Ամուլսարի երկու երեսը

Ամուլսարի երկու երեսը

Ամուլսարի կրքերը Երեւանից երեկ կրկին տեղափոխվեցին Վայոց ձոր։ Վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեգանախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ, անսպասելիորեն ուղղաթիռով մեկնեց մարզ։ Կարելի էր մտածել, թե գնացել է՝ տեղում ծանոթանալու բնակիչների տրամադրություններին եւ դրանք հանրայնացնելու, որովհետեւ համացանցում այս օրերին փաշինյանական թիմից առարկում են, թե Ամուլսարի շահագործումը հուզում է ոչ այնքան տեղացիներին, որքան բնապահպան-ակտիվիստներին, մանավանդ՝ «գրանտակեր»։ Բայց, ի զարմանս շատերի, վարչապետն էլ անաչառ չգտնվեց եւ շրջանցեց ամենաթեժ կետը՝ Գնդեվազը, որն ամենամոտն է Ամուլսարին։

Փողոցում վարչապետին սպասող, աչքները ջուր կտրած գնդեվազցիներին այլ բան չէր մնում, քան անեծքներ տեղալ Փաշինյանի հասցեին։ Մի կին ասում էր․ «Ուզում եք մեզ կոտորեք, ուրեմն հանքը շահագործեք։ Հա՛ շահագործեք, կոտորեք մեզ, Փաշինյանի վիզը․․․»։ Կնոջ խոսքը բերանում թողեցին համագյուղացիները՝ տեսախցիկներից հեռու տանելով։ Մի քանիսը հասել էին Ջերմուկ եւ մայրաքաղաքից մեկնած պատվիրակներին տեղեկացրին, որ իրենց ստիպել են վաճառել իրենց հողերը հանքի տարածքի համար։ «Մեր արոտները՝ 2000 հա, ստիպողաբար վաճառվել է «Լիդիանին»։ Եթե 4 մլն-ն չես վերցնում, ուրեմն գերակա շահ են ճանաչում ու ձրի ձեռիցդ վերցնում են։ Ժողովրդին տոչնի չեն ասել իրենց գլխի գալիքը, թե ինչ է լինելու ձեր գլխին։ Այսօր ենք մենք տեսնում, թե ինչ է կատարվել Գնդեվազի տարածքում։ Մենք դեմ ենք եւ վերջ»,- ասաց բնակիչներից մեկը։
Վարչապետի այցը երեւան բերեց երկու իրականություն՝ հանքին անմիջապես մոտ գտնվող համայնքներում դեմ են, որ այն շահագործվի, իսկ հարակից գյուղերում տրամադրությունները կտրուկ չեն, կողմ արտահայտվողներ էլ եղան, միայն մի պահանջով․ «Եթե պիտի շահագործվի, գոնե աշխատուժն ընտրվի մարզից, այլ ոչ թե մայրաքաղաքից կամ, ասենք, Աբովյանից մարդ բերեն»։ Փաշինյանը նախ եղավ Ջերմուկում։ Հանդիպման եկած մի քանի տասնյակ բնակիչներ պատրաստ չէին որեւէ կոմպրոմիսի գնալ․ նրանք պնդում էին, որ Ամուլսարը հանք չի դառնալու, ասում էին, որ չնայած հանքը մոտ մեկ տարի է՝ պասիվ վիճակում է եւ չի շահագործվում, բայց վնասները ներկայումս զգացնել են տալիս։

Օրինակ, կովերը արոտավայրերում այլեւս ջուր չեն խմում։ Փաշինյանը փորձեց հումորով լիցքաթափել լարված մթնոլորտը՝ ասելով, թե կովերի վրա հոգեբանական ազդեցություն եք գործել, այնքան եք ականջների տակ ասել, որ Ամուլսարը հանք չի դառնա՝ «էլ ո՞նց էդ կովը ջուր կխմի»։ Բայց դա էլ չմեղմեց ջերմուկցիների տրամադրությունը։ Փաշինյանը ջերմուկցիներին խոստացավ՝ եթե փորձաքննություն իրականացրած ԷԼԱՐԴ ընկերությունից հստակ պատասխան ստանա, որ հանքի շահագործումն ազդելու է հողի, ջրի, խոտի վրա, ապա հանքը չի շահագործվի։ Ասաց, որ շաբաթ օրը տեսակապով զրուցելու է ընկերության պատասխանատուների հետ, հստակ պարզաբանումներ կպահանջի փորձաքննության արդյունքների վերաբերյալ, ու դրա մասին կիմանա նաեւ հանրությունը։  Ջերմուկ էր շտապել նաեւ Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը․ նա էլ իր դիտարկումներով միացավ ջերմուկցիներին: Ասաց, որ ի սկզբանե նախատեսված է եղել հանքի ոսկու կորզման ֆաբրիկան տեղակայել Սյունիքի մարզում, հետագայում պահանջ ներկայացվեց իրենց, որ ոսկու կորզման ֆաբրիկան տեղակայվի Կեչուտի ջրամբարից ներքեւ, որպեսզի այդ մնացորդային ջրերը ջրամբար չլցվեն։ «Սակայն ջրի խնդրից բացի՝ այդ հանքի շահագործումն այլ խնդիրներ էլ է հարուցում»,- նշեց Էդգար Ղազարյանը:

Ըստ նրա՝ հանքը կարող է շահագործվել միայն ամռան ամիսներին, որովհետև ձմռանն այնտեղ շատ ձյուն է լինում: «Իսկ ամռան ամիսներին հանքի շահագործումը ենթադրում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի, հիմա ինչ փորձագիտական եզրակացություն էլ ուզում են անեն, հնարավոր չէ, որ այդ փոշին այս քաղաքի վրա չազդի, էլ չեմ խոսում հանքաքարի տեղափոխման և այդ աղմուկի մասին»։ Փաշինյանը չթաքցրեց՝ տեղյակ չէր այդ մասին, խոստացավ արխիվային փաստաթղթերին ծանոթանալ։ Ավելի ուշ համացանցում տարածեցին Ղազարյանի՝ դեռեւս 2014 թվականին հնչեցրած կարծիքը, երբ նա ղեկավարում էր Վայոց ձորը։ Նա այն ժամանակ «ուրախությամբ» է խոսել հանքավայրի շահագործման «տնտեսական արդյունքների» մասին։ Պատասխանելով հարցին, թե հանուն նոր աշխատատեղերի ստեղծման արժե՞ վտանգել մարդկանց առողջությունն ու շրջակա միջավայրի մաքրությունը, հատկապես այն պարագայում, որ Ամուլսարը շահագործելու հայտ ներկայացրած «Գեոթիմ» ՓԲԸ-ն ներկայացված նախագծում ռիսկերի գնահատում չի իրականացրել, նա պատասխանել է․ «Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության բացասական գործոններին, ապա դրանք պետք է կառավարվեն եւ նվազագույնի հասցվեն»:

Ջերմուկից հետո վարչապետը, շրջանցելով Գնդեվազը, ուղեւորվեց Սարավան, Գորայք։ Այստեղ տրամադրություններն այլ էին։ Գորայքում նույնիսկ դրական արձագանքեցին հանքի բացմանը: «Մեր համայնքից կարող ա լինեն մարդիկ, որ դեմ լինեն, բայց մեծ մասս ուզում ենք, որ հանքավայրն աշխատի, մենք էլ աշխատենք: Մեր մոտից 30 հոգի այնտեղ է աշխատել»,- ասաց բնակիչներից մեկը: Մյուսն էլ նշեց, որ եթե հանքը չշահագործվի, ապա իրենք պետք է թողեն գնան երկրից, որովհետեւ աշխատանք չեն ունենա: «Դե հիմա մյուսներն էլ ասում են՝ հանքն աշխատի, թողեն գնան այս երկրից»,- արձագանքեց Փաշինյանը: 

Ի դեպ, Փաշինյանին չէին ուղեկցում թիմակիցները, բացառությամբ Սուրեն Պապիկյանի, անգամ Վայոց ձորի մարզպետը չկար։ Փաշինյանը զայրացած է թիմի վրա, որտեղ մեծ խառնաշփոթ է, չկա համախմբվածություն, ոմանք, չսպասելով կառավարության վերջնական որոշմանը, առաջինը քար նետեցին Փաշինյանի ուղղությամբ՝ կասկածի տակ դնելով կառավարության պատվիրած փորձաքննության արդյունքները։ Պատահական չէ, որ վարչապետն էլ իր հերթին էր երեկվա այցի ընթացքում հեգնում թիմակիցներին՝ Ամուլսարի աշխատակիցներից հետաքրքրվելով՝ տալի՞ս են արդյոք երաշխիք, որ 30 տարի հետո առանց ձեռք ու ոտք երեխաներ չեն ծնվի։ Նման արտահայտության հեղինակը, հիշեցնենք, «Իմ քայլից» Վարազդատ Կարապետյանն է։ Փաշինյանն անձամբ պատասխանելով նման ռիսկի մասին հարցին՝ ասաց․ «Իհարկե՝ ոչ, չկա նման մտահոգություն»։
Այսօր ԷԼԱՐԴ-ի հետ շփումից որոշակի կդառնա Ամուլսարի շահագործման հետագա ճակատագիրը։ Նշենք, սակայն, որ իշխանական շրջանակներում արդեն իսկ կա հստակ որոշում՝ հանքը պետք է շահագործվի։ Հենց այդ նպատակով էլ վերջին օրերին մեծ թվով ոստիկանական զորքեր են կուտակվում Ջերմուկում։ Եվ բոլորը հասկանում են, որ վարչապետի այցը այս որոշման հնարավոր հետեւանքները մեղմելուն ուղղված պարզ փիառ է։