Ինչու՞ են կեղծում

Ինչու՞ են կեղծում

Այս օրերին մամուլում եւ սոցիալական ցանցերում մեծ հետաքրքրությամբ քննարկվում է 1992 թ. հունվարին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրության թեման: Թե ինչու՞՝ կարելի է միայն ենթադրել: Հավանաբար դա պայմանավորված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կենսագրության նկատմամբ որոշակի տպավորություն ձեւավորելու ցանկությամբ: Հայտնի է, որ նա եղել է ԼՂՀ ԳԽ նախագահի թեկնածուներից մեկը, բայց գնահատելով իրավիճակը, հայտնել է ինքնաբացարկ եւ չի մասնակցել քվեարկությանը:

Հայտնի է նաեւ, որ այդ նստաշրջանում Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Մկրտչյանը, որը, սակայն, շատ կարճ է պաշտոնավարել՝ նույն տարվա ապրիլի 14-ին սպանվելով իր բնակարանում: Արթուր Մկրտչյանի սպանությունը բացահայտված չէ, առայսօր տարբեր վարկածներ են շրջանառվում, բայց առավել արտառոցն այն է, որ ՀՅԴ կուսակցական մամուլը համառորեն նրան համարում է դաշնակցական գործիչ, ինչի պատճառով էլ, իբր, նա Հայաստանի իշխանությունների թշնամական վերաբերմունքին է արժանացել:

Պահպանվել է, բարեբախտաբար, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ընտրության նիստի տեսագրությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները, պատգամավորները հաստատում են որոշումը՝ Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում Արթուր Ասլանի Մկրտչյանը, ապա նա բարձրանում է ամբիոն եւ կարճ խոսքով երախտագիտություն է հայտնում իր հանդեպ ցուցաբերված վստահության համար: Այնուհետեւ Արթուր Մկրտչյանը թերեւս ամենակարեւոր հայտարարությունն է անում, որ ինքը ոչ մի կուսակցության չի պատկանում, ԳԽ նախագահի պաշտոնում չի ներկայացնելու որեւէ կուսակցության մոտեցումները եւ փաստացի համերաշխության եւ համախմբման կոչ է անում:

Այսօր ինչու՞ են կեղծում պատմությունը՝ մնում է անհասկանալի: Արթուր Մկրտչյանը ՀՅԴ անդա՞մ է եղել: Այդ դեպքում ինչու՞ ԳԽ նախագահի պաշտոնում ընտրվելուց րոպեներ անց նա հայտարարել է, որ կուսակցական չէ: Արթուր Մկրտչյանը ԳԽ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո՞ է անդամագրվել Դաշնակցությանը: Հազիվ թե: Նրա ելույթից լրիվ այլ տպավորություն է ստեղծվում: Նա, կարծես, հորդոր է հղել, որպեսզի ԳԽ նախագահի պաշտոնում իր ընտրությունը չկուսակացականացվի: Համենայն դեպս, արձանագրված փաստը դա է: Եւ Արթուր Մկրտչյանի հիշատակի հանդեպ ամենամեծ հարգանքն այն կլիներ, որ նրա կենսագրությունը չկեղծվեր: