Որպեսզի ռազմարդյունաբերություն ունենանք, նախ պետք է արդյունաբերություն ունենանք

Երեկ կառավարության նիստից րոպեներ անց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հպարտորեն հայտարարեց, որ ռազմարդյունաբերությունը խրախուսող նախագիծ են հաստատել։ Կառավարությունն այլևս չի կիրառելու շահույթի սահմանափակում ռազմարդյունաբերողների համար, բացառությամբ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների։
«Ցայսօր գործող կարգավորումներով ռազմարդյունաբերողները կարող էին ունենալ առավելագույնը 15% շահույթ։ Հաշվի առնելով ոլորտին բնորոշ բարձր ռիսկայնությունը՝ տարիներ շարունակ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումը զգալիորեն նվազեցնում էր կազմակերպությունների ներդրումային գրավչությունը, ինչն էլ, իր հերթին, դանդաղեցնում էր Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացումը։ Բացի այդ, հաշվի առնելով նաև ոլորտին բնորոշ լոգիստիկ, տեխնիկական և աշխարհաքաղաքական ռիսկերը՝ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումն անհամաչափ ռիսկեր էր ստեղծում կազմակերպությունների համար, ինչն էլ ավելացնում էր պետական պատվերների ձախողման հավանականությունը», - նշում է նախարարը։
Որոշումը նոր է, հույժ գաղտնի և հրապարակված է զուտ փիառի համար, այնպես որ ոչ ռազմական փորձագետները, ոչ ՊՆ նախկին բարձր պաշտոնյաները տեղյակ չէին դրանից և երեկ չէին կարողանում մեկնաբանել։
Միակը, ով համաձայնեց կարծիք հայտնել և պարզաբանել նոր որոշումը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն էր։ Նա դրական է գնահատում նախագիծը, սակայն ոչ բավարար։ Նա համարում է, որ ռազմարդյունաբերողի շահույթը պետք է ավելանա նաև պետության սուբսսիդավորման հաշվին։ «Շատ ճիշտ որոշում են կայացրել։ Ավելի լավ կլինի, եթե կառավարությունը սուբսիդավորի ռազմարդյունաբերությունը, միայն թե մեր երկրում ռազմամթերք արտադրեն, ոչ թե իմիտացիա անեն, այլ հենց ռազմամթերք արտադրեն, և շահույթը լինի ոչ թե 15 տոկոս, այլ 200, բայց ռազմամթերք արտադրեն, որը պիտանի կլինի ռազմի դաշտում կիրառելու», - «Հրապարակին» ասաց Մովսես Հակոբյանը ։ Նա կարծում է, որ 15 տոկոս շահույթը չէր խթանում ռազմարդյունաբերությունը, քանի որ այն թանկ հաճույք է և մեծ ներդրումներ է պահանջում։
«Ռազմարդյունաբերությունը արդյունաբերության «լյուքս» տեսակն է, վերին կետն է։ Այն նաև կարող է լոկոմոտիվ լինել տնտեսության այլ ճյուղերի համար։ Իսկ որպեսզի ունենանք ռազմարդյունաբերություն, նախ պետք է արդյունաբերություն ունենանք։ Իսկ եթե Հայաստանը չունի արդյունաբերություն, ռազմարդյունաբերության մասին խոսակցությունները ընդամենը երազ է», - նշեց գեներալը։
Հնարավոր չէ՞ տարբեր երկրներից դետալներ պատվիրել և այստեղ զինամթերք արտադրել։ «Ոչ, օրենքներ կան, պետք է գոնե 70 տոկոսը դու արտադրես, արդյունաբերող կոչվելու համար»։
Կառավարության որոշման տրամաբանությունն այն է, որ ռազմաարդյունաբերական արտադրանք արտահանողները եւս խթան ստանան և աճեն այն ընկերությունները, որոնք ունեն այդ պոտենցիալը, սակայն սահմանափակված են հայկական շուկայով։
Պաշտպանական ոլորտի փորձագետը, առանց անուն հրապարակելու, բացահայտեց այդ տրամաբանությունը․ «Հայաստանում պատվերները փոքր են, իսկ երբ մարդը դուրս է տանում մի բան վաճառելու ու դու ասում ես՝ 15 տոկոսից ավելի շահույթ մի ունեցի, նա կամ սահմանափակվում է գործունեության մեջ, կամ սկսում է պետությանը խաբել։ Իսկ այժմ դու ասում ես նրան՝ էս ինչ զենքը Հայաստանին տալիս ես 100 դոլարով, շահույթդ քիչ է, բայց եթե, ասենք, ուզում ես վաճառել այլ երկիր, կարող ես վաճառել 4-5 անգամ բարձր գնով, առանց շահույթի սահմանափակման։ Սա է հարցը։ Սա բերելու է ներդրումների։ Ներդրողներն անդադար ասում էին, որ ռազմական արդյունաբերության ոլորտը պետական գարանտիաներ չունի, դրա համար փող չէինք դնում, հիմա կսկսեն դնել»։
Մեր տեղեկություններով, փաթեթի մեջ կա նաև որոշում արտոնությունների վերաբյալ։ Նախատեսված է, որ ռազմարդյունաբերության ոլորտում նորարարություն կիրառողները բազմաթիվ արտոնություններ են ստանալու պետությունից։ Փաթեթի այս մասը գաղտնի է, ԲՏԱ նախարարը ևս սրան չի անդրադարձել, փակելով բովանդակային մասը։
Կարծիքներ