Նիկոլի ձիու քայլը

Նիկոլի ձիու քայլը

Նիկոլը մարտիմեկյան հանրահավաքին եւ երթի ընթացքում ձիով քայլ կատարեց՝ նա ետքայլ արեց հասարակությունը բաժանելուց եւ համախմբվածության կոչ անելով՝ ողջունեց ու համարյա սիրո խոստովանություն արեց բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից: Դա նշանակում է, որ Նիկոլը ոչ թե վերափոխվեց, այլ գիտակցեց, որ իրեն պաշտող զոմբիացած հանրությունը քչանում է, այլապես ընդդիմադիրներին քծնելու խնդիր չէր ունենա: Ի դեպ, քծնեց նաեւ ՀՀ նախագահին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությանը եւ նույնիսկ ԳՇ պետին: Սա նոր խոսք է նրա մանիպուլյատիվ ելույթներում՝ հաշվի առնելով, որ նախկինում ընդդիմադիրներն ինչ-որ անհասկանալի էլիտա էին՝ ոչ ընդունելի խավ, իսկ իրեն աջակից զոմբիացված բազմությունը՝ ժողովուրդ:

Միաժամանակ, կրկին հրապարակ նետեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը: Բայց դա արեց դերասանական շնորհքով՝ մարտահրավեր նետելով ընդդիմությանը: Սակայն չպահպանեց միջնադարյան մարտահրավերների ոսկե կանոնը. ասպետական բարոյականության շրջանակում կատարվող մարտահրավերների դեպքում նա, ում մարտահրավեր էր նետվում, իրավունք ուներ կատարելու զենքի ընտրություն: Դա նշանակում է, որ մարտահրավեր ստացողը կարող էր ընտրել այն զենքը, որին տիրապետում էր ամենից ավելի լավ: 21-րդ դարում եւ մեր դեպքում ոսկե կանոնի պահպանումը կնշանակեր, որ Փաշինյանն առնվազն հրաժարվում է վարչապետի պաշտոնից: Իհարկե, ոսկե կանոնի ամբողջական պահպանման դեպքում Փաշինյանը ոչ միայն պետք է հրաժարվեր վարչապետի պաշտոնից, այլեւ ընդդիմությանը հնարավորություն ընձեռեր կազմելու ժամանակավոր կառավարություն: Բայց դե Փաշինյա՜նն ուր, միջնադարյան ասպետության բարոյականությո՜ւնը ուր…

Ի դեպ, միջանկյալ տարբերակ կարող էր լինել վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարական ներկայացնելը եւ այդ պաշտոնը խորհրդարանական ընդդիմության փոքրամասնությանը տրամադրելը: Այսինքն՝ խորհրդարանական խմբակցությունների պայմանավորվածության համաձայն, վարչապետ կարող էր նշանակվել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վերջինս, ըստ նույն պայմանավորվածության, պարտավորված էր լինելու ողջամիտ ժամանակահատվածում կազմակերպել արտահերթ ընտրություններ: Միջանկյալ տարբերակը կարող է գործել, եթե ընդդիմությունը չկարողանա հեռացնել Փաշինյանին վարչապետի պաշտոնից, իսկ Փաշինյանն էլ անընդհատ խնդիր ունենա բողոքի փողոցային շրջափակումների առումով:

Բայց քանի որ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել վարչապետի պաշտոնից եւ հավասար պայքարի մեջ մտնել Վազգեն Մանուկյանի հետ, ապա ընդդիմությանը մնում է ուժեղացնել փողոցային պայքարը: Կհաջողվի դա իրեն՝ ուրեմն կլուծվի անընդհատ ձգձգվող անկայունության վիճակը հաղթահարելու հարցը, չի հաջողվի՝ ուրեմն կպահպանվի այսօրվա անկայունությունը, եւ պետությունը կշարունակի անղեկ նավով իր վտանգավոր նավարկությունը տարածաշրջանային փոթորկոտ օվկիանոսում:

Ինչ մնում է Փաշինյանի վարչապետության պայմաններում խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն, ապա դրա օրինականության, արդարացիության ու հավասարության վերաբերյալ հիանալի օրինակ տրվեց վերջին երկու օրում, բնականաբար, հակառակ ուղղվածությամբ: Թե ինչպիսի ընտրություն կարող է կազմակերպվել նման դեպքում՝ երեւաց ողջ հանրապետության մասշտաբով՝ բացառությամբ Սյունիքի, երբ վարչական աննախադեպ ռեսուրս կիրառվեց Նիկոլի մարտիմեկյան հանրահավաքին գլխաքանակ ապահովելու համար: Ոչ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու օգտին են վկայում նաեւ տարիներ առաջ «Հիմա» շարժման եւ Նիկոլի հիմնադրած ՔՊ կուսակցության վարչության ընտրությունները, որոնք անցել են Նիկոլի բռնատիրական նկրտումներով:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ