Ադրբեջանում նոր պաշտոնանկություններ կլինեն

Ադրբեջանում նոր պաշտոնանկություններ կլինեն

Վերլուծելով ուժային երկու կառույցի՝ ՆԳՆ եւ Պետական անվտանգության ծառայության, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի ղեկավարների փոփոխությունը, «Թուրան» գործակալությունը եկել է եզրակացության, որ առաջին հարվածն ստացել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը, որը համատեղությամբ գլխավորում էր նաեւ ԱԽ-ը:

Հետայսու Մեհթիեւը զրկվում է ուժայինների, դրանով իսկ՝ պետական կարեւոր որոշումների ընդունման վրա ազդեցությունից: Մեկնաբանները գտնում են, որ Մադաթ Գուլիեւ փոխարեն ՊԱԾ տնօրենի պաշտոնում կադրային սպա Ալի Նաղիեւի նշանակումը պետք է հասկանալ այնպես, որ իշխանությունը դժգոհ էր Գուլիեւից: Թե հատկապես ինչու՞մ եւ որտե՞ղ է նա թերացել՝ ենթադրությունների ոլորտից է:

Ինչ վերաբերում է ՆԳ երկարամյա նախարար Ուսուբովին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակմանը, ապա «Թուրանի» վերլուծաբանները կարծում են, որ եթե Անվտանգության խորհուրդը լիարժեքորեն ձեւավորվի որպես մշտապես գործող մարմին, ինչպես դա ԱՄՆ-ում է կամ Ռուսաստանում, ապա Ուսուբովը կշարունակի համարվել Իլհամ Ալիեւի մերձավոր շրջապատի պետական գործիչ: Բայց ավելի հավանական է տարբերակը, որ ԱԽ-ն կմնա նույն ամորֆ եւ լիազորություններից զուրկ կառույցը, որտեղ ՆԳ նախկին նախարարը պարզապես պատվավոր թոշակառուի կարգավիճակով ժամանակ կկարճի: Վերլուծաբանները դժվարանում են բացատրել ուժային բլոկում փոփոխությունների իրական շարժառիթները, բայց նրանք կայուն տպավորություն ունեն, որ Իլհամ Ալիեւն սկսել է կադրային վերադասավորումների եւ փոխատեղումների նոր փուլ, եւ նոր պաշտոնանկությունները շատ հավանական են: Այս իմաստով, թերեւս, հասունացած է նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնանկությունը:

Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւին պաշտպանության նախարարի վերջին աղմկալի հայտարարությունները պատերազմ սկսել-չսկսելու պատճառների մասին խիստ անհանգստացնում են այն իմաստով, որ ռազմական գերատեսչության ղեկավարը փորձում է հանրային ավելի մեծ հեղինակություն ունենալ՝ ներկայանալով որպես «մարտաշունչ բազե»՝ ի տարբերություն քաղաքական ղեկավարության, որը, ինչպես հասկացվում է Հասանովի ակնարկներից, դարձել է միջազգային քաղաքականության պատանդը եւ չի համարձակվում տալ մարտական գործողություններ սկսելու հրամանը: Արդյոք սպասվող պաշտոնանկությունների մասին ակնարկելով՝ «Թուրանի» վերլուծաբանները նկատի ունեն նաեւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՞ն: