«Բագրատաշենում խուժանանոց է»․ բռնության ենթարկված գործարարի բեռը հետ չեն տալիս

«Բագրատաշենում խուժանանոց է»․ բռնության ենթարկված գործարարի բեռը հետ չեն տալիս

Գործարար, գերմանական «Deutsche Post» (Գերմանական փոստ) ընկերության սեփականատեր Արթուր Խառատյանը չի կարողանում Բագրատաշենի մաքսակետից հետ ստանալ իր բեռը, որը կալանավորել են օրենքի խախտումով։ Ըստ նրա, ինչ-որ անհամապատասխանություն են հայտնաբերել բեռի նշված և իրական կշռի միջև, ինչը, սակայն բեռը կալանավորելու պատճառ չէր կարող հանդիսանալ։ 

Գործարարը օր օրի վնասներ է կրում։ Փոստային առաքումների ոլորտում մեծ մրցակցություն կա, եւ Արթուր Խառատրյանը վստահեցնում է, որ անընդհատ զանգեր է ստանում իր հաճախորդներից, որոնք անհանգստանում են իրենց ծանրոցների համար։ 

Հուլիսի 25-ից Խառատյանի կյանքը վերածվել է դժոխքի։ Նա առավոտից երեկո վազվզում է պետական մարմիններով։ Դիմել է ԱԱԾ, հաղորդում ներկայացնելով իր հետ կատարված արտառոց միջադեպի մասին, նաև ՊԵԿ, պահանջելով հետաքննել միջադեպը։ Բոլոր ատյաններից նրան հորդորում են սպասել։ 

Հուլիսի 25-ի գիշերը Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ բռնի ուժ կիրառելով, հայհոյելով, խլել էր բեռը գործարարից։ Վերջինս դիմել է մեզ եւ հայտնել է, որ երբ իր բերած բեռի մաքսային ձեւակերպումները կատարելուց հետո նա նստել է իր ավտոմեքենան, որ շարժվի դեպի Երեւան, բայց մոտեցել է Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ, գոռգոռալով առանց ներկայանալու, իրեն իրեն դուրս է հրավիրել մեքենայից, ապա  հարձակվել է նրա վրա, բռնության է ենթարկել իր աշխատակիցների հետ, ասելով․ «Քեզ Շմայսի տե՞ղն ես դրել, ամեն ամիս սենց գռուզ ես բերում»։ 

«Ահավոր քաշքշուկ է, բեռը բաց չեն թողնում, ես հիմա պաշտպանվում եմ էս պետությունից, որ գործ չսարքեն իմ դեմ։ Ես հիմա գնալու եմ Գերմանիայի դեսպանատան մոտ նստեմ։ Բագրատաշեն եմ գնացել, որ բեռս հետ ստանամ, ինձ ասել են՝ մաքսակետի պետ Վանունին պետք է որոշի, բեռը տանք, թ՞ե չէ։ Ես էլ իրեն չեմ դիմի։ Իրենք հատուկ ձգձգում են, արհեստական ինձ հետ են գցում, որ կողքից գործս փախցնեն ուրիշները։ Իմ ֆիրման տուժում է։ Գերմանիայից զանգում են, ասում են՝ ի՞նչ ա կատարվում», - ասում է գործարարը։ Նա խոստանում է, որ կդիմի բողոքի ծայրահեղ միջոցների՝ կհավաքի ԶԼՄ-ներն ու կտանի Բագրատաշեն, իսկ եթե իրեն ի վերջո հասցնեն սնանկացման, կհրաժարվի Հայաստանի քաղաքացիությունից։  

Ըստ Արթուր Խառատյանի, որը երկու տարի է, առաքումների բիզնեսով է զբաղվում, Բագրատաշենի մաքսակետում նույն անարդար կարգերն են, ինչ նախկինների օորոք։ «Բագրատաշենը խուժանանոց է։ Դուք մենակ տեսնեք, ինչ ա կատարվում։ Առաջվա պես, իրանց մոտիկները, իրանց իմացած մարդիկ, ով որ միշտ արագ անցել ա սահմանը, էլի անցնում ա, իսկ նրանց, ով որ օրինական դաշտ է եկել, նեղում են»։ 

ՊԵԿ մամուլի պատասխանատուն մեզ հայտնեց, որ միջադեպի կապակցությամբ քննություն է կատարվում, որը չի ավարտվել։ «Ոչինչ չեմ կարող ավելացնել», - ասաց մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանը։ Միաժամանակ, գիտակցելով իրավիճակի լրջությունը, այսօր կոմիտեյի նախագահն իր տեղակալին՝ Շուշան Ներսիսյանին գործուղել է Բագրատաշեն։ 

Վերջինս հայտնի սոցցանցի իր էջում գրել է ։ «ՊԵԿ նախագահի հրամանով մեկ շաբաթով գործուղվել եմ Բագրատաշեն և աշխատելու եմ այստեղից։ Խնդիրներ կան, խնդիրները գույքագրված են և խնդիրները շատ արագ լուծվող են, բայց խնդիրների մասին առանձին կգրեմ վաղը։ Այսօր ուզում եմ ասել հետևյալը․ Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և հպարտ եմ, որ ծառայում եմ հենց մաքսային մարմիններում»,- գրում է Ներսիսյանը։ 

Նա նկարագրել է, թե ինչ է տեսել Բագրատաշենում․ «Մի ժամվա ընթացքում մեկը փորձում է առանց մաքսազերծելու միրգ ներմուծել, քանի զբաղվում ես այդ մեկի հարցով, տեսնում ես, որ կողքից փորձում են սայլակներով ապրանք հանել տարածքից, 5 րոպյից հաջորդն ուզում է առանց մաքսազերծելու մեկ այլ ապրանք ներմուծել, պտտվում տեսնում ես մի վարորդ բղավում է, որովհետև իր բեռի քաշը փաստաթղթերում նշվածից 2 տոննա ավել է և հրաժարվում է նույնիսկ զրուցել մաքսավորի հետ, որ ավելցուկի աղբյուրը պարզվի և այսպես շարունակ 24 ժամ»։  Նրա գրառման մյուս մասը, որը կանացի էմոցիաներ է պարունակում, բաց ենք թողնում։ 

Ասում եք՝ խնդիրներ կան, ինչ խնդիրներ եք նկատել և արդյոք խոսել եք կետի պետ Վանունու հետ, որը մարդ է ծեծում այդտեղ։ Այս հարցերին Շուշան Ներսիսյանը չցանկացավ պատասխանել։ «Ես հիմա աշխատում եմ, տնտեսվարողներն ինձ են սպասում, չեմ կարող պատասխանել ձեր հարցերին։ Այդ միջադեպի հարցով քննություն է գնում, արդյունքների մասին կտեղեկացնենք», -ասաց Շուշան Ներսիսյանը։ Արդյո՞ք հետաքրքրվել եք, ինչ է կատարվել այդտեղ։ Ի վերջո, մաքսակետի պետը բռնություն է իրականացրել գործարարի նկատմամբ։ Սրանից կարևոր հարց կ՞ա։ Մեր հարցերը Շուշան Ներսիսյանը քաղաքավարի կերպով «իգնոր» արեց, պատճառաբանելով, որ խիստ զբաղված է։ 
Մինչդեռ, մաքսայինում կարգուկանոնը, միակ կետն էր, որով նոր իշխանությունները եթե հպարտանում էին, նրանց առարկող գրեթե չէր լինում։