Որեւէ ապացույց չկա, որ Սեյրան Օհանյանն իրեն վերագրվող արարքի հետ կապված որեւէ գործողություն է իրականացրել. պաշտպան

Որեւէ ապացույց չկա, որ Սեյրան Օհանյանն իրեն վերագրվող արարքի հետ կապված որեւէ գործողություն է իրականացրել. պաշտպան

Մարտի 1-ի հայտնի քրեական գործով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ  մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը վերջին հարցազրույցներից մեկում նշել էր՝ այն հոդվածը, որով իրեն մեղադրում են, 2008թ.-ին գոյություն չի ունեցել: Օհանյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանն այսօր լրագրողների հետ զրույցում դրա հետ կապված ասաց, որ դիմել են նախաքննական մարմնին՝ պարզաբանում ստանալու համար, սակայն վերջինս մերժել է դիմումը, ինչից հետո պաշտպանը բողոքել է դատախազին. «Այդ հոդվածն ընդունվել է 2009թ.-ին, ուստի, մեր պնդմամբ՝ Սեյրան Օհանյանը չի կարող մեղադրվել այդ հոդվածով»:

Անդրադառնալով Օհանյանի հայտարարությանը, թե որն է իր մեղավորությունը 0038 հրամանի առնչությամբ, Կարեն Մեժլումյանն արձագանքեց. «Որեւէ ապացույց չկա, որ Սեյրան Օհանյանն իրեն վերագրվող արարքի հետ կապված որեւէ գործողություն է իրականացրել: Կան ցուցմունքներ, որոնք առնչվում են նաեւ Սեյրան Օհանյանին, բայց դրանցում մինչ այսօր չկա դրվագ, որը կվերաբերեր սահմանադրական կարգի տապալմանը»: 

Կարեն Մեժլումյանը նաեւ հայտնեց, որ վերջերս արգելք է դրվել Սեյրան Օհանյանի թոշակի վրա, սակայն պաշտպանի միջնորդության արդյունքում վարույթն իրականացնող մարմինն այն վերացրել է: