ՀԱՊԿ-ի գործողությունները սպառնում են մեր ինքնիշխանությանը

ՀԱՊԿ-ի գործողությունները սպառնում են մեր ինքնիշխանությանը

Եվ այսպես․ ՀԱՊԿ արտգործնախարարները հավանություն տվեցին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությանը։ Այդ որոշումն ընդունվեց ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ նախօրեին Բիշքեկում կայացած նիստին։ Զասը Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարն է, ում թեկնածությունն անդամ պետությունների կողմից հավանության արժանանալու դեպքում նա կստանձնի այդ պաշտոնը 2020 թվականի հունվարից։

Հիշեցնենք․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել անցած տարվա նոյեմբերից, երբ Հայաստանը հետ կանչեց 2017-ի ապրիլից այն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, քանի որ նրան Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել։ Միեւնույն ժամանակ, հայկական կողմը շարունակում է պնդել, որ այդ ռոտացիոն պաշտոնը պետք է շարունակի մնալ Հայաստանինը մինչեւ 2020 թվականը։ Անձամբ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն է քանիցս հայտարարել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի այս՝ թվում է միանգամայն օրինաչափ պահանջը չի հարգվել։ 

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, որոշում է կայացվել այս տարվա նոյեմբերին կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին ընդառաջ մշակել եւ խորհրդի դիտարկմանը ներկայացնել գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը կարգավորող փոփոխություններ ՀԱՊԿ քարտուղարության կանոնակարգում, բայց սա, նկատենք, այժմ ավելի շատ նմանվում է կռվից հետո բռունցքներ թափահարելուն։ 

Ղարաբաղյան շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին պարբերաբար արձանագրվող սրացումների համատեքստում հայաստանյան փորձագետները վերջին տարիներին հաճախ են խոսում ՀԱՊԿ-ին անդամակցելու նպատակահարմարության կամ առհասարակ՝ այդ կազմակերպության անհրաժեշտության մասին։ Այսպես․ ադրբեջանցիները կրակում են Ղարաբաղում, ՀԱՊԿ-ից արձագանքում են՝ դա մեր պատասխանատվության տիրույթը չէ, կրակում են Հայաստանի գյուղերի ուղղությամբ, ասում են՝ որպեսզի մի բան անենք, պետք է մեզ պաշտոնապես Երեւանը դիմի, ինչը, տարբեր «հասկանալի» պատճառաբանություններով, տեղի չի ունենում։ Նման պարագաներում ՀԱՊԿ-ն լավագույն դեպքում մի անատամ հայտարարություն է տարածում, որում բացարձակ չի երեւում, թե ով է տվյալ միջադեպի պաասխանատուն, ու ինչ է նրանից պահանջվում։ 

ՀԱՊԿ-ն, այսպիսով, Հայաստանի համար այդպես էլ մնաց մի կառույց, որին անդամակցելն ի սկզբանե պայմանավորված է եղել միայն ինչ-որ մեկին չջղայնացնելու միտումով։ Ժամանակին, որպես թեթեւ մխիթարանք, Երեւանին շպրտվել էր կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը, ի դեպ, լինելով ռոտացիոն, ինչ-որ պահից հենց հայկական կողմն էլ պետք է զբաղեցներ, առանց ինչ-ինչ «լավությունների»։ Սակայն նույնիսկ կանոնադրական պահանջի պարագայում այդ նշանակումը տարբեր պատրվակներով հետաձգվում էր։ Մի դեպքում Մինսկն էր «չարություն» անում, մեկ այլ դեպքում՝ Աստանան (Նուրսուլթան) էր հակադրվում։ Մոսկվան էլ նման դեպքերում արդար դատավորի կեցվածք ընդունած՝ ամեն անգամ փորձում էր ինչ-որ կերպ հարթել վիճակը։ 

Եվ, ահա, այս առանց այդ էլ ոչ միանշանակ իրավիճակում Բելառուսը պնդեց ու հասավ իր ուզածին․ Հայաստանին հատկացված ժամկետը դեռ չավարտված՝ առաջադրեց իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին։ «ՀԱՊԿ-ն արդեն տեւական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Այս իրավիճակը նպաստավոր չէ կազմակերպության համար եւ պետք է հնարավորինս արագ կարգավորվի»,- հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակը: 

Ստեղծված իրավիճակը նոր հարցեր է առաջացնում եւ սրում հները։ Այսպես․ հերթական անգամ հաշվի չի առնվում Հայաստանի օրինական պահանջը, ու Երեւանի պաշտոնավարման շրջանում վերջնականապես առաջ է քաշվում ՀԱՊԿ այլ անդամ երկրի ներկայացուցչի թեկնածությունը։ Ընդ որում՝ այն երկրի, որը ոչ վաղ անցյալում զենքի հերթական խմբաքանակն է վաճառել Ադրբեջանին։ Հիշեցնենք․ ավելի վաղ Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի կայանքներ էր գնել։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ կայանքները կարող են հարվածներ հասցնել մինչեւ 300 կիլոմետր հեռավորության վրա ու խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով: Մինսկի թեկնածուին հավանություն են տալիս նաեւ Հայաստանի մյուս «հավատարիմ» գործընկերները, որոնք եւս, ի դեպ, Ադրբեջանի հետ տարբեր ժամանակներում տարբեր ռազմական գործարքների են գնացել։ Եվ այս պարագայում ասել, թե անհրաժեշտության դեպքում Երեւանը կարող է ՀԱՊԿ-ից զինական աջակցություն ակնկալել, նշանակում է ոչինչ չասել։ 

ՀԱՊԿ-ն, այսպիսվ, դառնում է այն ինդիկատորը, որը բացահայտորեն ցույց է տալիս, թե որքան նվազեցված է Հայաստանի արտաքին քաղաքականության ինքնուրույնության աստիճանը։ Այն, իհարկե, երբեք էլ ոչ մեկի համար գաղտնիք չի եղել, սակայն այս անգամ դա ուղղակիորեն ցուցում է անգամ «հեղափոխված» Երեւանի սուվերենության գրեթե իսպառ բացակայությունը։ Հասկանալի է՝ տվյալ դեպքում բացահայտորեն հակադրվելը կնշանակեր առճակատում Մոսկվայի հետ, ինչն իսկապես աղետաբեր կլիներ։ Բայց ո՞վ է ասել, որ այդ նույն Մոսկվայի (ՀԱՊԿ մյուս անդամների մասին խոսելն անիմաստ է) կողմից Հայաստանին ի սկզբանե վերապահվել է նման ստորացուցիչ դերակատարություն։ 

Երեւանն առանց այդ էլ հանուն Մոսկվայի, երբեմն նույնիսկ առանց նրա գիտության, միջազգային տարբեր ատյաններում, «սեփական շահերից ելնելով», բազմաթիվ անպատվաբեր քվեարկություններ է կատարում՝ պարբերաբար հայտնվելով «իզգոյ» երկրների շարքում։ Գրեթե ամբողջությամբ Ռուսաստանին է զիջել իր էներգետիկ հզորություններն ու դրանց կառավարման լծակները։ Հարկադրաբար հրաժարվում է Արեւմուտքի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցությունից եւ այլն։ 

Հարց է ծագում՝ հիմա ի՞նչ պետք է անել։ Անշուշտ, բացահայտ առճակատումը սխալ ու վնասակար է։ Սակայն ժամանակն է մտածել արտաքին քաղաքականության ոլորտում ոչ թե կողմնորոշում փոխելուն, այլ գոնե ստորացուցիչ բաղադրիչներն աստիճանաբար ի չիք դարձնելուն ուղղված հետեւողական քայլերի մասին։ Գոնե անել հնարավոր, թեկուզ փոքրիկ քայլեր՝ անընդհատ չվախենալով պատասխան ապտակներից։ Ավելին՝ Մոսկվան այդ դեպքում թերեւս մի քիչ ավելի հարգանքով կվերաբերվեր Երեւանին՝ վերջինիս գոնե ինչ-որ չափով գործընկեր ընկալելով։ 
Այս համատեքստում բավական է հիշել մի խոսուն փաստ՝ Վրաստանի հետ չունենալով դիվանագիտական հարաբերություններ, Ռուսաստանն այդ երկրի հետ ակտիվորեն գինու եւ մի շարք այլ ապրանքատեսակների առեւտուր է անում, վերջին շրջանում Վրաստանն ուղղակի ողողված է ռուս զբոսաշրջիկներով եւ այլն։ Համեմատությունը թերեւս շատ բնութագրական չէ, բայց որոշ ուսուցողական տարրեր, այնուամենայնիվ, պարունակում է։ 

Պե՞տք է հրաժարվել ՀԱՊԿ-ից՝ թերեւս ոչ կամ՝ դեռ ոչ։ Սակայն գոնե կարելի է նպատակամղված կերպով, փոքրիկ քայլերով ցուցադրել այդ իսկապես արհեստածին, զուտ կոնյունկտուրային կառույցի բովանդակության անհեթեթությունն առնվազն Հայաստանի շահերի տեսանկյունից։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ՀԱՊԿ-ի պարագային։ Նման փոքրիկ քայլեր կարելի է անել նաեւ մի շարք այլ ուղղություններով, առանց աղմուկի, առանց ավելորդ աժիոտաժի եւ, վաստահաբար, կարելի է ինչ-որ պահի ինչ-որ արդյունք ակնկալել։ Ի վերջո՝ բոլոր մեծ քայլերը բաղկացած են փոքրիկ քայլերից։ 

Հարկ է փրկել Հայաստանի ինքնիշխանության վերջին փշրանքները, գոնե այն չափով, որին նույնիսկ Մոսկվան դեմ չէ։ 

Դավիթ ԶԱՎՅԱՆ