Կեցցե Սերժ Սարգսյանը և նրա «հագով կարված» օրենսդրությունը

Կեցցե Սերժ Սարգսյանը և նրա «հագով կարված» օրենսդրությունը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունում առաջնորդվում են «մեզ կասկածող չկա» սկզբունքով, համարում են, որ եթե ունեն ժողովրդի 70 տոկոսի վստահությունը, ապա կարող են աշխատել նույն ոճով, ինչ Սերժ Սարգսյանի ժամանակ էր։ Օրինակ, հանրությունից գաղտնի պահել բարձրաստիճան պաշտոնյաների համար իրականացվող գնումները եւ այլն։ Բայց նախ՝ հերթով։ 
Երեկ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների  ծառայությունների գնումները:

«Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում նրանց՝ ով է ամենալավը կրակում եւ ով է ամենավատը կրակում, եւ կից խորհրդատվություն տալ, թե ոնց է ավելի հարմար ահաբեկչական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանը, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նրան զեկուցեց ընդդիմադիրների առաջարկի մասին։ Փաշինյանն ասաց, որ իրենք թափանցիկության ճանապարհով գնում են, եթե այդպիսի անհրաժեշտություն զգան, նման նախաձեռնություն կիրականացնեն: Չնայած այն փաստին, որ Արտակ Զեյնալյանը նախկինում ընդդիմացել է այն փոփոխության առիթով, երբ ՀՀԿ-ի իշխանությունը որոշել է նշված գնումները գաղտնի դարձնել, այդուհանդերձ, երեկ «դամ» պահեց Փաշինյանին՝ ասելով, որ այդ ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական եւ այդ անձանց անվտանգությանը: «Կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»,- ասաց նախարարը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին փորձեց խեղաթյուրել իրականությունը՝ տեղեկացնելով, որ առաջարկության մեջբերված հատվածը կոմիտեի նիստին կարդացել են, իսկ ԼՀԿ գործընկերներն էլ այս մասով կա՛մ խորքային չէին պատկերացնում խնդրի էությունը, կա՛մ միգուցե հետագայում իրենց առաջարկը կվերաձեւակերպեն: «Մեր գործընկերները համաձայնել են, որ այստեղ խնդիր կա»։ 

Արձագանքելով կառավարության մերժմանը՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց․ «Վարչապետի կողմից նախագծի նպատակն ու բնույթը նենգափոխվեցին՝ իբր թե «Լուսավորը» ցանկանում է թշնամական պետության հետախուզական մարմիններին տեղեկատվություն տրամադրել։ Կամ միգուցե «Լուսավոր Հայաստան»-ն այնքան անմշակ նախագիծ է բերել խորհրդարան, որ նման հնարավորություն է տալիս թշնամական հետախուզությանը կամ տեռորիստներին»։ Կառավարության ներկայացուցիչներին նա հորդորում է ավելի ուշադիր կարդալ նախագիծը։ «Այդ դեպքում գուցե նրանց պարզ կդառնար, որ ազգային անվտանգության ապահովմանը վերաբերող ծախսերի մասով դրույթն առաջարկվել է թողնել անփոփոխ։ Այսինքն, եթե ծախսը համարվում է այնպիսին, որի վերլուծությունը կարող է բացահայտել ազգային անվտանգությանը վերաբերող որեւէ տվյալ, ապա այն, բնականաբար, չի կարող հանրայնացվել, եւ այդ մասով նախագիծը խնդիր չի հարուցում»։

Մարուքյանի խոսքով՝ բացարձակապես չի առաջարկվել նշել, թե, օրինակ, վարչապետը որ հյուրանոցում եւ ինչ ճաշ է պատվիրել։ Առաջարկվում է նշել, թե, օրինակ, հյուրանոցային ծախսը, օրապահիկը եւ այլ հարակից ծախսերը որքան են կազմել։ Ինչպեսեւ չի առաջարկվում հայտնել, թե, օրինակ, որտեղ է նախագահն ուղարկել մեքենան՝ մասերը փոխելու համար, սակայն անհրաժեշտ են գտնում հրապարակայնացնել ծառայողական մեքենաների տեխնիկական սպասարկման վրա ծախսված միջոցները՝ նշելով, թե ինչ աշխատանք է կատարվել (ոչ թե որտեղ), եւ յուրաքանչյուր մասն ու աշխատանքն ինչ են արժեցել պետության՝ հարկատուների համար։

«Բոլոր տեղյակներին եւ անտեղյակներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ նախկինում այդ ծախսերը հասանելի են եղել հանրությանը»,- ասաց Մարուքյանը։ Բանն այն է, որ դեռեւս 2014 թ․ ՀՀԿ-ի թեթեւ ձեռքով «Գնումների մասին» օրենքում կատարվեց փոփոխություն, համաձայն որի են գաղտնի պահվում Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները: Այն ժամանակվա խորհրդարանական ընդդիմությունը մեծ աղմուկ բարձրացրեց, նույնիսկ ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի կալիբրի ընդդիմադիրներն էին հակադրվում Սերժ Սարգսյանի այս որոշմանը, եւ քննադատություններ եղան, թե անգամ Ստալինն իր գնումները գաղտնի չի պահել հասարակությունից։ 

Պարզվում է՝ 2014-ի այդ փոփոխությանն անտարբեր չի մնացել նաեւ Արտակ Զեյնալյանը, նա ԼՀԿ-ական պատգամավոր Հարություն Բաբայանի հետ զրույցում անկեղծացել է, որ տարիներ առաջ ինքն էլ է քննադատել այդ փոփոխությունը, սակայն քանի որ նոր իշխանությունն ունի հանրային վստահություն, եւ որեւէ կասկած չկա այս իշխանությունների նկատմամբ, ապա կարելի է նաեւ այդ տեղեկությունները գաղտնի պահել։ Կառավարության կոմիտեի նիստին ԼՀԿ-ից Բաբայանն է մասնակցել, քանի որ առաջարկի հեղինակ Գեւորգ Գորգիսյանը զբաղված է եղել․ «Քննարկման ժամանակ պարոն Զեյնալյանը զեկուցեց, որ նման նախագիծ կա ԼՀԿ-ի կողմից, որին եզրակացությունը տալիս ենք ձեռնպահ։ Ես հետաքրքրվեցի՝ ինչո՞ւ ձեռնպահ, եթե անվտանգության հետ կապված խնդիրներ չի առաջացնում։ Ինքն ասաց՝ քանի որ ներկայիս իշխանությունը լեգիտիմ իշխանություն է եւ կասկածի արժանի չէ, կարծում ենք՝ կարող ենք չհրապարակել»։ Բաբայանը հերքեց նաեւ Ավինյանի դիտարկումը, թե անգամ ԼՀԿ-ական գործընկերն ընդունել է, որ «այստեղ խնդիր կա»։ «Նման բան չի եղել, իրենք ընթերցեցին եւ կայացրեցին որոշում, իսկ ես պնդեցի, որ անվտանգության հետ կապված խնդիր չկա»։

Ստացվում է, որ ինչպես նախորդ, այնպես էլ «ժողովրդի» կողմից ընտրված իշխանություններն են ֆռռացնելով, անվտանգության «ատմասկաներով» գաղտնի պահում իրենց ճոխ ծախսերը։ Փաստորեն, Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումը» շատ է դուրները եկել։