«Սպայկայում» ոչնչից տեղյակ չեն

«Սպայկայում» ոչնչից տեղյակ չեն

Օրերս հայտնի դարձավ, որ իրավապահները քրեական հետապնդում են հարուցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ։ Վարույթը 76 դրվագից է կազմված, բայց դրանցում որեւէ նոր բան չկա` 2018-ից հետո հարուցված գործերի հավաքածուն է, որը չգիտես ինչու թարմացրել են եւ ասպարեզ բերել։ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, գործով անցնում է 12 մեղադրյալ, ըստ Հանրային հեռուստաընկերության պատրաստած ծավալուն ռեպորտաժի` երկու անձ կալանավորված է` «Երեւան մոլի» եւ «Դաբլթրի հիլտոն» հյուրանոցային համալիրի տնօրենները։ 

Հ1-ի 10 րոպեանոց խայտառակ ռեպորտաժում դատախազը «մեղադրական դատավճիռ» է կարդում եւ մեղադրանքները ներկայացնում` որպես ապացուցված հանցագործություններ, նաեւ բազմաթիվ անձանց եւ կազմակերպությունների անուններ է շոշափում, որոնք հանգիստ կարող են դիմել դատարան` իրենց գործարար համբավին վնասելու եւ անմեղության կանխավարկածը խախտելու հիմքով:

Ռեպորտաժում խոսվում է նաև «Սպայկա» բեռնափոխադրող հայտնի ընկերության մասին, որտեղ Մ.Մինասյանը փայաբաժին ունի: «Սպայկայի» հանդեպ այս իշխանությունների «սերն», իհարկե, նոր չէ` 18-ից հետո մեծ գումարներ գանձվեցին այս ընկերությունից` հարկային պարտավորությունների անվան տակ: Եւ ընկերությունը կորցրեց իր հզորությունները եւ սկսեց դժվարությամբ գործել: Հիմա, փաստորեն, կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում:
«Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ անգամ տեղյակ չէ Հանրայինի ռեպորտաժի և Միքայել Մինասյանի դեմ հարուցված վարույթի մասին: Հարցին` «Սպայկա» ընկերությունից որևէ մեկը հրավիրվե՞լ է, հարցաքննվե՞լ է, ընկերության հաշվի վրա կալանք դրվե՞լ է, մեր զրուցակիցը նշեց. «Ոչ մի բան չգիտեմ այդ հարցաքննության մասին, իսկ հաշվին կալանք չկա»: Իսկ դատարան չե՞ք պատրաստվում դիմել` ձեր գործարար համբավին հասցված վնասի հիմքով. «Չգիտեմ ինչի մասին է խոսքը, այդ ռեպորտաժն արդեն եթե՞ր է գնացել», - հարց ուղղեց մեզ Բաղդասարյանը: