Հաղթողներին չե՞ն դատում
Հոկտեմբերի 2-ին Բագրատ Սրբազանի կողմից հանրային հեռուստատեսության շենքը «գրավելու» ընթացքում ոստիկանապետ Հովհաննիսյան Արամի թույլ տված արտահայտությունը կարելի է համարել գործող իշխանության իրական կերպարի բացահայտումը: Երբ վերջինս փորձում էր կանխել մարդկանց մուտքը հեռուստաընկերության տարածք՝ լրագրողները նրան հիշեցնում են, որ 2018-ին Փաշինյան Նիկոլի մուտք Ռադիոտուն, չգիտես ինչու, չկանխվեց: «Ինչը կարելի էր Փաշինյանին, չէ՞ր կարելի ուրիշներին» հարցնում են լրագրողները նրան: «Ոչ մեկին չի կարելի օրենք խախտել, դե հիմա խի եք եկել, 6 տարի առաջվա դեպքերը վեր հանել»,- սրտնեղած (ենթադրաբար) պատասխանում է ոստիկանապետը։
Փաստորեն ոստիկանապետը տեղյակ չէ, որ գործող իշխանությունը, չգիտես ինչու, վեր է հանում ոչ միայն վեց, այլև տասնվեց տարվա դեպքերը: Եվ մեղադրանքներ է հարուցում դրանց հիման վրա. խոսքը 2008-ի մարտի 1-ի առումով հարուցված ու դատարանով փակված քրգործերի մասին է: Բայց տվյալ դեպքում Հովհաննիսյան Արամը, չգիտես ինչու, չի բարձրաձայնում, թե էս ինչ եք անում՝ ո՞նց կարելի է 16 տարվա դեպքերի առումով քրեական գործեր հարուցել: Ինքը պետք է տեղյակ լինի, որ նման պրակտիկան բացահայտում է Հայաստանի իրավապահ համակարգում երկակի չափանիշների առկայությունը: Ինչը հարիր չէ ոչ միայն իրական ժողովրդավարությանը, այլ ընդհանրապես նորմալ պետությանը: Եվ եթե նախկինների առումով քրեական վարույթներ են իրականացվում 16 տարվա վաղեմության իրադարձությունների հիմքով, ապա նույն համակարգը պարտավոր է նույն վերաբերմունքը դրսևորել Փաշինյան Նիկոլի նկատմամբ ընդամենը վեց տարվա վաղեմության հիմքով:
Պետք է որ այդ «թերացումը շտկվի»՝ համապատասխան հաղորդում ներկայացնելով դատախազություն: Ինչը կարող է կատարվել Սրբազանի շրջապատի կամ 2008 թվականի մարտի 1-ի գործով մեղադրվողների փաստաբանների կողմից: Եվ քանի որ դատախազությունը դժվար թե պատասխանատվության կանչի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, հաջորդ փուլում արժե մտնել դատարան: Դա պետք է արվի, որպեսզի հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո խնդիրը ներկայացվի Եվրոպական դատարանին՝ որպես կրկնակի չափանիշների աղաղակող երևույթի առկայություն: Կարծում եմ, որ մինչ այդ էլ կմոտենան ԱԺ հերթական ընտրությունները (եթե, իհարկե, մինչ այդ Սրբազանին չհաջողվի պարտադրել Փաշինյանի հրաժարականը): Իսկ ընտրությունների ժամանակ դա կարելի է ծավալուն տեսքով օգտագործել ընդդեմ վարչապետի աթոռից կառչած անձի:
Նույն երևույթի մեկ այլ դրսևորում է հանրահավաքի ժամանակ «երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության» դեպքը, որի վերաբերյալ ՄԻՊ-ին «ահազանգ» է ներկայացրել ԱԺ ՔՊ-ական «ազգընտիր» Հակոբյան Հասմիկը: Քանի որ այդ անուն-ազգանունն ինձ ոչինչ չհուշեց՝ բացեցի խորհրդարանի կայքի համապատասխան էջը: Փաստորեն, 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ տիկինը լրագրող է եղել Ալենի ղեկավարած լրատվական կայքում՝ վերջինիս ենթակայության ներքո, հետո դարձել է նրա օգնականը: Բնական է, որ այդ պարագայում տիկինը չպետք է նկատեր ոչ թե մեկ երեխայի, այլ բազմաթիվ երեխաների նկատմամբ հոգեբանական բռնության բազմաթիվ նմանատիպ դեպքերը: Եթե, իհարկե, նրա ներկայացրածն իսկապես այդպիսին է:
Սակայն քանի որ այն ժամանակ երկրում ընթանում էր «թավշյա հեղափոխություն», երեխաների փողոցային ակտիվության դրսևորումները չէին ընկալվում որպես հոգեբանական բռնություն: Բայց հաշվի առնելով, որ, ի տարբերություն ՔՊ-ականի, ՄԻ պաշտպան Մանասյան Անահիտը սահմանադրական անկախ կառույցի ղեկավար է, կոչված է պաշտպանելու ոչ թե մեկ, այլ բոլոր երեխաների լավագույն շահն ու իրավունքները: Եվ ըստ այդմ, ստիպված պետք է անդրադառնա նաև 2018 թվականի դեպքերին: Հատկապես որ երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու առումով վաղեմության ժամկետի հասկացությունը, որքան տեղյակ եմ, չի գործում:
Հ. Գ. Քանի որ հատկապես վերջին առաջարկս ֆանտաստիկայի ոլորտից է, ապա, հանուն արդարության, անհրաժեշտ է լուծել Նիկոլի կողմից վարչապետի աթոռից կառչելու խնդիրը: Ինչով էլ կյանքի կկոչվի հաղթողներին դատելու պրակտիան՝ եթե նրանք խախտել են կարմիր գծեր:
Կարծիքներ