Իշխանության կուսակցության Մոնոմախի գլխարկը
Երբ 1990թ. մայիսի 20-ին ձեւավորված խորհրդարանում՝ Գերագույն խորհրդում, Հայոց Համազգային Շարժումը եւ Կոմունիստական կուսակցությունը պայքարում էին իշխանության համար, նրանք, նախեւառաջ, համակարգային պայքար էին մղում հին՝ կոմունիստական, եւ նոր՝ ժողովրդավարական, համակարգերի համար: Օգոստոսի 4-ին ԳԽ նախագահի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանի դժվարին հաղթանակով ԳԽ-ում ուժերի հարաբերակցությունը փոխվեց հօգուտ ՀՀՇ-ի: Դրանով իսկ ղարաբաղյան Շարժումը, ի դեմս ՀՀՇ-ի, դարձավ կառավարող ուժ: Հետագայում կուսակցության վերածված ՀՀՇ-ն դարձավ ողջ իշխանության տերը Հայաստանում մինչեւ 1998թ. փետրվարյան իշխանափոխությունը:
Հետխորհրդային Հայաստանի շուրջ 30-ամյա պատմության մեջ հետեւյալ կառավարող կուսակցություններն են եղել՝ ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն (նրա հետ՝ կոալիցիոն ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն) եւ այժմ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»:
1995թ. հուլիսի 5-ից ի վեր ՀՀՇ-ն եւ ՀՀԿ-ն քանիցս բռնազավթել են իշխանությունը կեղծված ընտրությունների, բռնությունների եւ հասարակական ընդվզման ճնշման միջոցով: 1995-ից ի վեր Հայաստանում քաղաքական գաղափարախոսությունների եւ ծրագրերի համար պայքարը, ըստ էության, ավարտվել է, քանի որ կառավարող բոլոր կուսակցությունները, մի կողմից՝ ընդդիմությանը մղել են առանց ծրագրերի պայքարի այն դաշտը, երբ ամենակարեւորը, արդարացիորեն, դարձել էր իշխանության հեռացումը, մյուս կողմից՝ օրվա իշխանությունն աստիճանաբար անապատացրել է քաղաքական միտքը, կուսակցական դաշտը Հայաստանում:
Ահա այս քաղաքական անապատի մեջ էլ իշխանության եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն այժմ վայելում է «իշխանության կուսակցության» բոլոր արտոնություններն ու բարիքները, քաղաքական պատասխանատվության ընկալման, պետական կառավարման ցածր գիտակցությամբ: ՔՊ-ն ընդամենը վեց ամիս է, ինչ կառավարող կուսակցություն է եւ ամբողջ իշխանության տերն է, սակայն արդեն հասցրել է ձեռք բերել հայաստանյան կառավարող կուսակցությունների արատներն ու գործել նույն սխալները ոչ միայն կադրային, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականության մեջ, այլեւ՝ ներկուսակցական կյանքում:
ՔՊ վերջին՝ 5-րդ համագումարում, վարչության անդամների ընտրությունը վկայում է ոչ թե ներկուսակցական ժողովրդավարության, այլ ներկուսակցական խարդավանքների մասին: Սա, իհարկե, ոչ միայն զուտ ՔՊ-ական, այլ ներհայաստանյան՝ արդեն արմատավորված իրողություն է, երբ անխտիր բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակները ձեւավորվում են կա՛մ կուսակցության փաստացի ղեկավարի կամքով, կա՛մ ներկուսակցական ինտրիգների միջոցով, կա՛մ՝ միաժամանակ երկուսով:
Իհարկե, անգամ ՔՊ վարչության այլ կազմը այդ կուսակցության քաղաքական գորշությունը չէր ցրի, առավել եւս՝ Հայաստանի քաղաքական դաշտին նոր գույներ եւ որակներ չէր ավելացնի: Այս առումով, ՔՊ վարչության նոր կազմը քաղաքական կարեւորություն չի ներկայացնում: Միաժամանակ, քաղաքական հետաքրքրություն եւ մտահոգություն է առաջացնում այլ հանգամանք՝ ՔՊ-ն արդեն ձեռք է բերել կառավարող կուսակցության բոլոր հիմնական արատները եւ արագորեն անցնելու է նույն ճանապարհով, ինչ ՀՀՇ-ն՝ ներկուսակցական բախումներ, խարդավանքներ, կուսակցության տրոհում եւ իշխանազրկում: Եվ թեպետ սուպերվարչապետ Նիկոլ Փաշինյանը համեստորեն հրաժարվեց կուսակցությունը գլխավորելուց, սակայն նա մնում է ՔՊ-ի անփոփոխ եւ միահեծան առաջնորդը: Բայց նույնիսկ գործող Սահմանադրությամբ 30 տարով սուպերվարչապետ մնալու հույսեր ունեցող Փաշինյանն ի զորու չէ կանխել ՔՊ-ի տրոհման գործընթացը:
Եվ թեպետ «Քաղաքացիական պայմանագիրը» կառավարող կուսակցություն է, սակայն անհնար է այն համեմատել ղարաբաղյան Շարժման արդյունքում իշխանության եկած Հայոց Համազգային Շարժման հետ: Մեկ տարվա ընթացքում, աշխարհացունց քաղաքական իրադարձությունների հորձանուտում, ՀՀՇ-ն կարողացավ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար պատմական նվաճումներ ձեռք բերել՝ Հայաստանի անկախացումն առանց ցնցումների եւ կորուստների, միակուսակցականության վերացումը, հետագայում՝ ժողովրդավարական հաստատությունների ձեւավորումը եւ Ղարաբաղի ազատագրումը: ՀՀՇ-ի քաղաքական անկումը ծայր առավ 1995թ. ընտրություններ կեղծելուց, ամբողջացավ 1996թ. ընտրությունների կեղծմամբ եւ ավարտվեց 1998թ. իշխանափոխությամբ:
Եվ ինչպես «Քաղաքացիական պայմանագիրը» Հայոց Համազգային Շարժում չէ, այնպես էլ 2018թ. ապրիլյան հեղափոխությունը ղարաբաղյան Շարժում չէ. ՔՊ-ի դեպքում՝ քաղաքական ծրագրերի, սկզբունքների, նպատակների եւ օրակարգի բացակայությամբ, ՀՀՇ-ի դեպքում՝ դրանց առկայությամբ եւ հստակությամբ:
Եվ չնայած այսեւայլ ակնհայտ տարբերություններին՝ ՔՊ-ն իրականում ՀՀՇ-ի ծնունդ կուսակցություն է: Ի վերջո եւ նախեւառաջ, այս կուսակցության հիմնադիր կազմը ՀՀՇ-ից առաջացած մեկ այլ քաղաքական միավորի՝ Հայ ազգային կոնգրեսի՝ ՀԱԿ-ի մասն են կազմել, նրանց իրական եւ հոգեւոր զավակներն են: Սակայն ոչ թե 90-ականների ՀՀՇ-ի, այլ հետագայում ամբողջությամբ վերասերված ՀՀՇ-ի: ՔՊ-ն այդ վերասերված ՀՀՇ-ի ծնունդ է, որը կրում է տերպետրոսյանական ծայրահեղ պացիֆիզմը, ապազգայնությունը, ռուսականացման ձգտումը, հակաարեւմտականությունը: Նիկոլ Փաշինյանը դա լավ գիտե, նաեւ այդ պատճառով է նա համառորեն մերժում քաղաքական գաղափարախոսություններն ու հոսանքները: Եվ երբ ԿԳԲ-ն սկսեց «Քաղաքացիական պայմանագրում» ներդնել նաեւ իր կադրերին, պարզ դարձավ, որ ՔՊ-ն դառնալու է կառավարող կուսակցություն: Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հռչակի, թե ՔՊ-ն «քաղաքացիական կուսակցություն է», ակամա կրկնելով Ռոբերտ Քոչարյանի՝ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» ապաքաղաքական թեզը, ակնհայտ է, որ ՔՊ-ի քաղաքական հիմքը ազատականությունն ու արեւմտականությունն ուրացած, ղարաբաղյան կարգավորման պարտվողականությունը որդեգրած ՀՀՇ-ն է:
Եվ ինչպես նախկին կառավարող կուսակցությունները՝ ՀՀՇ-ն եւ ՀՀԿ-ն, այնպես էլ կառավարող ներկա կուսակցությունը՝ ՔՊ-ն, կանգնել են նույն իրավիճակի եւ նույն խնդիրների առջեւ՝ ի ցույց դնելով «իշխանության կուսակցության» ողջ պերճանքն ու թշվառությունը՝ ագրեսիվ եւ անթաքույց պայքար մղելով արեւի տակ տեղ ունենալու համար եւ անտեսելով պետական եւ հասարակական շահերը: ՔՊ-ն անցնում է նույն ճանապարհով, ինչ ՀՀՇ-ն: Անգամ Փաշինյանի ավտորիտար կառավարումը չի կարող փրկել ՔՊ-ն տրոհումից եւ իշխանազրկումից՝ հատկապես հեղափոխության եւ Փաշինյանի հանդեպ արագորեն նվազող հասարակական աջակցության պայմաններում: ՔՊ-ն դառնում է նույն նոմենկլատուրային կուսակցությունը, ինչպիսին եղել են ՀՀՇ-ն եւ ՀՀԿ-ն:
1998թ. իշխանափոխությունից հետո ՀՀՇ համագումարը վկայում էր, որ իշխանազրկված ՀՀՇ-ում մնացել էին կուսակցության վերջին գաղափարակիրներն ու աջակիցները: Անգամ ՀՀԿ-ում են այդպիսիները մնացել: Մինչդեռ իշխանազրկվող ՔՊ-ում նույնիսկ այդպիսիները չեն լինի, քանի որ այդ կուսակցությունը գաղափարախոսական-քաղաքական-արժեքային առումով հիմնազուրկ է, ինչն էլ անվերջ պնդում եւ հաստատում է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն այժմ դրել է Մոնոմախի գլխարկը, որն ինքնակալության խորհրդանիշն էր միջնադարյան Ռուսիայում եւ Բյուզանդիո կայսեր նվերը, իսկ Հայաստանում այն սուպերվարչապետության եւ օտարահպատակության խորհրդանիշը կարող է դառնալ: Ռուսաստանում Մոնոմախի գլխարկով առաջին անգամ 16-րդ դարում թագադրվել է Իվան Ահեղը:
21-րդ դարի Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չի կարող հավակնել Իվան Ահեղի տխրահռչակ դափնիներին: Այնպես, ինչպես կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող խուսափել տրոհվող եւ իշխանազրկվող հայաստանյան կառավարող կուսակցությունների անխուսափելի եւ տխուր ճակատագրից:
Կարծիքներ