Որ ասած լինեին, լսած կլինեինք

Որ ասած լինեին, լսած կլինեինք

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչները վկայում են, որ նախկինում Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ, այժմ ՀՀԿ-ի շարքերից դուրս եկած, խոշորացված Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը վերջերս Բերդում տեղի ունեցած նորակոչիկների երդման արարողության ժամանակ վատ եւ անգամ արհամարհական վերաբերմունք է ցույց տվել։ Իսկ Մանուչարյանն աշխատում է մնալ պաշտոնին։ Նա իր շուրջն է համախմբել վարչական շրջանների ղեկավարներին, վերջիններիս փորձում է սիրաշահել։ Նրա ընտանիքի բոլոր անդամներն զբաղեցնում են ղեկավար պաշտոններ Բերդ քաղաքի տարբեր հաստատություններում։ Մենք զրուցեցիւնք Հարություն Մանուչարյանի հետ։ Նա հերքեց, որ մարզպետի հետ խնդիրներ կան՝ ասելով․ «Ինձ հետ ոչ ոք չի կարա ո՛չ արհամարհական վերաբերվի, ո՛չ էլ կարա վատ վերաբերվի»։

Բերդի բնակիչները պատմում են, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանի խնամի Հարություն Մանուչարյանն իր աթոռին կառչած է եւ չի պատրաստվում հեռանալ։ Հարցին, թե արդյոք իրեն չե՞ն ակնարկել, հասկացրել, ասել, որ հեռանա, Բերդի քաղաքապետն անկեղծորեն զարմացավ՝ ինձ ո՞վ կարա ասի։ Բնականաբար՝ նոր իշխանությունը։ Պարոն Մանուչարյանն ասաց․ «Նախ՝ նոր չեն, արդեն համարյա մեկ տարի է՝ աշխատում են, եւ երկրորդ՝ որ ասած լինեին, կլսեինք»։
Իսկ մարզային նոր իշխանությունների հետ հարաբերությունները Հարություն Մանուչարյանը որակեց «նորմալ»։

Մարզի որոշ բնակիչներ, սակայն, կարծում են, որ Բերդի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետը պետք է հեռանա, եւ հիշեցնում են, որ նա նախկին ընտրություններից առաջ, նախընտրական քարոզարշավի օրերին, շրջում էր Բերդի փողոցներում՝ «Տարոն Մարգարյանի ու Էդուարդ Շարմազանովի թեւի տակ՝ ցույց տալով իշխող կուսակցությանն իր նվիրվածությունն ու կապը»։