառյակ»՝ ՀԱԿ-ՔՊ-ԼՀԿ-Ծռեր: Հավատացնում եմ, որ դեռ Արման Բաբաջանյանն ու Սծյոպիկ Սաֆարյանն էլ կաջակցեն այդ դաշինքին: ԲՀԿ-ին այստեղ չեմ դիտարկում զուտ մարդասիրական մղումներով: Այդ կուսակցությունը մի անգամ գործ ունեցել է Տեր-Պետրոսյանի հետ եւ հազիվ թե երկրորդ անգամ փորձի նույն ջուրը մտնել:

Եվ, վերջապես, կարելի է ընտրությունների չգնալ ընդհանրապես, եթե լիովին չես կորցրել քաղաքական հիշողությունդ: Սա, իմ կարծիքով, գեղի կլուբի վերածված ՀԱԿ-ի համար լավագույն տարբերակը կլինի: Թե չէ՝ առաջին պլան գալ, սուտ բանադրել Նիկոլին, ինքզինքը ցուցադրել որպես մտահոգ՝ հարիր չէ մի մարդու, որին հիմնադիր նախագահի նիշան, թվում է, պետք է լիուլի բավարարեր այս կյանքում: Պետք է հասկանալ նաեւ, որ այլեւս 1999 թվականը չէ, 2008 թվականը չէ, 2018 թվականը չէ, 2020-ը չէ: Փակվում է պարտվողականության էպոխան եւ այն էլ՝ հիմնավորապես: