Մի նկարի պատմություն

Մի նկարի պատմություն

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․

«ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

• Լուսանկարի կենտրոնում Վասպուրական աշխարհի Գողթն գավառի Դաշտ գյուղի ավերակներն են։ Դաշտը գտնվում է Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Նախիջևանում։ Լուսանկարն արել եմ Արաքսի հարավային ափից։

• Գրեթե անհայտ և այսօրվա դրությամբ հողին հավասարեցված այս գյուղը կարևոր դեր ունի հայոց պատմության մեջ։ Դաշտը կպած է պատմական Ջուղա քաղաքին, որի բնակչությունը 1605 թ․-ին բռնագաղթեցվել է Շահ Աբբասի կողմից։ Ուշադիր նայելու դեպքում ամենաձախ մասում կտեսնեք հենց Ջուղայի տները։ Դաշտն ի սկզբանե կոչվել է Ջուղայի դաշտ՝ նկատի ունենալով, որ բուն Ջուղան սարերի ու ձորերի մեջ է, իսկ դեպի Արաքս ձգվող այս հատվածը դաշտային է։ Ըստ այդմ՝ Դաշտը Ջուղայի, այսպես ասած, «էլիտար» թաղամասն էր։ Դաշտում եղել է 1881 թ․-ին պատկանող եկեղեցի, որ կառուցել են Պարսկաստանից այստեղ վերադարձած բռնագաղթեցվածների սերունդները։

• Դաշտից են սերում Եղիազարյանները՝ 1747 թ․-ից ռուսահայ դարձած Լազարյանները։ Ազնվական տոհմի հիմնադիր Մանուկ Եղիազարյանը 1605 թ․-ին Դաշտից բռնագաղթել է Սպահան, եղել է Շահ Աբբասի գանձապետը։ Նրա որդին՝ Եղիազար Եղիազարյանը, առևտրական և ձեռներեց էր, որ 1776 թ․ ռուսաց Եկատերինա Բ կայսրուհու կողմից ստացավ ժառանգական ազնվականության աստիճան։ Չնայած Սպահանում ծնված լինելուն՝ ավանդույթի ուժով Եղիազարյանները շարունակում էին համարվել «դաշտեցի»։ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանն այսպես է հիշատակում Եղիազարին և նրա որդիներին՝ խոսելով Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Հարության եկեղեցու հիմնադրման մասին՝ «… զոր կառուցեալ էին Ջուղայու դաշտցի Եղիազարեանց Եղիազար Ազնիւ Աղայի որդիքն, Ազնիւ Աղայ Յովհաննէսն՝ աղայ Մինասն՝ և աղայ Յովակիմն»։ Այս «ազնիվ աղաներ» Հովհաննեսի և Հովակիմի ջանքերով էլ Մոսկվայում կառուցվել է հռչակավոր Լազարյան ճեմարանը։

• Դաշտեցի հարուստներից հիշատակված է նաև խոջա Շահվելին, որ 1717 թ․ Բուն Աղվանքի Մեյսարի գյուղի վանքին է նվիրաբերել եկեղեցու բեմ և դուռ՝ բեմի արևմտահայաց երեսին թողնելով արձանագրություն․ «ՅԻՇԵՑԷՔ Ի ՔՐԻՍՏՈՍ ԶՋՈՒՂԱՅՈՅ ԴԱՇՏԵՑԻ ԲԱՆԴՈՒՐԻ ՈՐԴԻ ԽՕՋԱՅ ՇԱՀՎԷԼԻՆ…»։

• Ծագումով դաշտեցի էր նաև Սպահանում ծնված Ստեփանոս Դաշտեցի բանաստեղծը, որ Պարսկաստան բռնագաղթեցված ջուղայեցիներից շատերի պես հիշում էր իր հայրենիքը․ «Է անունն իմ Ստեփանոս // Որ է Դաշտէն եղէ սերեալ // … Ի յԱսպահան եղև տարեալ»։ Բանաստեղծն սկզբնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրոցում, ձեռնադրվել սարկավագ, ապա թողել կրոնավորի պաշտոնը և զբաղվել վաճառականությամբ։

• Ինչ վերաբերում է հեռվում երևացող բարձր սարին, ապա դա 1-ին դարից վկայված Դարու լեռն է (1927.4 մ)։ Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է, որ Բարդուղիմեոս առաքյալի՝ Գողթնից Դվին գնալուց հետո առանց պատշաճ հոգևոր առաջնորդության մնացած հայ հավատացյալներից ոմանք պատսպարվում էին Դարու լեռան վրա, քարոզում, մինչև Հայաստան կգար Լուսավորիչը․ «… և ոմանք ղօղեալք ի լերինն Դարուայ միայնաւորութեամբ զկեանս իւրեանց վարէին զբազումս ուսուցանելով յոլով ժամանակօք՝ մինչ ի գալ մեծի լուսաւորչին ի Հայս»։ Լեռան մասին հիշատակում է նաև Ղևոնդ Ալիշանը՝ նշելով, որ Դարուից ստանում էին աղացի լավ քար և վաճառում Արևելյան Հայաստանի շուկաներում․ «… յորմէ հատանեն ընտիր երկանաքար, ի վաճառս կոչեցեալ յանուն Նախճաւանի, և առաքեալ ընդ ամենայն հայկական գաւառս Ռուսաց»։

• Հայոց պատմությունն այնքան հարուստ է, որ անգամ բարբարոս թշնամիների կողմից ավերված մի փոքր գյուղատեղիի պատմությունը մեզ կարող է նախապատմական ժամանակներից հասցնել մինչև մեր օրեր՝ բացահայտելով Հայաստանի և հայության պատմական հարստությունը և այն պաշտպանելու ու ընդարձակելու մեր սրբազան պատասխանատվությունը»։

Լուսանկարը՝ Էդգար Էլբակյանի էջից։