Գիտենք՝ ինչու է գործուղվել այստեղ նախագահ Վահագն Խաչատուրյանը

Գիտենք՝ ինչու է գործուղվել այստեղ նախագահ Վահագն Խաչատուրյանը

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահը պիտի հետևի Սահմանադրության պահպանմանը։ Սակայն այստեղ մի շատ լուրջ խնդիր կա։ Մենք հիմա գտնվում ենք նախագահականի դիմաց ու մեր հետևում նստած անձը ոչ թե Հայաստանի Հանրապետության նախագահն է, այլ ՔՊ խմբակի կողմից ընտրված կամ էլ ավելի ճիշտ կլինի ասել Նիկոլի կողմից նշանակված խամաճիկը։ Նա այստեղ է գործուղվել ոչ թե Սահմանադրությունը պահելու, այլ ՔՊ շահերը պաշտպանելու համար։ Այս մասին քիչ առաջ Սահմանադրության օրվա առիթով ընդդիմադիրների կազմակերպած երթի ժամանակ նախագահական նստավայրի դիմաց իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Նա այստեղ է եկել, որպեսզի լռի։ Նրա հիմնական առաքելությունն այստեղ ամեն ինչի մասին լռելն է, թեպետ նա ամեն ինչ էլ շատ լավ տեսնում է։ Նա լռում է, երբ խախտվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը,  նա լռում է, երբ ՀՀ սուվերեն տարածքից զինվոր են գերեվարում։ Այստեղ նստած անձը ստորագրում է ցանկացած մի փաստաթուղթ, որը գալիս է Ազգային ժողովից, բայց մի ձայն անգամ չի հանում, երբ հրապարակվում է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունը»,- հավելեց նա։