Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում վարչապետին տրված դադարն ավարտվել է 

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում վարչապետին տրված դադարն ավարտվել է 
Արման Մելիքյան

Հարցազրույց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,  Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 5-ին Ստեփանակերտում նայելով արցախցիների աչքերի մեջ, ներկայացնելու է իր քաղաքական օրակարգն ու տեսլականը։ Ունե՞ք ենթադրություն՝ ինչու և որտեղից այսպիսի հրատապ հավաք և աչքերի մեջ նայելով ինչ կարելի է ասել։

-Թույլ տվեք այս պահին ենթադրություններս չհրապարակայնացնեմ, առավել ևս, որ ընդամենը երկու օրից վարչապետն անձամբ, արցախցիների աչքերի մեջ նայելով, խոսք ասելու իր խոստումը պետք է կատարի: Հրատապության մասով էլ վերապահումներ ունեմ՝ բանն այն է, որ Արցախի մայրաքաղաքում օգոստոսի վեցին մեկնարկող Համահայկական խաղերը լավ լրատվական առիթ են հայկական աշխարհի կարևորագույն կետից ազգին ու միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձով հանդես գալու համար: Վարչապետ Փաշինյանը լրագրողի հոտառությամբ օժտված մարդ է և, վատ իմաստով, իրեն մեծ շռայլություն թույլ տված կլիներ, եթե այդ լրատվական առիթը չօգտագործեր սեփական քաղաքական դիրքերն ամրապնդելու համար: Ինչ խոսք, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում հանրահավաք կազմակերպելով վարչապետ Փաշինյանը որոշակիորեն հեղափոխական շունչ է բերելու Արցախ, ինչը դժվար թե հնարավոր կլիներ անել որևէ դահլիճում: Չի բացառվում, որ հանրահավաքի ժամանակ իր կողքին կանգնած տեղի քաղաքական դասի ներկայացուցիչներն, այդ միջոցառմանը մասնակցելու միջոցով, իրենք ևս հեղափոխականի տարազը կառնեն վրաները: Գուցե այդ կերպ նաև ոմանք տեղում «իրավունք» կստանան ասելու, որ վարչապետ Փաշինյանն իրենց է սատարելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի համար ծավալվող պայքարում ու, թերևս, մեծապես սխալված կլինեն: Այդուհանդերձ, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում վարչապետ Փաշինյանին տրված դադարն ավարտվել է և շատ մոտ ապագայում նա ստիպված է լինելու ինչ-որ քայլեր նախաձեռնել:

-Մարիա Զախարովան Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ է արել ՝ նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանին հետագա լարվածությունն անթույլատրելի է: Այ, Ինչու է ՌԴ-ն նման «օպերատիվ» հայտարարություններով հանդես գալիս։ Նախկինում ոչ միշտ էին այդ հայտարորթյունները լինում զոհերի ու վիրավորների առկայության դեպքում։ Կա՞ն կամ կարո՞ղ են լինել տվյալներ առաջիկա լարվածության աճի կամ այլ պատերազմական գործողությունների մասին։ 

- Արդեն ասացի, որ բանակցային գործընթացի շրջանակներում վարչապետ Փաշինյանին տրամադրված դադարի շրջանը կարող ենք ավարտված համարել: Այժմ նրանից գործողություններ են սպասում ինչպես համանախագահներն, այնպես էլ ադրբեջանական կողմը: Փաշինյանին «խթանելու» համար, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմը կկիրառի ճակատային գծում մարդկային զոհեր խլող միջադեպեր հրահրելու իր ավանդական մարտավարությունը: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված մտահոգություններին, ապա դրանց կշիռը տեսանելի կլինի այն դեպքում, եթե ադրբեջանական կողմը դադարեցնի սադրանքները ճակատային գծում, հակառակ պարագայում, դրանք կարող ենք գնահատել ընդամենը որպես հարցին անհաղորդ լինելու մեջ մեղադրվելուց խուսափելու միջոց:
 

- Ի՞նչու ԱՄՆ-ը պակասեցրեց Ղարաբաղին տրված օգնության չափը։

-Արցախին տրամադրվելիք ամերիկյան օգնությունը դադարեցնելու վերաբերյալ խոսակցություններ եղել են նաև նախկինում, սակայն երբևէ դրանք իրականություն չեն դարձել: Հուսով եմ, որ այս անգամ էլ ԱՄՆ-ն չի զրկի Արցախին իր աջակցությունից: Միևնույն ժամանակ տեսանելի է, որ իրավիճակը մեր տարածաշրջանում բավական արագ փոխվում է և դա կարող է մեր շահերի համար լրջագույն ռիսկեր ի հայտ բերել։