На переправе коней меняют

На переправе коней меняют

Ռուսաստանի նախագահի ամենամյա հերթական ուղերձը ՌԴ Դաշնային ժողովին անսպասելիորեն դարձավ շրջադարձային կետ հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ։ Թեպետ տվյալ դեպքում անսպասելիությունը պայմանական է, որովհետեւ ամեն ինչ նախօրոք պլանավորված էր, եւ ընդամենը երկու օրում նոր վարչապետի նշանակումն ու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի արագ ձեւավորումը վկայում են ոչ հրապարակային, բայց համակարգված գործընթացի մասին։

Սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ հերթականությամբ։ Ինչպես հայտնի է, Պուտինն ուղերձում առաջարկեց իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ կառավարման համակարգի կատարելագործման նպատակով։ Դրանցից ամենակարեւորն այն է, որ միջազգային օրենսդրությունն ու պայմանագրերը Ռուսաստանի տարածքում կիրառման տեսանկյունից այլեւս չեն կարող գերակա լինել երկրի սահմանադրության նկատմամբ։ Այսինքն՝ Ռուսաստանը ինքն իրեն դնում է միջազգային խաղի կանոններից վեր, եւ դա իբրեւ ինքնուրույն աշխարհաքաղաքական բեւեռ ընդգծվելու փորձ է։

Որքանով կհաջողվի  իրագործել գործնականում, այլ հարց է, բայց Պուտինն իր ելույթում արձանագրեց, որ միջուկային սպառազինությունների ոլորտում Ռուսաստանի նոր ձեռքբերումներն այնպիսի առավելություն են ապահովում աշխարհաքաղաքական այլ կենտրոնների նկատմամբ, որ ըստ էության հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում խոսել ուժի դիրքերից։ Թեպետ ռուսական տնտեսությունը թե´ մակրոտնտեսական կառուցվածքով, թե´ աճի տեմպերով ու համապատասխանաբար քաղաքացիների բարեկեցության մակարդակով, անհամեմատ զիջում է ԱՄՆ-ին, Եվրամիությանը եւ անգամ՝ Չինաստանին։

Փոփոխությունների երկրորդ կարեւոր մասն այն նոր սահմանափակումներն են, որ վերաբերում են բարձր պետական պաշտոններին։ Առաջարկվում է, որ ՌԴ նախագահի որեւէ թեկնածու կկարողանա հավակնել այդ պաշտոնին, եթե ոչ միայն ծնվել է Ռուսաստանում, ինչն այսօր էլ պարտադիր պայման է, այլեւ մշտապես բնակվել է երկրում առաջադրմանը նախորդած 25 տարվա ընթացքում։ Միաժամանակ արգելվում է, որ նախագահի թեկնածուն ունենա երկքաղաքացիություն եւ անգամ այլ պետությունում մշտական բնակության կարգավիճակ։ Վերջին նորմը նախատեսվում է տարածել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների վրա՝ ներառյալ նահանգապետերը։ Միաժամանակ ենթադրվում է Ռուսաստանի քաղաքացիների համար բացառել երկքաղաքացիությունն առհասարակ։ Մյուս առաջարկվող փոփոխություններն ավելի շատ կոսմետիկ բնույթ ունեն, եւ այդ ամենից, իհարկե, ԽՍՀՄ ժամանակների հոտ է գալիս։

Բայց սա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստեն Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցող պետությունները, հատկապես՝ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք ռուսական ազդեցության առաջնային օղակում են։ 

Պուտինի ուղերձին հետեւած էլ ավելի անսպասելի զարգացումը Դ. Մեդվեդեւի կառավարության հրաժարականն էր եւ Մ. Միշուստինի առաջադրումը վարչապետի պաշտոնում։ Պուտինն այդ քայլը պատճառաբանեց տնտեսությանը նոր դինամիկա հաղորդելու եւ մի քանի այլ շարժառիթներով։ Հընթացս արձանագրեց, որ իր վաղեմի ընկեր ու համախոհ Մեդվեդեւն անգործ չի մնա եւ այսուհետ կզբաղեցնի ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի նոր ստեղծվելիք պաշտոնը։ Այդպիսի պաշտոն նախկինում երբեւէ գոյություն չի ունեցել եւ, փաստորեն, ստեղծվեց հատուկ Մեդվեդեւի համար։ Դրան զուգահեռ, ԱԽ քարտուղար Ն. Պատրուշեւը մնում է իր պաշտոնին, իսկ ԱԽ-ն նախագահում է ինքը՝ Պուտինը։ Բայց ավելի ուշագրավ էր Մեդվեդեւի բացատրությունը, որ ինքը հրաժարական է ներկայացրել՝ նախագահին ավելի ազատ ընտրության հնարավորություն տալու համար։ Թեպետ Պուտինը նման պրոբլեմ չի ունեցել անգամ 2008-2012թթ., երբ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զիջել էր Մեդվեդեւին եւ իբրեւ վարչապետ ֆորմալ իմաստով նրա ենթական էր։ Մեդվեդեւի ռեպլիկը բացահայտումն է այն իրողության, որ ռուսական վերնախավում սկսվել է վերադասավորումների նոր շրջան՝ 2024-ին ընդառաջ։ Այդ ժամանակ Պուտինի նախագահության վերջին ժամկետը կավարտվի, եւ այժմ սկսվում է ժառանգորդի նախապատրաստումը։ 

Բայց այդ ժառանգորդը հաստատապես Միշուստինը չէ։ Ռուսական փորձագետների մեծամասնության կարծիքով, նա վարչապետ է ընտրվել, քանզի քաղաքական դեմք չէ, այդպիսին դառնալու հավակնություն եւ հնարավորություն չունի։ Միշուստինը տիպիկ տեխնոկրատ-վարչապետ է, կառավարման համակարգում 20-ամյա փորձով, գերազանց գիտի ռուսական տնտեսությունը, համարվում է Ռուսաստանում հարկային բարեփոխումների հայրը։ Ու թեպետ կոռուպցիոն եւ այլ բնույթի սկանդալների մեջ չի երեւացել, ռուսական ընդդիմադիր մամուլը գրում է նրա ընտանիքին պատկանող լուրջ ու եկամտաբեր բիզնեսների մասին։ Այդ թվում, տարբեր օլիգարխների հետ փայաբաժիններով։ Սակայն բոլոր դեպքերում նա ավելի տնտեսական վարչապետ է եւ ունի բոլոր շանսերը՝ ավելի լավ արդյունքներ արձանագրելու, քան Մեդվեդեւը։ Հավանական է համարվում, որ նա կպաշտոնավարի մինչեւ 2022-2023թթ., եւ այդ ընթացքում էլ Պուտինը կկողմնորոշվի ժառանգորդի հարցում, ով էլ վարչապետ կնշանակվի եւ հետո  նախագահ կդառնա 2024-ին՝ 12-ամյա ժամկետով։ 

Ակնհայտորեն, այդ ժառանգորդը Մեդվեդեւը չէ, հակառակ պարագայում նա չէր հեռանա վարչապետի պաշտոնից։ Սա նշանակում է, որ 2008-2012թթ. փոխատեղման սցենարն այլեւս չի կրկնվելու։ Այն ժամանակ Պուտինն իր մտերիմ ընկերոջը կարգեց նախագահ, որովհետեւ մտադրվել էր վերադառնալ իշխանության գլուխ 2012-ին՝ եւս 12 տարով։ 2024-ին նա հեռանալու է ընդմիշտ, եւ նախագահի հիմնական թեկնածուի հարցում միայն նրա ցանկությունը, ըստ ամենայնի, բավարար չէ։ Այժմ ժառանգորդ ընտրելիս հարկ է լինելու հաշվի առնել նաեւ այլ գործոններ, բանակի, հատուկ ծառայությունների, ֆինանսատնտեսական խմբավորումների, հիմնական քաղաքական կուսակցությունների տեսակետները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարության ղեկավարը լինի քաղաքականապես չեզոք եւ անցումային փուլում ավելորդ հավակնություններ չունենա։ Ռուսական առածը՝ «Գետանցին ձիերին չեն փոխում», այս անգամ աշխատեց հակառակ տրամաբանությամբ։ Եթե, իհարկե, նոր «ձիերը» կարողանան ապահովել սահուն ու անցնցում  «գետանցը»։

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ