Ինչո՞ւ հանկարծ հիշեցին

Ինչո՞ւ հանկարծ հիշեցին

Քաղաքագետը ոգեւորվել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի այն մտքից, որ ժամանակն է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հարցը: Նա, ընդսմին, չի խորշում մեղադրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ պաշտոնապես համաձայնել է այդ կառույցին Թուրքիայի անդամակցությանը եւ ամփոփում է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը ձեւացնի, թե «իբր չի լսում Արցախի խորհրդարանի խոսնակի առաջարկները, մեր հասարակությունը կհամոզվի, որ իշխանությունը գտնվում է թուրքամետ «հինգերորդ շարասյան» ձեռքում»:

Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ անդամ է 1992թ. մարտի 24-ից: Եւ հարց է ծագում՝ 1998-ի իշխանափոխությունից հետո անցած քսան տարիներին ինչո՞ւ երբեւէ չի ծագել կառույցից Թուրքիայի հեռացման հարց: Լեւոն Տեր-Պետրոսյանի «թուրքասեր» քաղաքականությունը մերժած ազգայնական ուժերն ինչո՞ւ չեն փորձել շտկել առաջին նախագահի թույլ տված սխալը: Թուրքիան այսօր չէ, որ ԼՂ հարցում կատարյալ համերաշխվում է Ադրբեջանի հետ: Անկարան միշտ հանդես է եկել հարցի ադրբեջանանպաստ լուծման դիրքերից, միշտ է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն էլ նորություն չեն: Արցախի ԱԺ խոսնակն ինչո՞ւ հատկապես այսօր է բարձրացնում խնդիրը: Որպեսզի փորձագիտական որոշակի շրջանակներից արժանանա «բրավո»-ի՞՝ ինչպես այս դեպքում:

Թե՝ որպեսզի նույն այդ շրջանակները հարցը ձեւակերպեն այնպես, որ Արցախի ղեկավարությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է Թուրքիային ԵԱՀԿ ՄԽ-ից հեռացնելու քայլեր ձեռնարկել եւ եթե դա տեղի չունենա, ապա հասարակությունը կհամոզվի, որ Հայաստանում կառավարում է թուրքամետ հինգերորդ զորասյո՞ւնը: ԵԱՀԿ նույն որոշմամբ խաղաղության խորհրդաժողովին, եթե այն տեղի ունենա, պետք է հրավիրվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները: Արցախի ԱԺ խոսնակն այդ ընտրված ներկայացուցիչներից մեկն է: Եւ եթե համոզված է, որ եկել է ԵԱՀԿ ՄԽ-ից Թուրքիային հեռացնելու պահանջի ժամանակը, ապա չի՞ կարող իր անունից դիմել ԵԱՀԿ գործող նախագահին:  Թե ավելի հարմար է հարցը բերել մամուլ եւ Հայաստանի իշխանություններին քննադատելու եւս մի առի՞թ ստեղծել: