Չպատճառաբանված սեր եւ կույր ատելություն

Չպատճառաբանված սեր եւ կույր ատելություն

Հեղափոխությունից հետո փողոց ելած մարդկանց մոտ եւ առհասարակ՝ երկրում շատ բարձր էմոցիոնալ ֆոն էր տիրում, եւ դա միանգամայն բնական էր։ Մարդիկ էյֆորիայի մեջ էին, արբած՝ հանկարծահաս հաջողությունից, հույսով լի՝ բոլոր անկատար երազանքների մոտալուտ իրականացման հանդեպ։ Նման էյֆորիկ միջավայրում բնական էր նաեւ, որ հեղափոխական ամբոխը կտրուկ էր՝ ջարդել-փրթելու, բռնել-պատժելու հակված։

Տասնամյակների ընթացքում կուտակված զայրույթն ու դժգոհությունները լցրել էին մարդկանց համբերության բաժակը, եւ նրանք տարիներով հանդուժածն այլեւս չէին ուզում հանդուրժել։ Ծանր կյանքը, կենցաղային դժվարությունները, նախկին իշխանությունների հղփացածությունը, պետության չլուծված խնդիրները, անհեռանկար ապագան իրենց դերը խաղացել էին՝ եկել էր «քարերը հավաքելու ժամանակը»։ Նրանք, ովքեր ո՛չ անհուն չարությամբ էին լցված նախկինների հանդեպ, ո՛չ անվերապահ հավատով՝ ներկաների, ըմբռնումով էին մոտենում հասարակական այս տվայտանքներին։ Եվ սպասում էին, որ էյֆորիկ հոգեվիճակը կանցնի, էմոցիոնալ ֆոնը կնվազի, ատելությունն ու սերն իրենց տեղը կզիջեն գիտակցված զգացումներին, եւ հասարակությունը կհասկանա՝ ինչպես նախկիններն արժանի չեն էշաֆոտի, այնպես էլ ներկաները՝ պատվանդանին բարձրացվելու։ Կհասկանան, որ անցյալում էլ է որոշ լավ բան եղել, եւ բոլոր իշխանավորները չէ, որ հանցագործներ են։

Իսկ նորերին ուղղված անբացատրելի սերն ու ակնածանքը նրանց կարող է փչացնել, ուստի շտապելու, ավանսով մեծ հույսեր կապելու եւ 80 տոկոս ձայն տալու մեջ մեծ վտանգներ կան։ Այսօր կարող ենք մի քանի արձանագրում անել, որ էմոցիաներն ու էյֆորիան նվազել են, բայց առողջ գնահատականը չի ավելացել։ Հանրային կարծիքը 2 իրարամերժ բեւեռում է՝ չպատճառաբանված սիրո եւ կույր ատելության։