Արթուր Վարդանյանին բուժումները չեն օգնում

Արթուր Վարդանյանին բուժումները չեն օգնում

Նորք-Մարաշում 2015 թվականին հայտնաբերված զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի առողջական վիճակը օր օրի վատանում է։ Վերջին մեկ տարում նրան պարբերաբար տեղափոխում են կալանավայրից  քաղաքացիական հիվանդանոց, հիվանդաբոցից՝ կրկին բերդ։ Բայց վիճակի լավացում չկա։  

Հունիսի 18-ին նա այնքան է վատացել, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սեփական նախաձեռնությամբ Վարդանյանին տեղափոխել են մաշկաբանության և սեռավարակության բժշկական կենտրոն։

Անցել է 2 շաբաթ։ Արթուր Վարդանյանի կինը, Աշխեն Սումբուլյանը, որը պարբերաբար ամուսնուն խնամելու է գնում, «Հրապարակին» ասաց, որ  նրա առողջական վիճակը ավելի անհանգստացնող է դարձել։ «Արթուրին որոշակի հետազոտություններ են անհրաժեշտ, որոնք դեռ չեն արվել, այս պահին բժշկի ցուցումով մոտ 6 տեսակի ստուգում պիտի արվի,- ասում է Աշխենը,- քանի որ, պետպատվերով է արվում բուժումը, ցանկացած հետազոտություն որն այս հիվանդանոցում հնարավոր չէ անել, պետք է ուղեգիր տրամադրելով, այլ կենտրոններում արվի։

Նա սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, նորմալ հետազոտություն պիտի արվի»։ Այս պահին Արթուր Վարդանյանի ջերմությունը չի իջնում։ Բժիշկները նրա արյան հետ կապված խնդիրներ են տեսնում։ Մաշկի վրա ցան կա։ «Մաշկի հետ կապված, բուժում է ստանում, բայց առանձնապես փոփոխություններ չկան»,- ասում է Արթուրի կինը։

Նա հուսահատության եզրին է։ Հունիսի 19-ից, ինչ Արթուր Վարդանյանը հիվանդանոցում է, դատական նիստեր չեն եղել։ Նրա գործով անորոշ ու անհասկանալի իրավիճակ է։ Արթուր Վարդանյանի գործով վերջին դատական նիստի ժամանակ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անձնական երաշխավորություն ներկայացրեցին նրա համար, խնդրելով ազատել կալանքից, սակայն դատավոր Արմեն Բեքթաշյանը անդրդվելի էր։ Նա մերժեց միջնորդությունները։

Հիշեցնենք, որ Վարդանյանը, ըստ քրական գործի, համարվում է զինյալների պարագլուխը։ Խմբի քսան անդամները 2015 թվականից մեղադրվում են բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով Հայաստանում իշխանությունը զավթելու փորձի համար, որը ավարտին չի հասցվել։ Նրա հարազատները, ընկերները Հայաստանում ու սփյուռքում գտնում են, որ նրա  Արթուր Վարդանյանի դեմ անհասկանալի պատճառներով քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։ Խմբի 20 անդամներից կալանքի տակ է միայն Վարդանյանը։