Արդար է

Արդար է

Երբ դու տասնամյակներ շարունակ քո քաղաքական ու խմբագրական գործունեությունը կառուցել ես «դասակարգային անտագոնիզմի վրա», հրահրել ես աղքատների բունտն ընդդեմ հարուստների, պաշտոն չունեցողների ընդվզումն ընդդեմ պետական պաշտոնյաների, չպետք է զարմանաս, որ մարդիկ նույն անտագոնիզմն ունեն քո հանդեպ, երբ արդեն իշխանություն ես:

Ժամանակին բարձր աշխատավարձերի, «պադավատների», պաշտոնական շարասյուների, պետության հաշվին վոյաժների մեկնողների դեմ քո պայքարի սերմերը, կարելի է ասել, պարարտ հողի մեջ են ընկել, ծլարձակել ու պտուղ տվել: Հիմա մարդիկ նույն մեղադրանքները, որոնք դու տարիներ շարունակ ուղղում էիր իշխանություններին, օլիգարխներին, ուղղում են քեզ: Երբ դու բարձր պաշտոն զբաղեցրած անձանց ունեցվածքը խլելու համար օրենքներ էիր ընդունում, նրանց մեղադրում թալանի մեջ, հայտարարում, որ ժողովրդից տարածը կոպեկ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձնեն, մի զարմացիր, երբ ժողովուրդն ասում է, որ հիմա էլ դու ես խաշլամա-խորոված-քյաբաբ ուտում, եւ պահանջում է, որ քո կերածից իրեն բաժին հանես:

Մարդիկ շատ ուղղակի են հասկանում նման քարոզչությունը: Երբ դու խոսում էիր պադավատապետությունից, շվեդիաների օրինակները բերում, թե մի քանի մեքենայով իշխանությունը յոլա է գնում, իսկ իշխանավորները պետական տրանսպորտով են երթեւեկում, մի զարմացիր, որ մարդիկ ասում են` ո՞ւմ հաշվին եք դու եւ կինդ թանկ մեքենաներով տեղաշարժվում: Եվ բացատրությունները, թե` շատ հանդիպումներ ենք ունենում, արագության ու հասցնելու խնդիր կա` չեն աշխատի, որովհետեւ նախկին իշխանությունն էլ ուներ հանդիպումներին հասցնելու, արագ տեղաշարժվելու խնդիր, բայց դու նրանց փաստարկները բանի տեղ չէիր դնում: Առհասարակ` բումերանգի օրենքն ամենագործող օրենքն է: