Վրույր Բարսեղյանը կմնա կալանքի տակ

Վրույր Բարսեղյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանն օրեր առաջ մերժել է Պեմզաշենի աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանի պաշտպանի բողոքը՝ առաջին ատյանի որոշման դեմ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանը։

Նշենք, որ առաջին ատյանի կալանավորման որոշումը փաստաբանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, ինչն էլ մերժվել է։ Անդրադառնալով դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությանը առ այն, որ Բարսեղյանը մեղսունակ է, փաստաբանն ասաց, որ վերջինս ծանոթացել է դրան եւ առարկություն չի ներկայացրել։

Իսկ ինչ վերաբերում է նման արարք կատարելու Բարսեղյանի դիրքորոշմանը, Աղաջանյանն ասաց, որ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել, իսկ իրեն հայտնած տեղեկությունները փաստաբանական գաղտնիք են։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք էր տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել էր երեք դի։ Մահացածներն էին՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։

Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:

Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել էր նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։