Իշխանական էլիտայի նոր պարգևատրությունը
Կորոնավիրուսի ֆոնին, երբ ամբողջ աշխարհում պանդեմիա է հայտարարված, մեզ նման երկփեղկված, եռփեղկված փոքր երկրում իշխանությունը պիտի եզրեր գտներ հասարակության մեջ առկա, նյութական առումով, անջրպեդը վերացներ։ Չէ՞ որ իշխանության էր եկել հենց այդ պատմական միսիայով, որպեսզի ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց վիճակը բարելավեր։ Հակառակ քայլը ընտրեց, որով, սրանից հետո ինչ էլ անի, հանրության, հասարակության բարեհաճ վերաբերմունքին չի կարողանալու արժանանալ։ Իր թիմի, իշխանական էլիտայի աշխատավարձերը կրկնապատկեց, պարգևավճարները աշխատավարձերից անցան ու անտեսվեց հանրային բողոքը։ Ինչ ուզում ես ասա, գրիր, իրենք իրենց իմացածն են անում, միլիոններով պարգևավճարներ են ստանում ու ցինիկ ձևով ծաղրում ժողովրդին՝ լավ կադրը լավ գին է պահանջում, այն դեպքում, երբ հենց իրենք են խոսում, որ կադրային բանկ չունեն։
Իշխանության վերին օղակների պարգևատրությունների մասին դուք գիտեք՝ «հորով- մորով արեցին», անտեսելով կարանտինի վիճակում գտնվող մարդկանց թշվառ վիճակը։ Եթե ձեզ թվում է, որ դրանով ավարտվեց ու մնացածները չեն պարգևատրվում, չարաչար սխալվում եք։ Ամեն ինչ ընթանում այնպես, ինչպես եղել է։ Հրապարակի աղբյուրներով երկու օր առաջ պարգևատրվել են նաև ՊՎԾ ղեկավար կազմը՝ աշխատավարձի չափով։ Մի քիչ ուշացրել են, համապատասխան ցուցումով, որ աղմուկը հանդարտվի, հետո տան։ Երբ առաջին գծում գտնվող ինֆեկցոն աշխատողներին չնչին պարգևատրություն են տալիս, անմիջապես լրատվականներով թմբկահարում են, իսկ երբ պարգևատրությունները՝ հարյուր հազարներով, միլիոններով, վերաբերվում է իրենց, խոհեմաբար լռում են։ Կարանտինի պայմաններում սա ի՞նչ պարգևատրությունների շքերթ է, մի՞թե տարբերություն չեք դնում մինչ կարանտինային ու կարանտինային վիճակների մեջ։ Թե՞ մեղրը վայելելուց հետո դժվար է հետ կանգնել։ Հանրությունը բողոքում էր, երբ գաղտնի կատարվեց այդ ամենը, այն ժամանակ դեռ կարանտին չէր, հիմա ի՞նչ անի․․․
Կարծիքներ