Ռուսները դեմ են Բաբկեն Տեր-Գրիգորյանի նշանակմանը

Ռուսները դեմ են Բաբկեն Տեր-Գրիգորյանի նշանակմանը

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ավարտվել են ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումները, եւ որոշում է կայացվել, որ վարչապետի աշխատակազմում ստեղծվի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, որը կլինի վարչապետի ներկայացուցիչը սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: «Հրապարակին» հայտնի է դարձել, որ այս գաղափարի հեղինակը սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանն է, եւ հենց նա էլ ամենահավանական թեկնածուն է այդ պաշտոնի համար, չնայած մեզ հետ զրույցում նա այդ տեղեկությունն անհիմն համարեց՝ ասելով․ «Նման խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում, եւ ավելորդ եմ համարում անգամ դրանց մեկնաբանումը»։ 

Տեր-Գրիգորյանին հարցրինք․ իսկ ինչպիսի՞ն է վերջնական որոշումը, չէ՞ որ խոսվում էր, որ սփյուռքի նախարարությունն ԱԳՆ-ի կազմում կարող է կոմիտեի կարգավիճակ ստանալ, հանձնակատարը փոխարինելո՞ւ է մի ողջ նախարարությանը։ «ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումներն ավարտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղեկացրեց հանրությանը, որ վարչապետի աշխատակազմում կստեղծվի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: Ահա, սա է վերջնական որոշումը»,- պատասխանեց Տեր-Գրիգորյանը։ 

Բաբկեն Տեր-Գրիգորյանը նախկինում աչքի է ընկել հակառուսական կեցվածքով։ Հատկապես մեծ աղմուկ էր բարձրացել, երբ նա բողոքի ակցիայի ժամանակ պարզել էր «Putin Go fuck yourself» գրությամբ պաստառը, եւ այժմ էլ, մեր տեղեկություններով, Ռուսաստանը, մեղմ ասած, խիստ բացասական վերաբերմունք է արտահայտել Տեր- Գրիգորյանի՝ այդ պաշտոնում նշանակվելու վերաբերյալ լուրերին։ Մեր այն հարցին, թե իր նշանակման պարագայում ինչպես է պատրաստվում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որտեղ, իմիջիայլոց, հայկական մեծ սփյուռք կա՝ նկատի ունենալով, որ նախկինում բազմիցս հայհոյել է ՌԴ նախագահին,  ասաց․ «Սփյուռքը բազմազան է, բազմերանգ ու բազմաշերտ, եւ ով էլ զբաղեցնի հանձնակատարի պաշտոնը, պետք է հավասարապես աշխատի յուրաքանչյուր սփյուռքահայի հետ, ով համագործակցելու ցանկություն, պատրաստակամություն եւ ընդհանուր օրակարգ ունի, լինի նա Ռուսաստանից, Լիբանանից, ԱՄՆ-ից, թե Ավստրալիայից: Ի վերջո, գնահատվելու են ոչ թե անձերը, այլ կատարված աշխատանքը»: