Վայքի քաղաքապետն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շարունակում են «իրար միս ուտել»

Վայքի քաղաքապետն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շարունակում են «իրար միս ուտել»

Վայքի քաղաքապետի ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև եղած հակասություններն ու տարաձայնությունները նոր թափ են ստացել։ Տեղեկացանք, որ Վայքի քաղաքապետ Մխիթար Մաթևոսյանը 2 դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի։

Հայցերը վարույթ են ընդունվել, նիստեր են տեղի ունենում։

Առաջին հայցով Մաթևոսյանը դատարանում բողոքարկում է ԿԿՀ-ի որոշման եզրափակիչ հայտնվածը, որտեղ նրա պաշտոնավարման անհամատեղելիության հարցն է։

Դրա վերաբերյալ հանձնաժողովը հայտարարություն էր տարածել․ «Հանձնաժողովն արձանագրում է, որ Մխիթար Մաթեւոսյանը փաստացի շարունակում է պաշտոնավարել՝ անհամատեղելիության պահանջի խախտման վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության առկայության պարագայում: Միաժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է: Հարկ է նաեւ նշել, որ նույն գործի քննության շրջանակներում Հանձնաժողովը, հիմք ընդունելով Հանձնաժողովի թիվ 02/2022-2024-Ա/Վ եզրակացությամբ հաստատված՝ շահերի բախման իրավիճակի առկայության փաստը, 2024 թվականի մարտի 25-ին դիմել է նաեւ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանին՝ Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման եւ շահերի բախման վերաբերյալ հրապարակային պարզաբանում ներկայացնելու պահանջով»։

Մաթեւոսյանը ներկայացրած երկրորդ հայցով վիճարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը՝ իրեն 200 հազար դրամով տուգանելու վերաբերյալ։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ՝ Վայքի ղեկավարը խախտել է օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, հայտարարագրում ամբողջական տվյալ չի ներկայացրել։

Ավելի վաղ՝ քաղաքապետը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր դեմ պատվեր են կատարում, այսօր էլ հարցրինք՝ պարզե՞ց, թե ով է պատվիրատուն, ասաց՝ ոչ, բայց մնում է նույն կարծիքին։

Մաթեւոսյանի փաստաբան Արթուր Արմենակյանն էլ ասաց, որ գործով նիստեր տեղի ունենում են, ինքը երկրորդ հայցի գործով հոկտեմբերի 7-ի նախատեսված նիստը հետաձգելու վերաբերյալ դիմում է ներկայացրել դատարան, իսկ մյուսով որոշումը հրապարակվելու է նույն օրը։

Նշենք, որ այս ամեը սկսվել է մամուլի հրապարակումներից, ըստ որի՝ Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ 

Նշենք, որ Վայքի քաղաքապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։