Հետաքրքիր մեսիջների փոխանակություն՝ Կիրիլ պատրիարքի և Իլհամ Ալիևի միջև
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ վկայակոչելով ադրբեջանական Azertag պետական հեռուստաընկերությանը, փետրվարի 5-ին Բաքու էր ժամանել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Պատրիարքի՝ իր գահակալության տասնամյակին նվիրված միջոցառումներից բառացիորեն անմիջապես հետո Բաքու կատարած այդ այցը Իլհամ Ալիեւը հանդիպման ընթացքում ունեցած իր ելույթում բարձր է գնահատել՝ համարելով յուրահատուկ հարգանքի նշան, որը մոսկովյան պատրիարքությունը ցուցաբերում է Ադրբեջանի հանդեպ։
Իլհամ Ալիեւը կարեւորել է Կիրիլ պատրիարքի դերակատարությունն «անվտանգության, գործակցության, փոխհասկացողության ամրապնդման գործում»։ Շեշտել է, որ Կիրիլ պատրիարքը մեծ դերակատարություն է ունեցել տարբեր կրոնների դավանանքների, ազգերի եւ պետությունների փոխհասկացողության ամրապնդման գործում։ Սա, ըստ էության, բավականին հետաքրքիր հայտարարություն է, քանի որ այն եզակի դեպքերից է, երբ պետության ղեկավարը կրոնական առաջնորդի գործունեության դաշտում գնահատում է քաղաքական գործունեության հատուկ ասպեկտները, հատկապես, անվտանգության եւ պետությունների միջեւ փոխհասկացողության ձեւավորման հանգամանքներով պայմանավորված։
Բարիգալստյան պաշտոնական ելույթներում բավականին խնամքով արված ձեւակերպումները հարթեցված են, եւ այնպիսի տպավորություն է, որ այցը զուտ միայն ռուս-ադրբեջանական միջկրոնական հարաբերություններին է վերաբերում կամ Ռուս ուղղափառ եկեղեցու ադրբեջանական թեմի հետ կապված խնդիրներին։
Չափազանց հետաքրքիր էին պատրիարք Կիրիլի պատասխան ելույթում տեղ գտած որոշ ձեւակերպումներ։ Ստանդարտ արարողակարգային ելույթում հետաքրքիր մի ձեւակերպում կար․ «Ձեր երկիրը, որը գտնվում է այսպիսի ոչ պարզ քաղաքակրթական հանգույցում, ներկլանել է իր մեջ նաեւ հարեւան ժողովուրդների իմաստնությունը եւ, բնականաբար, նաեւ սեփական պատմական փորձառությունը, որն այնքան էլ դյուրին չի եղել, սակայն, անխոս, հարստացրել է ժողովրդին հիանալի ոգեկանությամբ եւ մշակույթով»։ Թե ինչու է ռուսական եկեղեցու ղեկավարը որոշել նման նուրբ ակնարկներ անել, դժվար է ասել, սակայն պարզ է, որ ձեւակերպումն իր մեջ որոշակի մեսիջ է պարունակում։ Ընդհանուր տպավորությունն այս այցից այնպիսին է, որ այն եղել է մասնավոր, որի օրակարգում պետք լինեն, օրինակ, ռուս-ադրբեջանական միջկրոնական երկխոսությունը կամ ռուսական եկեղեցու ադրբեջանական թեմի հետ կապված խնդիրները։
Սակայն այս այցն այդպիսին կմնար, եթե չլինեին մի քանի կարեւոր հանգամանքներ։ Մասնավորապես՝ սեփական գահակալության տասնամյակի միջոցառումներից անմիջապես հետո նման այցի իրականացումը խոսում է այն մասին, որ որոշակի կարեւոր կամ նույնիսկ անհետաձգելի հարցեր են եղել քննարկելու Բաքվի հետ, ընդ որում՝ ավելին, քան զուտ կրոնական բովանդակությամբ հարցերը, քանի որ հակառակ պարագայում դրանք լիովին կարող էին քննարկվել Մոսկվա այցելած Ադրբեջանի կրոնական առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Բացի այդ, հենց Փաշազադեի հետ հանդիպման ընթացքում ղարաբաղյան հարցի մասին պատրիարք Կիրիլի հայտարարությունները՝ եռակողմ դիալոգն առաջ տանելու եւ այլնի մասին, հուշում են, որ, ամենայն հավանականությամբ, արդեն Բաքվում տեղի ունեցած քննարկումներում, որքան էլ դա չհրապարակեն, խոսվել է ղարաբաղյան կարգավորման մասին։
Հատկապես եթե պատրիարք Կիրիլի եւ Փաշազադեի հանդիպմանը հնչած մտքերից մտաբերենք այն, որ նրանց առանձնազրույցի ժամանակ արդեն ինչ-որ բան խոսվել էր, որի մասին Կիրիլ պատրիարքը հպանցիկ ակնարկ է արել արարողակարգային ելույթի ժամանակ՝ առանց փակագծեր բացելու։ Բացի այս, Կիրիլ պատրիարքի այցը Բաքու նախորդում է ամսի 15-17-ին Մյունխենում տեղի ունենալիք Անվտանգության կոնֆերանսի շրջանակներում կայանալիք Լավրով-Մնացականյան-Մամեդյարով եռակողմ հանդիպմանը, որի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում հիմա, ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Այս բոլոր դրվագներն ի մի բերելով՝ կարելի է հասկանալ, թե ինչ ժողովուրդների, պետությունների ու տարբեր կրոնների ներկայացուցիչների փոխհասկացողության մասին կարող է խոսք գնալ, որի մասին խոսել է Իլհամ Ալիեւը, կամ ինչ խաղաղ համակեցության հորդորի մասին է ակնարկել պատրիարք Կիրիլը։ Եվ ամենից ուշագրավն այն է, որ Մոսկվայի պատրիարքարանի կայքը լռում է, որեւէ հրապարակում չկա այցի հետ կապված, իսկ ադրբեջանական մամուլում էլ միայն պաշտոնական քրոնիկոն է ներկայացված։
Կարծիքներ