Առուշանյանի ազատման համար առաջարկում են գրավ՝ 20 միլիոն դրամի չափով

Առուշանյանի ազատման համար առաջարկում են գրավ՝ 20 միլիոն դրամի չափով

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մեկնարկել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշման դեմ բողոքի քննությունը։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մերժել էր Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։

Դատական այսօրվա նիստին չի ներկայացել մեղադրող դատախազ Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ մասնակցում է վերապատրաստումների, սակայն չի առարկում, որ պաշտպանն այսօր կայացած դատական նիստին ներկայացնի իր բողոքը։ Դատական նիստին չի ներկայացվել նաև Առուշ Առուշանյանը։

Նշենք, որ պաշտպանը մեզ հետ զրույցում նիստից առաջ ասաց, որ դատարանին առաջարկելու է գրավ՝ 20 միլիոն դրամի չափով։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։ 

Նշենք նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։