Ինչպես ընկալել հայ մեծերին. Կոմիտաս ու Չարենց

Ինչպես ընկալել հայ մեծերին. Կոմիտաս ու Չարենց

- Էս Կոմիտասն ա, որ թուրքերը ջար-դել են հայերին, տեսել ա ինքը, դրանից հետո երկար ժամանակ եղել ա Գերմանիայի հոգեբուժարանում ու մեռել: 
- Հա՜...

Կոնսերվատորիային հարակից այգում Կոմիտասի արձանի մոտ մոտավորապես տասը տարեկան տղան այսպես էր ներկայացնում իր գիտելիքները հինգ տարեկան եղբորը կամ ընկերոջը: Իհարկե, ճիշտ է Կոմիտասին Ցեղասպանության նահատակ համարելը, խնդիրներն այլ տեղում են: Արդյո՞ք դա առաջին ու կարեւոր բանն է, որ երեխաները պիտի իմանան նրա մասին: Եվ հետո՝ ինչո՞ւ է որեւէ անձի եւ հատկապես մեծանուն մարդու մասին խոսելիս մեր հասարակության մեջ հաճախ կարեւորվում խիստ անձնականը, կենցաղայինը, երբեմն՝ անկարեւորը: Քառասուն տարվա մանկավարժի ձայնով կարելի է ասել, որ այս խնդրում իրենց վատ դերն ունեն դպրոցն ու մեդիան: Եվ սա ճիշտ է, բայց խնդիրը նաեւ ընտանիքն է: Եվ եթե ընտանիքում բամբասանքը կարեւորվում է, ուրեմն դպրոցում էլ երեխային կհետաքրքրեն գրողի մասին այդ ոճի նյութերը՝ Չարենցն ու կանայք, Չարենցն ու թմրանյութը, Սեւակն ու Սուլամիթան եւ այլն, եւ այլն:

Կոմիտասը 

Հիմա եթե նորից անդրադառնանք Կոմիտասին, կտեսնենք, որ ուղղակի լավ չենք ճանաչում նրան: Կոմիտասին հանրահռչակելու գործում կարեւոր դեր ունեցավ Կոմիտասի թանգարանինստիտուտի ստեղծումը: Այդ կառույցի ֆեյսբուքյան էջը «Կոմիտասը՝ այս օրը» խորագրով գրառումներ է անում, որոնք կարդալիս կարելի է զարմանալ, թե ինչքան հագեցած ու լիքն է եղել նրա առօրյան, ինչքան ակտիվ ու գործնական կյանքով է ապրել կոմպոզիտորը: Իսկ մենք չենք սիրում կարդալ ուղղակի փաստեր: Ինչպես հաճախ պատմությունը ճանաչում ենք պատմավեպերի միջոցով, այնպես էլ հայ մշակութային գործիչներին գիտենք նրանց մասին ստեղծված գեղարվեստական տեքստի միջոցով: Կոմիտասի մասին գրել է Չարենցը, շատ համբավավոր նկարիչներ էլ ստեղծել են կտավներ, սակայն հասարակական ընկալումը գլխավորապես հիմնված է Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմում ստեղծված Կոմիտասի կերպարի վրա` «Դե եկ, վարդապետ, մի խելազրկվիր»:

Կինոգետ Սուրեն Հասմիկյանը պատմում էր․ երբ Հենրիկ Մալյանը ցանկություն է հայտնել Կոմիտասի մասին ֆիլմ նկարել, զգուշացրել է, որ նման կարգի մարդկանց անդրադառնալը իր մեջ տապալման վտանգ ունի: Մալյանը չհասցրեց նկարել, բայց տարիներ անց Վիգեն Չալդրանյանը նկարեց «Վարդապետի լռությունը» ֆիլմը: Այստեղ Կոմիտասն ուղղակի միջոց է, չկա մարդը, նա ֆիլմին գույն է տվել ընդամենը՝ հիվանդանոցային սպիտակ գույն ու շատ բառեր:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան ցնցող կլիներ՝ տեսնել մի ֆիլմ, որտեղ կտեսնենք Կոմիտաս մարդուն, կտեսնենք նրա օրը, նրա համարձակությունն ու համառ աշխատանքը: Այլապես եթե չենք գիտակցում նրա կատարած աշխատանքի վիթխարի լինելը, ինչո՞ւ է այդքան կարեւոր ողբերգական վախճանը: Այդ ուտոպիստական ֆիլմում կլինի նաեւ Հրաչյա Աճառյանի պատմած Կոմիտասը. «Մաքրակրոն էր ան եւ մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր եւ ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր: Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ եւ պատրաստաբան էր Կոմիտաս եւ սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն»:

Միգուցե ուտոպիստական է նաեւ այն ցանկությունը, որ այն տասը տարեկան երեխան փոքր եղբորը Կոմիտասի մասին պատմելիս հիշեր ոչ թե Ֆրանսիայում (տղայի մտքում, փաստորեն, բժշկությունը նույնացել էր Գերմանիայի հետ) անցկացրած շրջանը, այլ հիշեցներ Կոմիտասի մշակած որեւէ երգ՝ թեկուզ երիտասարդ հայ երաժիշտների տարբերակով:

Չարենցը

Անցյալ դարի երեսունականներին, հավանաբար, քչերն էին հավատում կամ ընդունում նրան, բայց Չարենցն ուներ իր արժեքի գիտակցումը եւ գիտեր, որ ապագայի բանաստեղծ է: Իրոք, անհավանական է թվում, բայց Չարենցն այնքան մեծ է, որ ամեն ժամ փոխվող իրականության մեջ էլ ապրում է ու ճանաչվում: Բայց մեզ, չգիտես ինչու, նրա պոեզիայից, նրա քաղաքացիական ու ազգային նկարագրից ավելի հետաքրքիր է, թե քանի սիրելի կանայք է ունեցել, ովքեր են եղել նրանք, ինչպես ու ինչու է կրակել մի կնոջ, ինչպես են վերջին օրերին նրան տանջել, ինչ գաղտնի կողմեր է ունեցել եւ այլն: Եթե փորձենք սեւ հումորի վերածել, կարող ենք ասել, որ երբեմն մենք բարձր կարգի մարդկանց դատում ենք տխրահռչակ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ոճով:

Մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաալիքով նրա մասին ստեղծված փաստագրական ֆիլմում մանրամասնորեն ցույց էր տրվում, թե ինչպես է տանջվում անկողնում գամված: Ֆիլմը փորձում էր, բայց չէր կարողանում լիարժեքորեն ստանալ նրա հսկայական կերպարը, ուստի էլի հարց է ծագում, թե ինչու պիտի մեզ համար այդքան կարեւորվեին նրա տանջանքներն ու ցավերը:

Բայց դրան հակառակ՝ ժամանակակից պոետներն ունեն Չարենցի մասին բավականին հետաքրքիր տողեր, երաժիշտներն էլ նրա բանաստեղծությունների հիման վրա կամ դրա ոգով երաժշտական ուշագրավ գործեր են ստեղծում:

Ամփոփելով նշենք, որ որեւէ նշանավոր անհատականության գեղարվեստականորեն անդրադառնալիս (ֆիլմ, կտավ, քանդակ, բանաստեղծություն) կարեւոր է երկու բան: Առաջինը կաղապարային ընկալումներից հեռու մնալն է, որովհետեւ մեզ համար Տերյանը միշտ աշնան երգիչ է, Լեոնիդ Ենգիբարյանը՝ աշունը սրտում ծաղրածու, Կոմիտասը՝ հոգեխանգարված նահատակ: Երկրորդ խնդիրը խիստ անձնականի սահմանը չանցնելն է. պիտի փորձել բացահայտել կերպարն ու մարդկային տեսակը՝ ամբողջ խորությամբ, բայց չմտնել մի տիրույթ, որտեղ միայն իրավունք ուներ լինելու հենց այդ անձը: Այս դեպքում ավելի փոքր սերունդն ավելի առողջ պատկերացում կունենա ե՛ւ Չարենցի, ե՛ւ Կոմիտասի մասին: 

Լիլիթ ԵՐԱՆՅԱՆ սցենարիստ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ