«Զիլ» ծրագրեր՝ սոցապից. հիպոթեքով տուն գնող ծնողները 1-2 մլն պարգևավճար կստանան
Հուլիսի 1-ից միաժամանակ երեք սոցիալական ծրագիր է ուժի մեջ մտնում, որոնց շրջանակներում կառավարությունն օգնելու է երեխա ունեցող ընտանիքներին բնակարան գնելու հարցում: Երեք ծրագիր է հաստատվել: Առաջինով մարզերի բնակիչները, ովքեր երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեն ու հուլիսի 1-ից հետո հիպոթեքով մինչեւ 30 մլն դրամ արժողության գույք են ձեռք բերելու, պետությունից կանխավճարի փոխհատուցում կստանան: Երկրորդով առնվազն մեկ երեխա ունեցողները կանխավճարի ապահովագրության փոխհատուցում են ստանալու, իսկ երրորդ ծրագրով պետությունը կմասնակցի հիպոթեքի մայր գումարի մարմանն այն ընտանիքների համար, որոնք արդեն հիպոթեք են վճարում եւ հուլիսի 1-ից հետո երեխա կունենան:
Ծրագրերը հաստատվել են մայիսի 14-ին եւ արդեն լեգենդների ու թյուր պատկերացումների տեղիք տվել: Շատերին թվացել է, թե կառավարությունն իր վրա է վերցնում հիպոթեքի պարտքի էական մասը: Նույնիսկ թիվ է նշվում՝ մայր գումարի 70 տոկոս, ոմանք էլ կարծում են, թե կառավարությունը որոշել է փոխհատուցել բնակարան գնելու համար բանկին վճարվող կանխավճարի կեսը: Իրականում աջակցությունն ավելի համեստ է: Մարզերում գույք ձեռք բերողի կանխավճարի աջակցմանը, օրինակ, պետությունը վճարում է 1-2 մլն դրամով, որը նախարարի կամ փոխնախարարի աշխատավարձ-պարգեւատրման մի մասն է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնագետը, որը զբաղվում է այս ծրագրերով՝ ժողովրդագրական ծրագրերի բաժնի պետ Արտակ Մարկոսյանը, կարծում է, որ մեկ տարում այսքան նոր ծրագրեր իրականացնելը չի կարելի քիչ համարել: Նրա հետ համաձայնել դժվար է հատկապես խորհրդային կյանքը տեսածների համար, որոնք հիշում են, թե ինչպես էր պետությունը ոչ միայն տներ նվիրում երիտասարդներին, այլեւ ամեն մի նոր երեխայի հետ բարելավում երիտասարդների կյանքի պայմանները: Այնուամենայնիվ, զրույցը սոցապաջակցության ծրագրերի պատասխանատուի հետ օգտակար է հիպոթեքով տուն գնող միջին վիճակագրական հայերին, որոնց համար այդ ստրկական վարկերը սեփական տանիքն ունենալու միակ հույսն են:
- Նախագծում մարզերի համար նշված է, որ առավելագույնը 30 մլն դրամ գնահատված տան համար յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով ավելացվում է 5 տոկոս: Սա ի՞նչ է նշանակում:
- Ավելանում է ձեռք բերվող գույքի գինը՝ 5 տոկոսով: Ձեռք բերվող գույքի առավելագույն գինը դառնում է ոչ թե 30 մլն, այլ՝ եւս 5 մլն: Առաջին ծրագրով առնվազն երկու անչափահաս երեխայի պահանջ է դրված: Մարդը, եթե ունի երկու անչափահաս երեխա, գնում է բանկ, հիպոթեքը հաստատվում է, առնվազն 10 տոկոս կանխավճար է կատարում, հետո հարցումը գալիս է նախարարություն, եւ ստուգվում են տվյալները, եւ եթե նա ունի 3 անչափահաս երեխա, ապա կարող է ձեռք բերել ոչ թե 30 մլն դրամանոց անշարժ գույք, այլ արդեն՝ 35 մլն դրամանոց: Եթե 4 երեխա լինի, եւս 5 մլն դրամով կավելանա գնվող գույքի առավելագույն գինը:
- Պետությունը որքանո՞վ է աջակցում կանխավճարի մուծմանը: Կարծես թե գումարներն այնքան էլ մեծ չեն, 1-2 մլն դրամ:
- Մարդը գնում է 20 մլն դրամանոց բնակարան: 10 տոկոս կանխավճար արեց, եթե նախարարությունը դիտարկեց ու տեսավ, որ համապատասխանում է չափանիշներին, մարդու հաշվեհամարին հավելյալ 5 տոկոսի չափով, այսինքն, 1 մլն դրամ աջակցություն գնաց: Երկու երեխայի պարագայում աջակցությունը կազմում է ոչ ավելի, քան 1 մլն դրամ: Երեք երեխայի պարագայում եւս 5 տոկոսով ավելանում է, 10 տոկոսի չափ, բայց ոչ ավելի, քան 1,5 մլն դրամը: 4 երեխայի պարագայում արդեն ոչ ավելի, քան 2 մլն դրամ կփոխանցվի՝ որպես միանվագ աջակցություն կանխավճարի համար:
- Այդ գումարները՝ 1-2 մլն, այս չափերը ձեր նախարարությո՞ւնն է որոշել:
- Այո, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է հաշվարկներն արել:
- Փոքր չե՞ն այդ գումարները: Ինչի՞ց ելնելով եք որոշել:
- Բա ինչքա՞ն սահմանեինք: 1 մլն աջակցությունը քի՞չ է: Մինչեւ հիմա ոչինչ չի եղել, ոչ մի աջակցություն չի եղել, սա առաջին ծրագիրն է, որով կոնկրետ մարդուն աջակցություն է տրամադրվում: Մարզի համար 2 մլն դրամը բավական լավ թիվ է, ինչ է, քի՞չ է: Եթե շահառուի տարիքը չի գերազանցի 30 տարեկանը, ապա 30 տոկոսով է աջակցություն տրամադրվում՝ մինչեւ 2,6 մլն:
- Երեւանի բնակիչները կարող են օգտվել երկրորդ ծրագրից, բայց որոշումը բարդ լեզվով է գրված: Շատերը որոշել են, որ կառավարությունը կանխավճարի կեսն իր վրա է վերցնում:
- Կանխավճարը պրոբլեմ է մարդկանց համար: Ասենք, բանկը 30 տոկոս կանխավճար է ուզում, բայց մարդը չունի այդքան գումար: Բանկը նրան ասում է՝ կա՛մ հավելյալ գույք գրավադնի, կա՛մ, ասենք, «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքի համար» ծրագրով գործիքակազմ ունենք, որ հիպոթեքային վարկ ես վերցնում, կարող ես կատարել կանխավճարի ապահովագրություն: Այսինքն, այդ չբավարարող մասը կարելի է ապահովագրել: Ռիսկն իր վրա է վերցնում ապահովագրական ընկերությունը: Ենթադրենք, 20 մլն դրամից 4 մլն դրամն ապահովագրվեց: Որպեսզի դա շահառուի ապահովագրության վճարը, ասենք, տարեկան մի 150-180 հազար դրամ, բեռ չհանդիսանա, պետությունը դրա 90 տոկոսը փոխհատուցում է: Դա այնքան ժամանակ է տրամադրվում, մինչեւ որ մարդը հասնի մայր գումարի 70 տոկոսին:
- Այսինքն, ոչ թե կանխավճարն է փոխհատուցվում, այլ ապահովագրական վճարի մի մասը, այն էլ՝ ոչ միշտ:
- Դե, երրորդ ծրագիրն էլ ամենազիլն է, թեեւ բոլորն էլ զիլ են: Եթե ունեն հիպոթեքային վարկ, իրենց ընտանիքում կծնվի հաջորդ երեխան, ուզում է՝ առաջին երեխան ծնվի, արդեն մայր գումարից սկսվում են մարումները:
- Ի՞նչ չափով:
- Մնացորդային հիպոթեքային մայր գումարի չափով մարզերում՝ 10 տոկոս, Երեւանում՝ 5 տոկոս, բայց առաջին ու երկրորդ երեխայի պարագայում՝ ոչ ավելի, քան 500 հազար դրամի չափ: Այդքան մայր գումարից կհանվի: Երրորդ ու հաջորդ երեխաների պարագայում մարզային բնակավայրերում մնացորդային մայր գումարի 50 տոկոսի չափով կմարվի, իսկ Երեւանում՝ 25 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը:
- Ասենք, եթե ընտանիքն ունի 2 երեխա, ընթացքում ծնվում է նաեւ երրորդը, ապա ինչքանո՞վ է մարվում:
- Այդ դեպքում մինչեւ 2 մլն դրամ աջակցություն կտրամադրվի նրա մայր գումարի մնացորդի մարմանը: Ասենք, մնացել է մարելու 15 մլն, 2 մլն-ով նրա մայր գումարը կիջեցվի:
- Իսկ ինչպե՞ս է դա արվում: Տեղեկանքնե՞ր են ներկայացնում:
- Ոչ, մարդը գնում է բանկ, որը սպասարկում է իր հիպոթեքային վարկը: Համապատասխան ընթացակարգով դիմումը կգա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, կդիտարկվեն շահառուի տվյալները, եւ գումարը կփոխանցվի բանկին, եւ իր գումարն այդքանով կմարվի:
- Սոցապնախարարության կայքում շեշտված է, որ 70 տոկոսով կարող են մայր գումարը մարել: Դա վրիպակ չէ՞:
- Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ու ծնվում է երրորդ երեխան, ապա 70 տոկոսով կմարվի նրա վարկը, եթե նա մարզի բնակիչ է, եւ 35 տոկոսով, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամով, եթե նա Երեւանի բնակիչ է:
- Այդպիսի մարդի՞կ էլ կան, որ 25 տարեկանում երրորդ երեխան են ունենում:
- Այո, քիչ են, բայց կան ու մեզ դիմել էին:
2020 թ. պետական բյուջեով նպատակային այս ծրագրերի համար արդեն նախատեսվել է 526 միլիոն 760 հազար դրամ: Սա, ըստ Մարկոսյանի, տրամադրված է կես տարվա համար: Հաջորդ տարի այս գումարը կավելացվի:
Կարծիքներ